Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Պուտինի այցելությունը Բաքու հասկանալիորեն ավելի բարձրացրեց արդեն իսկ որոշակի նախադրյալների հիման վրա Երեւանում ստեղծված մտահոգության ալիքը: Տարաբնույթ մեկնաբանությունները շարունակում են հեղեղել մամուլի ասուլիսների, մեկնաբանական հոդվածների եւ վերլուծական փորձերի առանցքային նյութերով հագեցվողտարածքները:
Այս բոլորը սկսվեց, երբ հրապարակվեց Ռուսաստանի կողմից Բաքվին սպառազինելու համար վաճառված զինուժի տարողությունը: Դեպի Բաքու նկատվող ռուսական ջերմացման այս աստիճանաչափի կտրուկ բարձրացումը տարբեր պատճառներ կարող է ունենալ: Հայկական դիտակետից գործընթացը արժեւորելու ընթացքում, անշուշտ ոչ պետք է ողբերգականացնել երեւութը եւ ոչ էլ թերագնահատել այն, անվերջ հանկերգելով, որ դա որեւէ ձեւով չի կարող ազդեցություն ունենալ Երեւան-Մոսկվա ռազմավարական հատուկ գործընկերության վրա:
Քաղաքական տրամաբանության համահունչ նախադրյալներ են պարփակում այն պնդումները, որոնք ներկա ժամանակահատվածին առնված ռուսական քայլը բացատրում են Եվրամիության ասոցացման փաստաթղթի նախօրյակին դիպուկ ուղերձներ փոխանցելու մղումով: Ի վերջո Եվրասիան եւս առաջարկվող ուղի է Երեւանի համար. Եւ առաջարկողը ուրիշ կողմ չէ,եթե ոչ ռազմավարական գործընկերը կամ Ադրբեջանը սպառազինողը:
Պատճառահետեւանքային տրամաբանությունը կարելի է երկարել այլ մղումներ եւս տեսնելու համար Մոսկվայի կողմից առնված եւ առնվող քայլերի հետևում: Հիմա, կենտրոնանանք մի քանի դիտարժան կետերի վրա, որոնք ընդհանուր առմամբ արձանագրվել են Բաքվում կայացած միջնախագահական համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է միայն քաղաքական լուծում ունենալ: Իսկ ահա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարծիքով, ԼՂՀ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա: Վերջինս նաեւ հիշեցրել է «պատմական արդարության» մասին եւ նշել, որ Ռուսաստանը մեծ դեր խաղում հակամարտության հանգուցալուծման գործում: Ալիեւի խուսանավումը այստեղ նախնական է:
Ալիեւը նախ փորձ է կատարում չվերարտադրելու իր ռուս պաշտոնակցի կատարած հայտարարության ընթացքում օգտագործված բառեզրը, որովհետեւ դա ուղղակի հակադրվում է ներքին սպառման համար տարիներ ի վեր իր կողմից շահարկված եւ տակավին շահարկվող ռազմատենչ հռետորաբանությանը, որը բարձրակետի էր հասել վերջերս: Նույնիսկ պատերազմի նախապատրաստություններ տեսնելու եւ զորակոչի խաբկանք ստեղծելու ուղղությամբ հայտարարություններ կատարելով: Փոխարենը, նա խոսում է միջազգային օրենքի հիման վրա հարցը լուծելու մասին, ինչը որ, բնականաբար, պետք է հասկանալ տարածքային ամբողջականության սկզբունքը գերադասելով:
Ակնկալությունը շարունակության մեջ է. Ռուսաստանը, որը մեծ դերակատարություն ունի հակամարտության հանգուցալուծման մեջ, պետք է վերականգնի պատմական արդարությունը: Տարածաշրջանում մեծ դերակատարը սակայն, կրկնում է այն, ինչ որ համանախագահները ասել են ու կշարունակեն ասել. խնդրի լուծումը բացառապես քաղաքական հարթության վրա պետք է տեսնել:
Բայց…ռուսական վտանգավոր խաղը շարունակվում է: Վեց միլիարդ դոլարի համապատասխան սպառազինել կողմը, որ հակամարտության մեջ է իր ռազմավարական հատուկ գործընկերոջ հետ եւ հետո հայտարարել, որ խնդիրը պետք է բացառապես քաղաքական ճանապարհով լուծել: Եւ խաղը շարունակվում է. երեքշաբաթի օր, գրեթե միաժամանակ Պուտինի Բաքու այցելության, նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում էր Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին: ՀՀ Նախագահի պաշտոնական կայքը հայտնում էր, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ խոսել են երկու ռազմավարական դաշնակից պետությունների միջեւ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման բարձր մակարդակի մասին եւանդրադարձել ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ռազմաարհեստագիտության համագործակցության ամրապնդման եւ խորացման ուղղված ծրագրերին: Սերժ Սարգսյանն ու Ալեքսանդր Ֆոմինը քննարկել են ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ պաշտպանության ոլորտի փոխգործակցության հետագա ընդլայնման վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Ին՞չ է ստացվում. Ստացվում է այն, որ Ռուսասատնը մեծ չափերով զինում է Բաքվին, հետո Բաքվում հայտարարում, որ հարցերը բացառապես պետք է քաղաքական մակարդակով լուծել:Բաքվին զինելու եւ նրա հետ նոր պայմանագրեր ստորագրելու ընթացքում, նույն օրերի ճշտապահությամբ, Մոսկվայի ներկայացուցիչը պաշտպանության ոլորտի համագործակցության ծիրը ընդլայնելու բանակցություններ է վարում հայկական կողմի հետ:
Արդյունքն այն է, որ վտանգավոր խաղի կանոնները թելադրում է Մոսկվան միաժամանակ թե՜ Երեւանին եւ թե՜ Բաքվին: Առաջին հայացքից թվում է, թե հայկական կողմը կոչ է ուղղում Բաքվին չներքաշվելու այս վտանգավոր խաղի մեջ: Երեկ պարզ դարձավ, որ Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնում Ադրբեջանի հետ երկխոսություն սկսել ջրային պաշարների համատեղ կառավարման շուրջ: Կարեւորը երկխոսություն ստեղծելու կամ բանակցային սեղանի շուրջ նստելու առաջարկն է, որ համահունչ է նաեւ Պուտինի` Բաքվում հայտարարած քաղաքական ճանապարհ ընտրելու կոչին եւ ոչ՝ նույն Մոսկվայի կողմից Բաքվին հսկայածավալ զինելուն:
Դա արդեն Բաքվին ուղղված վտանգավոր խաղին մասնակցելու առաջարկ է: Իսկ ռուսական վտանգավոր խաղը աշխարհին ծանոթ է ռուլետկա անունով: Ռուսական ռուլետկա:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր