Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական «Ռեգնում» գործակալությունը տեղեկություն է հաղորդել, ըստ որի Սանկտ Պետերբուրգի ռազմական ինժեներա-տեխնիկական համալսարանի պատին նախատեսվում էր այսօր տեղադրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆինլանդիայի զինված ուժերի գլխավոր գերագույն հրամանատար, մարշալ Կառլ Գուստավ Էմիլ Մաննենհեյմի հուշատախտակը: Հիշեցնենք, որ վերջինս պատերազմի տարիներին համագործակցել է ֆաշիստական Գերմանիայի հետ և սերտ կապեր ունեցել Ադոլֆ Հիտլերի հետ:
Թե ինչով է պայմանավորված Մաննենհեյմի հուշատախտակի տեղադրումը, այն էլ` Սանկտ Պետերբուրգում, որի շրջափակմանը մարշալն ունեցել է անմիջական մասնակցություն, գործակալությունը չի հայտնում: Էականը, սակայն, դա չէ: Այլ այն, որ ֆաշիզմի հետ ասոցացվող Մաննենհեյմի հուշատախտակի տեղադրումը կամ գոնե դրա մասին տեղեկատվության ի հայտ գալը տեղի է ունենում Երևանի կենտրոնում Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրումից հետո, որի կապակցությամբ ՌԴ-ն, ի դեմս ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի, պաշտոնապես զարմանք էր հայտնել՝ հիշեցնելով երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նժդեհի կողմից Վերմախտի ներքո «Հայկական լեգեոն» ստեղծելու փաստը:
Հետաքրքրականն այն է, որ մինչև «Ռեգնումի» կողմից Մաննենհեյմի հուշատախտակի տեղադրման մասին բարձրաձայնումը ՌԴ իշխանությունները դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն կամ բացատրություն չեն տվել: Ավելին. գործակալության տարածած տեղեկատվության համաձայն` նախատեսված է եղել, որ հուշատախտակը պետք է բացի ոչ ավել ոչ պակաս՝ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը: Այլ կերպ ասած՝ ՌԴ իշխանությունները ոչ միայն տեղյակ են եղել Հիտլերի հետ դաշնակցած ֆին մարշալի հուշատախտակի տեղադրմանը, այլև տվել են դրան իրենց համաձայնությունը: Եվ չի բացառվում, որ դա մոտավորապես եղել է հենց այն ժամանակ, երբ Զախարովան դեմքի ամենալուրջ արտահայտությամբ «զարմանք» էր հայտնում Երևանում Նժդեհի արձանի տեղադրման կապակցությամբ:
Չի կարելի զարմանալ, որ այս մասին տեղեկատվության հրապարակումից հետո կամ հուշատախտակի տեղադրման կամ էլ դրան պետական կամ իշխանական մակարդկաով մասնակցելու որոշումը փոխվել է: Դրանից, սակայն, իրավիճակի զավեշտալիությունը չի նվազում: Փաստորեն, Մոսկվան իր «գործընկեր» երկրներում մանրադիտակով կոլաբորացիոնիստներ, դավադիրներ, նացիզմի վերակենդանցնողների է փնտրում՝ առանց սեփական երկրի ներսում կատարվող երևույթներին ուշադրություն դարձնելու: Փաստորեն այն, ինչ ներելի չէ այլ երկրներին, միանգամայն հանդուրժելի և գուցե նաև ողջունելի է սեփական երկրում՝ Ռուսաստանում: Սա ոչ թե նույնիսկ երկակի ստանդարտների մոտեցում է, այլև սովորական շովինիզմ, որը, չգիտես ինչու, հատկապես սուր է դրսևորվում Հայաստանի պարագայում:
Բանն այն է, որ հակախորհրդային, նույնիսկ ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցած գործիչների արձաններ տեղադրվել են հետխորհրդային այլ երկրներում ևս՝ Ուկրաինան չհաշված: Բայց դրանք երբեք Մոսկվային չեն նյարդայնացրել: Օրինակ, Ադրբեջանում արդեն վաղուց տեղադրված են այդ երկրի առաջին հանրապետության հիմնադիրը համարվող Մամեդ Էմին Ռասուլզադեի երկու արձանները: Հիշեցնենք, որ Ադրբեջանի խորհրդայնացումից հետո վտարանդի դարձած Ռասուլզադեն «Ադրբեջանի կառավարության» մի խումբ անդամների հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում գտնվում էր Գերմանիայում և սերտ կապեր էր հաստատել Հիտլերին մերձ քաղաքական ու ռազմական շրջանակների հետ: Ավելին, նա անմիջականորեն մասնակցել է ադրբեջանական լեգեոնի ձևավորման աշխատանքներին՝ նպատակ ունենալով Խորհրդային Միության պարտության դեպքում հասնել Ադրբեջանի անկախացմանը: Այլ կերպ ասած՝ պատմական այս շրջափուլում Ռասուլզադեն Ադրբեջանի մասով առաջնորդվում էր այն նույն գաղափարներով, ինչ Նժդեհը՝ Հայաստանի մասով, երբ գործակցում էր ֆաշիստների հետ: Նրանց տարբերությունն այն էր միայն, որ եթե Նժդեհի և Դրոյի մասնակցությամբ ստեղծվող հայկական լեգեոնում մոտ 20 հազար հայ էր ընդգրկված, ադրբեջանական ազգային լեգեոնում, որին, ի դեպ, Հիտլերն ավելի շատ էր վստահում, որոշ տվյալներով հաշվվում էր մոտ 200 հազար էմիգրանտ և կարմիր բանակից գերի ընկած ադրբեջանցի:
Չնայած այս փաստին, Ռասուլզադեի արձանի տեղադրումը երբեք Մոսկվայի «զարմանքը» կամ անհանգստությունը չի հարուցել: Հավանաբար ներկա քաղաքական կամ աշխարհաքաղաքական «մոմենտը» պահանջում է, որ ադրբեջանցիների շարքերում ռուսները ոչ թե կոլաբորացիոնիստներ տեսնեն, այլ՝ ազգային հերոսներ: Եվ թերևս այս իմաստով օրինաչափ է, որ Ռուսաստանում Նժդեհի արձանի տեղադրումը շահարկման առարկա դարձրին հենց պրոադրբեջանական տրամադրված քաղաքագետները:
Գևորգ Դարբինյան