կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-06 13:33
Աշխարհ

Ես դեռ չեմ տեսել Էրդողանի ստորագրությունը. Զելենսկին՝ Թուրքիայի՝ երաշխավոր լինելու համաձայնության մասին

Ես դեռ չեմ տեսել Էրդողանի ստորագրությունը. Զելենսկին՝ Թուրքիայի՝ երաշխավոր լինելու համաձայնության մասին

Մի քանի երկրներ արդեն պատրաստակամություն են հայտնել դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը։ Դրանց թվում են Թուրքիան, Գերմանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան։ Թվարկված պետությունները դրական են վերաբերվում Ուկրաինային, սակայն դա բավարար չէ։ Այս մասին ապրիլի 5-ին Համաուկրաինական հեռուստամարաթոնին մասնակցող հեռուստաալիքների լրագրողների համար հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկին նշել է, որ ակնկալում է կոնկրետ գործողություններ, այլ ոչ թե դատարկ թղթեր։ Նրա խոսքով՝ Կրեմլը փոխզիջումային որոշումներ կկայացնի՝ հաշվի առնելով, թե որ երկրներն են հանդես գալու որպես Ուկրաինայի անվտանգության երաշխավոր։

«Եթե մենք Սև ծովում անվտանգության երաշխիքներ ունենանք, Թուրքիան պետք է այնտեղ լինի»,- ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ Թուրքիան հաստատել է իր պատրաստակամությունը՝ հանդես գալ որպես երաշխավոր, սակայն առայժմ դրանք ընդամենը խոսքեր են։

«Առայժմ ես չեմ տեսել Էրդողանի ստորագրությունը, մենք չենք հանդիպել անվտանգության խորհրդականների հետ, ոչ ոք ընդհանուր ըմբռնման չի եկել»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պատրաստ է հանդես գալ որպես Ուկրաինայի անվտանգության երաշխավոր։