կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-10 15:55
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը Վլադիմիր Վարդանյանը նմանեցրեց Աստանան Նուր-Սուլթանով փոխարինելու հարցին

Այս նախագիծը վերաբերում է այնպիսի փոփոխության, որի պարագայում Վենետիկի հանձնաժողովի ասելիքը շատ քիչ է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Սահմանդրության փոփոխության նախագծի մասին Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական գնահատականը ստանալու հարցին։

Վենետիկի հանձնաժողով կուղարկե՞ն, թե՞ ոչ, վերջնական պատասխան նա չասաց․ «ԵԽԽՎ մոնիթորինգի խմբի համազեկուցողների հորդորն է եղել այս նախագիծը ներկայացնել Վենետիկի հանձնաժողովին՝ հրատապ ընթացակարգով քննարկելու համար։ Այս հարցը լրացուցիչ քննարկման կարիք ունի և այս հարցին կանդրադառնանաք ավելի ուշ»։

Միայն ընդգծեց, որ Սահմանադրական փոփոխությունների մի շարք հարցեր պարտադիր չէ ուղարկել Վենետիկի հանձնաժողով։ Իբրև օրինակ բերեց այն դեպքերը, երբ պետությունը որոշել է իր զինանշանը կամ մայրաքաղաքը փոփոխել և հիշեցրեց Աստանան Նուր-Սուլթանով փոխարինելու պարագան։

Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովի հետ շատ շարունակում են ակտիվ աշխատել՝ Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություները ուղարկել են Վենետիկի հանձնաժողով, ինքը ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցելու ընթացքում հանդիպել է Վենետիկի հանձնաոժղովի անդամների հետ, քննարկել ենա Սահմանդրական փոփոխությունների հանձնաժողովի կազմը, մոտակա աշխատանքները և նաև ակնկալել են շարունակական աշխատանք։

«Իմ քայլի» պատգամավորը պարզաբանեց՝ ինչո՞ւ է հարցը տեղափոխվել հանրաքվեի․ «ՍԴ-ն կոչված է, որ լուծի վեճերը սահմանադրական մարմինների միջև։ Բայց ժամանակակից Սահմանադրությունները չեն պատասխանում այն հարցին, թե ի՞նչ անել, եթե վեճը լուծող մարմնի հետ է վեճ առաջանում։ Իմ համոզումն է, որ 213 հոդվածը չէր կարող փոխվել ԱԺ-ի կողմից, որովհետև այդ հոդվածը ամբողջությամբ վերաբերում է դատական իշխանությանը։ Դատական իշխանության վերաբերյալ 7-րդ գլուխը փոփոխման ենթակա է միայն և միայն հանրաքվեի միջոցով և մենք այստեղ իրոք կչարաշահեինք մեր լիազորությունները, եթե մենք այլ լուծման գնայինք»։

Դեպի հանրաքվե՝ նախագծի ճանապարհը նա ներկայացրեց հետևյալ կերպ․ «Նախագահը ստորագրել է հրամանագիր, նշանակել է հանրաքվեի օր՝ դա ապրիլի 5-ն է։ Դրանից ելնելով՝ ԿԸՀ-ն պետք է կազմի ժամանակացույց, և ըստ դրա պետք է ձևավորվեն «այո»-ի և «ոչ»-ի շտաբները, պետք է սկսվի քարոզարշավը, բաշխվեն եթերաժամանակները, հստակեցվեն հանձնաժողովների ձևավորման կարգերը»։

Հիշեցնենք, որ իշխող՝ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխության հանրաքվե, որով մտադիր է դադարեցնել ՍԴ 7 անդամի լիազորությունները։ Փոփոխությունը վերաբերում է Սահմանադրության 213 հոդվածին։ Գործող հոդվածը սահմանում է. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը․ Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը։ Մինչդեռ նախագիծն առաջարկում է հետևյալ փոփոխությունը. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը․ Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»։

Մանրամասն՝ տեսանյութում․