կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-06 20:09
Աշխարհ

Ինչպես ցարը սուլթանի հետ, կամ՝ Պուտինի և Էրդողանի համաձայնության գլխավոր փորձը

Ինչպես ցարը սուլթանի հետ, կամ՝ Պուտինի և Էրդողանի համաձայնության գլխավոր փորձը

Սիրիայում և Լիբիայում Ռուսաստանի ու Թուրքիայի միջև տարաձայնություններն ավելանում են: Դարձյալ պատերազմի հո՞տ է գալիս: Ոչ, Սիրիայում և Լիբիայում իրադարձությունները նման են ռուս-թուրքական նոր՝ «սրտառուչ համաձայնագրի» նախապատրաստության: Եթե այդ փորձը հաջողությամբ պսակվի , Պուտինն ու Էրդողանը նոր լուրջ խաղ կսկսեն.  ըստ yerkir.am-ի՝ վերլուծում է լեհական  Gazeta Wyborcza-ն: 

Երբ 2015-ի նոյեմբերին Թուրքիան խոցեց սիրիական սահմանի մոտ հայտնված ռուսական կործանիչը, և ինքնաթիռից դուրս թռած օդաչուներից մեկը սպանվեց Թուրքիայի կողմից հովանավորվող ապստամբների կողմից, աշխարհը շունչը պահեց: Մոսկվան սպառնում էր ամենակոշտ պատասխան քայլերով: ՆԱՏՕ-ն կանգնեց Թուրքիայի կողքին: Պատերազմի հոտ էր գալիս: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ «թուրքական ղեկավարությունից ինչ-որ մեկը որոշել է լպստել ամերիկացիների համապատասխան տեղը»:

Սակայն արդեն կես տարի անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհված օդաչուի ընտանիքին ցավակցություններով նամակ հղեց, որը Կրեմլում որոշեցին ընդունել որպես ապաշխարության դրսևորում:

Հետո Թուրքիայում տապալվեց չհաջողված իշխանափոխության փորձը, իսկ Էրդողանի գլխավոր թշնամին դարձան իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը (Անկարան նրան է կասկածում հեղաշրջումը կազմակերպելու մեջ) և իբր նրան ենթարկվող զինվորականները, որոնք պատրաստություն էին անցել ԱՄՆ-ում: Այդ պատասխանատու պահին Էրդողանին աջակցություն ցուցաբերեց Պուտինը, իսկ ամերիկացիները մինչ օրս հրաժարվում են արտահանձնել ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին:

Հեղաշրջման փորձից հետո Էրդողանի առաջին արտասահմանյան այցը Պետերբուրգ էր, որտեղ հաշտվեց Պուտինի հետ: Երկուսն էլ մեծացել էին մեծ քաղաքների՝  հանցավոր խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջաններում և գիտեին, որ տեղական իշխանիկին թույլատրվում է ամեն ինչ, բացի գլխավոր բոսի դեմ ընդվզումից: Հարաբերությունները ծաղկում ապրեցին, չնայած ՆԱՏՕ-ի արգելքին՝ Անկարան գնեց ռուսաստանյան Ս-400-ները, ռուսաստանյան ատոմային ռեակտոր ձեռք բերեց, կառուցեց ռուսական գազը Եվրոպա տեղափոխող խողովակաշար և ամերիկացիներին մեղադրեց, թե Սիրիայում պաշտպանում են «ահաբեկիչներին»: ՆԱՏՕ-ի որոշ երկրներում Թուրքիայի անդամակությունը դաշինքին սկսեցին համարել ձևականություն:

Դարձյալ պատերազմի հո՞տ է գալիս

Վերջերս Սիրիայի կառավարական ուժերը գնդակոծեցին թուրքական դիրքերը Իդլիբ նահանգում՝ սպանելով մի քանի զինվորականների: Թուրքական կողմը պատասխանեց հրետանային, ականանետային կրակով՝ լուրջ վնասներ հասցնելով սիրիացիներին, իսկ Անկարայի հովանավորյալ գրոհայինները սպանեցին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության 4 աշխատակցի: Հյուսիսային ճակատի մյուս մասում ՝ սիրիական Քուրդիստանում, որտեղից թուրքերը դուրս էին մղել ամերիկացիներին, Ռուսաստանն ու Թուրքիան դադարեցրին համատեղ պարեկությունը: Անկարան և Մոսկվան միմյանց  մեղադրեցին պայմանավորվածությունները չկատարելու մեջ:

Ավելին՝ թուրքական նավերը լիբիական Տրիպոլի տարան հարյուրավոր սիրիացի վարձկանների, որոնց նպատակը  քաղաքացիական պատերազմում մարշալ  Հաֆթարի բանակից (այնտեղ 1200 ռուսաստանցի վարձկան կա) պարտություն կրող լիբիական կառավարությանը պաշտպանելն է:

Ինքը՝ Էրդողանը, պաշտոնական այցով մեկնեց Կիև, որտեղ դատապարտեց Ղրիմի անեքսիան և Ռուսաստանի կողմից Ղրիմի թաթարների հետապնդումները, նաև ռազմական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրեց՝ թուրքերը ուկրաինական բանակին հատկացումներ են անելու:  Դարձյալ պատերա՞զմ:

Ոչ, Թուրքիան խաղադրույքներն է բարձրացնում, սակայն հեռուն գնացող ծրագրեր ունի: Դեռ շարունակում է հուսալ, որ Մոսկվան կճանաչի Կիպրոսի թուրք անջատողականների հանրապետությունը, նաև՝ Տրիպոլիի հետ ծովային սահմանի մասին համաձայնագիրը, որը Թուրքիային հնարավորություն է տալիս վերահսկողություն սահմանել նավթի և գազի հունական ու կիպրական հանքավայրերի վրա:

Եթե դա տեղի ունենա, Կիպրոսի բաժանումը կդառնա փաստ, իսկ Աթենքն ու Նիկոսիան ստիպված կլինեն իրենց իրավունքները պաշտպանել ուժային մեթոդներով, ինչը, իհարկե, անիրական է: Մոսկվայի համար իրադարձությունների նման զարգացումը կնշանակի դավաճանել ուղղափառ դաշնակիցներին, սակայն Թուրքիայի ու Արևմուտքի պառակտումն այդ գինը գուցե արժե:

«Սրտառուչ համաձայնագրի» գլխավոր փորձը

Անկարան արդեն հարմարվել է մտքի հետ, որ Ասադը հաղթել է Իդլիբում: Միաժամանակ, Ռուսաստանը մշտապես լավ հարաբերություններ է ունեցել քրդերի հետ, որոնց դավաճանեց ԱՄՆ նախագահ Թրամփը, և կարող է ամեն պահի վերաակտիվացնլ նրանց: Իսկ ինքնավար սիրական Քուրդիստանի ստեղծումը գոյության սպառնալիք է Թուրքիայի համար: Եթե Սիրիայի հարցում հաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել, ապա Մոսկվան պարզապես  կարող է  հրամայել Հաֆթարին՝ Տրիպոլիում հաղթանակից հետո կատարել Անկարայի հետ պայմանավորվածությունները: Մի խոսքով՝ Սիրիայում և Լիբիայում իրադարձությունները նման են ռուս-թուրքական նոր «սրտառուչ համաձայնագրի» նախապատրաստմանը («սրտառուչ համաձայնագիր» տերմինը կիրառվել է Ֆրանսիայի հետ Բրիտանական կայսրության՝ 1904-ին կնքված՝ գաղութային հարցերին վերաբերող մի շարք համաձայնագրերի համար), ինչը չի հաջողվել ցարերին ու սուլթաններին: Ռուսաստանն ու Թուրքիան ավանդաբար թշնամի երկրներ են եղել, սակայն եթե հիմա մերձենալու փորձը հաջողությամբ պսակվի, Պուտինն ու Էրդողանը կարող են ավելի լուրջ խաղ սկսել: Այդ ժամանակ ԱՄՆ-ին ոչինչ չի մնա անել, քան այլևս ՆԱՏՕ-ի տարածք չհամարվող Ինջիրլիքի ռազմակայանից  միջուկային ռումբերը դուրս բերելը: