Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Սնունդը, հատկապես՝ միրգն ու բանջարեղենը թանկացել է Չինաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Ցզյանսի նահանգի Պինսիան քաղաքում, որտեղ բնակվում է Շուշանիկ Գասպարյանը։
NEWS.am Medicine-ի հետ զրույցում Շուշանիկը պատմել է, որ ամանորյա արձակուրդները Չինաստանում երկարաձգվել են, ինչի կապակցությամբ դպրոցները դեռ փակ են։ Մարդիկ աշխատում են ավելորդ անգամ տանից դուրս չգալ, շատերը մեծ քանակությամբ սննդամթերք են գնում՝ մի քանի օրվա համար։ Սննդամթերքը, սակայն, թանկացել է, հատկապես՝ մրգերն ու բանջարեղենը, նշում է Շուշանիկը։
Պինսիան քաղաքում, ըստ վերջին տվյալների, կորոնավիրուսի ընդամենը 2 դեպք է գրանցվել։ Պացիենտներից մեկը բուժվել է, մյուսի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։ Չնայած դեպքերը, ի տարբերություն այլ քաղաքների, շատ չեն, կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում։
Քաղաքում, Շուշանիկի խոսքով, խուճապ չկա, հասարակական տրանսպորտն աշխատում է։ Այնուամենայնիվ, բնակիչները ստիպված են դիմակներով շրջել, հատկապես՝ մարդաշատ վայրերում։ Շուշանիկը լսել է, որ մի քանի այլ քաղաքներում նույնիսկ տուգանք է սահմանված դիմակ չկրողների համար։ Իր քաղաքում նման տուգանքներ չկան, սակայն մարդկանց մեծամասնությունը պարտաճանաչ կերպով դիմակներ է կրում։
Շուշանիկի խոսքով՝ տեղի հայերը մշտապես կապի մեջ են։ Հայաստան վերադարձողներ կան, բայց պատճառն իրականում ոչ թե խուճապն է, այլ երկարաձգված արձակուրդները, երբեմն էլ՝ ընտանիքի անդամների անհանգստությունը։
Հիշեցնենք, որ Չինաստանում ավելի քան 7000 մարդ է վարակվել կորոնավիրուսով, գրանցվել է մահվան 170 դեպք: Վարակը սկսվել է Ուհան քաղաքից, այժմ քաղաքում ելումուտն արգելված է։
Հիվանդության հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հոգնածությունը, խորխով հազը։ Հիվանդությունը սովորաբար սկսվում է որպես շնչառական վարակ, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց հաճախ ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը։