կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-19 20:24
Հասարակություն

ԱԺ-ի՝ հարսով փեսային լավություն անելու ողջ զավեշտը

ԱԺ-ի՝ հարսով փեսային լավություն անելու ողջ զավեշտը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ «իր նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ մարտ ամսվա համար տրամադրվելիք ԱԺ պատգամավորի ամենամսյա պարգեւավճարները կփոխանցենք կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին»։

Զավեշտ համար 1. եթե մարտ ամիսը դեռ չի ավարտվել, և առողջ տրամաբանությունը պետք է հուշեր՝ դեռ հայտնի չէ, թե ով ինչ նվաճումներ է արձանագրելու և այդ հաջողության համար պարգևատրվելու, ապա ինչի՞ց ելնելով են ԱԺ-ում նման հայտարարություններ անում օրը ցերեկով:

Փաստորեն՝ ԱԺ-ում պարգևատրվում են բոլոր դեպքերում, և ամենևին կապ չունի, թե ինչի դիմաց: Այսինքն՝ պետության բարձրագույն ինստիտուտում օրը ցերեկով իմաստազրկվում է պարգևատրման գործընթացը, իսկ պարգևավճարների բաշխումը վերածվում պետբյուջեից փողի կորզման պարզ գործընթացի:

Զավեշտ համար 2. Պետական բյուջեից գոնե մարտ ամսվա համար անհայտ և մութ պայմաններում կորզվելիք պարգևավճարները «հերոսաբար վերադարձվում են» պետությանը: Կարծում ենք՝ բոլորին սա հիշեցրեց «հարսով փեսային լավություն անելու» հին ժողովրդական ասացվածքը:

Ասել է թե՝ դրանք ժողովրդի փողերն են, որոնք պարգևավճար ստացողները հաճույքով վերցնում էին/են, իսկ հիմա դրանք չվերցնելը ժողովրդին հրամցնում որպես լավություն:

ԱԺ «անձուրաց» նախագահը և նույնքան «անձնազոհ» պատգամավորները տեղյա՞կ են, որ իրենք այս քայլով սոսկ ծաղրել են հասարակությանը, իսկ կորոնավիրուսի դեմ պայքարին ոչնչով չեն օգնել:

Հ.Գ. Եթե մեր երեսփոխանների սիրտը անձնազոհության ակտ է ցանկանում ցուցադրել, ապա դրա համար կարելի է կիրառել ամենապարզ մեթոդը. սեփական միջոցներից հատկացումներ կատարել համաճարակի դեմ պայքարի համար: Իշխանությունները սեփական աշխատավարձի հետ մեկտեղ կարող են նաև «Դվին» հյուրանոցում հավաքված 205 միլիոն 560 հազար դրամը չափսոսալ և փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվին. կարծում ենք այն նորից հավաքելու դժվարություն չկա: 

Վ. Սարգսյան