կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-27 18:46
Աշխարհ

Թեհրանի ինչին են պետք Վաշինգտոնի հետ բանակցությունները

Թեհրանի ինչին են պետք Վաշինգտոնի հետ բանակցությունները

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը գերմանական Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում անսպասելի հայտարարություն է արել, թե Իրանը չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները: «Ես երբեք չեմ բացառում այն բանի հնարավորությունը, որ մարդիկ կփոխեն իրենց մոտեցումը և կընդունեն իրերի իրական դրությունը: Մեզ համար կարևոր չէ, թե ով է նստած Սպիտակ տանը: Մեզ համար կարևոր է, թե ինչպես են նրանք իրենց դրսևորում: Թրամփի վարչակազմը կարող է փոխել անցյալը, վերացնել պատժամիջոցները և վերադառնալ բանակցություններին: Մենք մինչ օրս էլ բանակցությունների սեղանի շուրջն ենք: Նրանք են հեռացել»,- ասել է նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արագ արձագանքել է. «Իրանի արտգործնախարարն ասում է, որ Իրանը ցանկանում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների մեջ մտնել, որպեսզի պատժամիջոցները չեղարկվեն: Ոչ, շնորհակալություն»:

«Ինտրիգն այստեղ այն է, որ Թեհրանը փորձ է անում ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունները վերադարձնել մինչ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը եղած վիճակը, ինչը փոքր-ինչ անսպասելի է»,- ըստ yerkir.am-ի՝ գրում է Regnum-ը:

Ավելի վաղ Զարիֆը ABC News-ին ասել էր, որ Վաշինգտոնի հետ նոր բանակցություններ այնքան էլ հավանական չեն, քանի որ «բանակցությունները ճնշման գործընթացի շարունակությունն են», և «դա գուցե աշխատում է անշարժ գույքի շուկայում, սակայն չի աշխատում Իրանի հետ հարաբերություններում»: Հետո նա «վեցյակի» (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ռուսաստան, Չինաստան) ձևաչափը համարել էր ամենահարմար տարբերակը Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների համար:

Իսկ ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելի Քրաֆթը Անվտանգության խորհուրդ նամակ էր ուղարկել, որում հայտարարվում էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է առանց նախապայմանների լուրջ բանակցություններ սկսել Իրանի հետ՝ նպատակ ունենալով կանխել միջազգային խաղաղությանն ու անվտանգության ուղղված հետագա սպառնալիքները: Նախապայման ասելով՝ ամերիկացիները նկատի ունեն Թեհրանի պահանջը՝ նախ՝ վերացնել պատժամիջոցները, հետո՝ բանակցություններ սկսել:

Այսինքն՝ կարծես արտաքուստ ոչինչ չի փոխվել՝ չհաշված այն, որ հիմա էլ Իրանն է խոսում բանակցությունների մասին: Ի՞նչ է կատարվում:

«Թեհրանին չի հաջողվում պառակտում մտցնել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև, թեև նրանք խոսքերով տարակարծիք են Իրանի միջուկային ծրագրի կարգավորման հեռանկարների հարցում: Ըստ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ «եվրոպական երկրները կարող են կրկնել ԱՄՆ-ի սխալները»: Նրանք դեռևս չեն գործարկել Իրանի հետ ֆինանսական հաշվարկներ ապահովող  INSTEX մեխանիզմը, որը շրջանցում է ամերիկյան պատժամիջոցները: Ներկայումս եվրոպացիներն առաջարկում են միջուկային գործարքի շրջանակում ծագած վեճերը լուծել ՄԱԿ-ի ԱԽ-ում. եթե Թեհրանը խախտի միջուկային պայմանավորվածությունները, նրա նկատմամբ զանգվածային  հակաքարոզչություն կսկսվի, իսկ ԱԽ-ն Իրանին մեղադրող նոր բանաձև կդնի քվեարկության»,- գրում է Regnum-ը՝ մեջբերելով այս կապակցությամբ իրանական Etemaad պարբերականի կարծիքը, որ իրանական դիվանագիտությունը լավ չէր հաշվարկել իրավիճակը, թեև շատերն ի սկզբանե համոզված էին, որ «եվրոպացիներն ու ամերիկացիները լրջորեն վիճելու են Իրանի պատճառով»: Սխալների թվում է, ըստ իրանական պարբերականի,  նաև այն, որ «ռուսներն ու չինացիները համարյա ամբողջ պատասխանատվությունը դրեցին ԵՄ-ի վրա»:

Regnum-ի հոդվածագրի կարծիքով՝ Իրանի իշխող դասի որոշակի հատված երկյուղում է, որ որոշակի պայմաններում և հանգամանքներում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի դիրքորոշումները կարող են մերձենալ, և տարածաշրջանում ռազմա-քաղաքական իրավիճակը կարող է այնպես դասավորվել, որ Թեհրանի հետ Մոսկվայի դաշինքը լինի բացառապես մարտավարական համագործակցության ուղղությամբ: Իրավիճակը փոխելու համար իրանցիներին հարկավոր են բազմանիստ քաղաքական-դիվանագիտական ջանքեր ու ժամանակ:

Բացի դրանից՝ չի աշխատում շանտաժի մարտավարությունը՝ հարստացված ուրանին վերադառնալու և միջուկային ծրագիրը վերսկսելու սպառնալիքը:

Բոլոր նախանշաններով, ըստ  Regnum-ի, Իրանում սկսում է գործել նաև ներքին գործոնը: Թվում էր գեներալ Սոլեյմանիի սպանությունը սկսել է համախմբել հասարակությունը, իսկ գերագույն հոգևոր առաջնորդ՝ այաթոլլա Ալի Խամենեին հանդես էր գալիս այն բանի օգտին, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատերազմ մղի Իրանի սահմաններից հեռու, սակայն ուկրաինական ինքնաթիռի խոցման ողբերգական միջադեպը ցույց տվեց, որ իրանական ղեկավարությունն ունի ճաքեր, որ պայքար է գնում արտաքին ու ներքին քաղաքականության մեջ առաջնահերթությունների փոփոխման վերաբերյալ:

Որոշ փորձագետների կարծիքով՝ այդ երևույթներն ուղեկցվում են գաղափարախոսության ոլորտում ճգնաժամով: Շատերն, օրինակ, ուշադրություն դարձրեցին այն բանին, որ Ռոհանին անսպասելիորեն լքեց մզկիթը ուրբաթ օրվա աղոթքից անմիջապես հետո, որը գլխավորում էր Խամենեին, չողջունեց նրան, չսպասեց նրա օրհնությանը: Փաստ է նաև այն, որ այաթոլլայի հասցեին քննադատություն է հնչում նաև նրա ավանդական կողմնակիցների ճամբարից, և կարգավորված համակարգում արդեն խափանումներ են լինում:

Ըստ Regnum-ի՝ այդ իմաստով Ռոհանին, որի կերպարն ընկալելի է և՛ Ռուսաստանում, և՛ Արևմուտքում, կարող է զգալի նշանակություն ձեռք բերել: Եվ պատահական չէ, որ ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայության փորձագիտական զեկույցում  նշվում է, որ Թրամփի վարչակազմի՝ առավելագույն ճնշման արշավը խախտել է Ռոհանիի դիրքերը և չի հանգեցրել Իրանի հիմնական ռազմավարական նպատակների փոփոխության, թեև զգալի ազդեցություն է ունեցել Իրանի տնտեսության վրա:

Միաժամանակ, չի կարելի անտեսել հանգամանքը, որ Վաշինգտոնն ու Թեհրանը, չնայած բուռն տարաձայնություններին ու խնդիրներին, ոչ պաշտոնական մարտավարական համագործակցության ընդհանուր փորձ են կուտակել Իրաքում ու Աֆղանստանում և ԻՊ-ի դեմ պայքարում, և որոշակի պահի ու որոշակի պայմաններում դա կարող է պահանջարկ ունենալ: Չի բացառվում, որ հենց այդ խաղաքարտն էլ խաղի մեջ է դնում Զարիֆը: