Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում կառավարության՝ սպանդանոցներ հիմնելու մասին որոշումը անասպանապահ-մսագործների զայրույթը հարուցած որոշումը:
Առաջին հայացքից թվում է` շատ հաջող և առողջապահության տեսանկյունից հիանալի, անվտանգ ծրագիր է: Բայց ինչպես այս իշխանությունների առաջ քաշած օրենքների զգալի մասը, այս մեկը նույնպես ունի, այսպես ասած, ստվերային կողմ, կամ փաստեր, որոնց մասին ոչինչ չգիտեն Հ1-ի հեռուստադիտողները: Վերջիններիս իրավիճակը մատուցվում է այնպես, իբր` կառավարությունը մտահոգված է սպառողների առողջությամբ, իսկ, ահա, մսագործներ չարամտորեն ամեն բան անում են, նրանց առողջությունը փչացնելու համար: Բայց կառավարության անդամներից ոչ մեկը չի ուզում բարձրաձայն ասել ճշմարտությունը. անասնապահը խիստ տուժելու է այս նախագծից:
Այսպես, ըստ նոր օրենքի` մսի պիտանելիության մասին սպանդանոցից տրվող փաստաթուղթը` 5-րդ ձևը, անասնապահներին տրվում է 12.000 դրամի դիմաց (այս փաստի իսկությունը թեև չկարողացանք ճշտել թե՛ կառավարության կայքից (Կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 142 –Ն որոշումը տվյալ պահին բացակայում էր), թե՛ ՍԱՏՄ-ից (նրանք ողջ օրը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին), այդուհանդերձ, այս մասին պնդում են ինչպես անասնապահները, այնպես էլ ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը):
Սպանդանոցի ծառայությունների ծախսը կազմում է 8-10.000 դրամ` կախված կենդանու տեսակից: Բացի այդ, սիրողական հաշվարկներն արդեն իսկ ցույց են տալիս, որ անասնատերը կենդանուն սպանդանոց տեղափոխելու համար ծախսելու է ոչ պակաս, քան` 10.000 դրամը: Ամբողջը միասին`30-32.000 դրամ: Հայտնի է, որ միջին քաշի գառն արժի 30-35.000 դրամ: Ստացվում է այնպես, որ գյուղացին ամբողջ տարին չարչարվում է դրա վրա և վերջում շահում ընդհամենը 3-5.000 դրամ:
Եվ այսքանից հետո՝ ի՞նչ եք կարծում, գյուղացի անասնապահը բողոքելու առիթ չունի՞: Կարծում ենք՝ ունի, որովհետև մարդուն պետությունը թալանում է, թալանում ամենաանբարոյական մեթոդներով: Իհարկե, անասունների մեծ քանակ տեղափոխելու դեպքում ճանապարհածախսը չի բազմապատկվում, բայց 10 գառ մորթելու համար գյուղացին իր 300-350.000 (ընդհանուր արժեքից), պետք է վճարի նվազագույնը 200.000 դրամ: Այստեղ են ասել` դե, էշը ցեխից հանիր:
Բայց հիմա վերադառնանք տխրահռչակ «5-րդ ձևին» և նայենք դրա հակառակ կողմը` կոռուպցիոն մասը: Նախ` սկսենք նրանից, որ այդ փաստաթուղը, ըստ մասնագիտական շրջանակների պնդման, արտացոլում է միայն անասնատիրոջ անուն-ազգանունը և անասունի տեսակը` չանդրադառնալով մսի որակին: Այսինքն՝ բացի սպանդանոցի մատուցած ծառայությունների դիմաց վճարվելիք վերոնշյալ 8-10,000 դրամը, անասնապահը պարտավոր է, այսպես կոչված, «թուղթ գնել» («5-րդ ձև»), դրա դիմաց վճարելով ևս 12,000 դրամ:
Գիտնական լինել հարկավոր չէ` հասկանալու համար, որ այս ողջ գործընթացում «5-րդ ձև» կոչվածի վաճառքը որևէ կերպ չի առնչվում մսի անվտանգության, ըստ այդմ՝ ժողովրդի առողջության պահպանման հետ:
Դա նման է նրան, որ քաղաքացին վարսավիրանոցում վճարի և՛ վարսավիրի մատուցած ծառայության դիմաց, և՛ վերջում տրված ՀԴՄ կտրոնի դիմաց: Հետևաբար՝ կառավարության սահմանած նոր կարգավորումներում այս մասը զուրկ է որևէ հիմնավորումից, և այստեղ որևէ տրամաբանություն գտնել հնարավոր չէ: «5-րդ ձև» կոչվածի այսպիսի վաճառքը մեզ հիշեցնում է ավտոմեքենաների «տեխզննման» դիմաց բանկերում վաճառվող դիմապակիների կտրոնները: Այսինքն՝ վճար՝ ոչնչի դիմաց:
Բայց երևույթն ավելի հետաքրքիր կողմ էլ ունի` այդ փաստաթղթի ձևանմուշը սպանդանոցներին տրամադրում է ՍԱՏՄ-ն: Այսինքն՝ պետությունը, ի դեմս ՍԱՏՄ-ի, «5-րդ ձև» կոչվածի վաճառքի մենաշնորհը վերցրել է իր վրա, և գոնե այս մասով գումարների անիմաստ գանձումը որևէ կերպ չի առնչվում սպանդանոցների, հետևաբար նաև՝ մսի անվտանգությանը և քաղաքացիների առողջությանն առնչվող գործողությունների հետ:
Այսինքն` Փաշինյանի իշխանությունը փորձում է խոսել ժողովրդի առողջության պահապանման դիրքերից, բայց իրականում զբաղված է հպարտ քաղաքացիներին խաբելով, այս պարագայում նաև՝ թալանելով ու այդ թալանի միջոցով բյուջեն լցնելով: Դե, կարևորը տարեվերջյան բաժակաճառերի հետ նաև հպարտ հայտարարություններն են, թե՝ ունեցել ենք բյուջետային մուտքերի թռիչքաձև աճ:
Խմբ.: Եթե «5-րդ ձև» կոչված տեղեկանքը 12,000 դրամով վաճառելու մասին՝ հոդվածում նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և անասնապահները վճարելու են միայն սպանդանոցային ծառայությունների դիմաց, այն է՝ 8-10,000 դրամ, իսկ վերոնշյալ տեղեկանքը տրվելու է անվճար, ապա ակնկալում ենք պատկան մարմինների պաշտոնական հերքումը: Yerkir.am-ը պատրաստ է հրապարակել նաև այն:
Գևորգ Գյուլումյան