կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-26 12:33
Աշխարհ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ի՞նչ է հիմա տեղի ունենում կորոնավիրուսի էպիկենտրոնում. Պատմում են Ուհանում բնակվող արտասահմանցիները

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ի՞նչ է հիմա տեղի ունենում կորոնավիրուսի էպիկենտրոնում. Պատմում են Ուհանում բնակվող արտասահմանցիները

2019-nCoV կորոնավիրուսի բռնկումը Ուհանն անճանաչելիորեն փոխել է, որը Չինաստանի խոշոր քաղաքներից մեկն է: Քաղաքի, ինչպես եւ այլ քաղաքների հետ ավտոբուսային, երկաթուղային եւ ավիահաղորդակցությունը հիմա ընդհատվել է, որ կանխվի վիրուսի տարածումը: Մարդիկ վախենում են փողոց դուրս գալ եւ ամեն տեղ բժշկական դիմակներ են կրում:

Ռուսաստանցի Սաբինա Պոլյակովան, որն արդեն 8 ամիս ապրում է Ուհանում, ria.ru-ին պատմել է, որ քաղաքում իրավիճակը վատթարանում է:

«Ես ինձ ֆիզիկապես նորմալ եմ զգում, բայց տրամադրությունս ընկճված է, որովհետեւ քաղաքը փակ է, եւ ես չեմ կարող որեւէ տեղ գնալ հանգստանալու, չնայած նախատեսել էի հարավ ծով գնալ: Ընդհանրապես փակ քաղաքում մեծ ճնշում, սթրես ես զգում: Դրան հավելած երկար ժամանակ եղանակն ամպամած է: Ճնշող վիճակ է»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ վերջերս եղել է Ուհանի Հուանան ծովամթերքի մեծածախ շուկայում, որը համարվում է վարակի տարածման աղբյուրը: Վիրուսի հայտնաբերումից հետո շուկան փակել են եւ ախտահանել:

Չոնգթան Պեպե Բիֆհովիթը ծնունդով Հնդկաստանից է, սակայն սովորում է Ուհանի Wuhan University of Technology-ում: BBC-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ դեռեւս մեկ շաբաթ առաջ ամեն ինչ, թվում էր, վերահսկվում էր, իսկ այժմ իրավիճակը կտրուկ փոփոխվել է, եւ դա նրան անհանգստացնում է, քանի որ նախկինում նա երբեք չէր հայտնվել նմանատիպ իրավիճակում:

Նրա խոսքով՝ համալսարանում ամեն օր չափում են ուսանողների ջերմությունն ու առաջարկում բոլորին անվճար բժշկական դիմակներ: Նաեւ համալսարանի մոտ կա սեփական հիվանդանոց եւ շտապ օգնություն:
«Մեզ խորհուրդ են տալիս լվանալ ձեռքերն ամեն ժամ, չսնվել փողոցում, մշտապես կրել դիմակ մեր սենյակներից դուրս գալու դեպքում: Հիմնականում մենք նստած ենք մեր սենյակներում եւ հանդիպում ենք միայն հարեւան սենյակների ընկերների հետ»: 

Մեկ ուրիշ ուսանողուհին, որը ցանկացել է անանուն նմալ, պատմել է, որ ապրում է ուսանողական կամպուսում եւ քիչ է տեղեկացված, թե ինչ է կատարվում քաղաքում: Նրա խոսքով, ուսանողները կիսվում են լուրերով չաթերում, սակայն դրանց մեծամասնությունն իրականությանը չի համապատասխանում: Այսպես, օրինակ, ինչ-որ մեկն ասել էր, որ իշխանությունները պատրաստվում են ախտահանել օդը քաղաքում ինչ-որ սփրեյի միջոցով, սակայն, ինչպես պարզ է դարձել, դա ապատեղեկատվություն էր:

Ֆիլիպիններից Ջան Ռոբերտ Գոուն սովորում է Central China Normal University-ում: նա պատմել է BBC News-ին, որ ուսանողներին խորհուրդ են տվել դուրս չգալ կամպուսում իրենց սենյակներից, կրել դիմակներ եւ պարբերաբար լվացվել: 

«Ես բնակվում եմ համալսարանին կից կամպուսում, եւ մեզ տալիս են անվճար դիմակներ ու օճառ, որպեսզի մենք կարողանանք լվացվել: Համալսարանը մեզ տալիս է անհրաժեշտ ամեն ինչ, եւ ես ինձ պաշտպանված եմ զգում»:

Wuhan University-ից Դանիել Պեքարեքը պատմել է BBC-ին, որ վիրուսի մասին սկսել են խոսել դեռեւս դեկտեմբերին, սակայն այդ ժամանակ քչերն էին ուշադրություն դարձնում դրան: Իսկ այժմ կարծես բոլորը խելագարվել են:

«Ես անգամ չգիտեմ ինչ անել, քանի որ բոլորովին միայնակ եմ այստեղ՝ Ուհանում: Ես ունեմ մի քանի ընկերներ, որոնք նույնպես սովորում են համալսարանում: Մենք բոլորս որոշել ենք դուրս չգալ մեր սենյակներից»,-պատմել է նա:

Նրա խոսքով՝ ինքը կարող է դուրս գալ քաղաք եւ միայն զբոսնել, քանի որ հանրային տրանսպորտի աշխատանքը դադարեցված է:

Տեղի բնակիչների համար նույնպես բարդ շրջան է. վիրուսը խոչընդոտել էր երիտասարդ զույգի՝ Ջուդի Լյուի եւ նրա փեսացուի հարսանիքի արարողությանը: Նրանք Ուհանում էին համաճարակի ժամանակ, սակայն հասցրել էին մեկնել նախքան կարանտինի մասին հայտարարությունը: Սակայն ավելի ուշ փեսացուի մոտ բացահայտել էին թոքաբորբի նախանշաներ, եւ այժմ նա գտնվում է հիվանդանոցում:

Շատերը մեկնել էին ամանորյա արձակուրդների ժամանակ բարեկամների մոտ, սակայն արձակուրդից հետո, հնարավոր է, նրանց չհաջողվի վերադառնալ Ուհան աշխատանքի, քանի որ քաղաքը դեռեւս փակ է, եւ հայտնի չէ, թե որքան ժամանակ դա կտեւի:

Աղբյուրներ՝ ՌԻԱ Նովոստի, bbc.com, vesti.ua, bb.lv, dw.com, korrespondent.com, thestar.com, wionews.com, vnexpress.net, breibart.com