կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-18 14:36
Քաղաքական

Արծվիկ Մինասյանը ՀՀԿ-ական պատգամավորին նմանեցրեց Լյուդովիկոս 14-րդին

Արծվիկ Մինասյանը ՀՀԿ-ական պատգամավորին նմանեցրեց Լյուդովիկոս 14-րդին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, հետաքրքիր բանավեճ ծավալվեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ու հիմնական զեկուցող` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի միջև:

 

Հակոբ Հակոբյանն անվերապահորեն պաշտպանում էր կառավարության ներկայացրած օրինագիծը, անգամ` շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին:

 

Արծվիկ Մինասյանը հարցրեց. «Պարո'ն Հակոբյան, Ձեզ լսելով` ես տպավորություն եմ ստանում, որ Դուք Լյուդովիկոս 14-րդն եք, ով ասում էր`«պետությունը ես եմ»: Տեղի, անտեղի, սխալ, անսխալ` քաղաքականության հերն անիծեցիք: Հարցը ինչ թեմայով են տալիս, Դուք ուրիշ բանի մասին եք խոսում»: Պատգամավորը նաև տարակուսեց, որ լավ նախագիծը խառնել են վատ նախագծի հետ, և ինքը չի հասկանում, թե դրա տրամաբանությունը որն էր:

 

Արծվիկ Մինասյանը վստահ չէ, որ կառավարության օրինագիծը լուծում է հիմնական` ժողովրդագրական խնդիրը: «Այդքան ոգևորված որ ներկայացնում եք կառավարության օրինագիծը, բայց Դուք հանդիպե՞լ եք հանրության հետ, կարողացե՞լ եք նրանց համոզել, որ սոցիալական առաջընթացի տեսակետից ձեր փոփոխություններն արդարացված են: Չէ՞ որ խախտված է մարդկանց հավասարության սկզբունքը»,- ասաց նա:

 

ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը հեգնեց. «Ես ինչքան գրքեր որ կարդացել եմ, ուսումնասիրել եվրոպական երկրների փորձը, բոլորը հենվում են Արծվիկ Մինասյանի ասածների վրա` որպես սոցիալական ճշմարտության դոկտրինի հայր»: Պատգամավորը հիշեց այն փաստը, որ Դաշնակցությունը կողմ է հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին, ինչը, ըստ Հակոբ Հակոբյանի, հակասահմանադրական է: «Ինչո՞ւ դուք կարող եք հակասահմանադրական փոփոխություն պահանջել, ես չեմ կարո՞ղ ասել, որ վերջապես մենք կարողանում ենք մի լավ բան անել, որն օգնում է չաշխատող մորը»,- ասաց նա:

 

Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Այսպես որ գնա, Դուք նաև ցուցակային նպաստներ էլ կսկսեք պաշտպանել: Ի՞նչ կապ ուներ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգն իմ բարձրացրած հարցի հետ, ես չհասկացա: Եվ հետո` դոկտրինի հղման կարիք չկա, կուտակայինի հայրն էլ եք Դուք»: