կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-25 13:26
Քաղաքական

Աշոտյանն անուշադիր չի եղել. զավեշտը շարունակվում է

Աշոտյանն անուշադիր չի եղել. զավեշտը շարունակվում է

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի` ապրիլի 23-ի զավեշտալի հանձնարարականից հետո մի քանի էական հարցեր են ծագում, որոնց պատասխաններից եւ ոչ մեկը չտվեց ո'չ ԿԳ նախարարը` քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում թողած պարզաբանմամբ, ո'չ էլ ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը:

 

Նախ` Yerkir.am-ն արդեն գրել է, որ ԿԳ նախարարի հանձնարարականում գրված է, թե իբր ՀՀ կառավարության աշխատակազմի 2014թ. ապրիլի 15-ի X գրությամբ ստացվել է «ՀՀ վարչապետի պաշտոնակատարի» հանձնարարականը՝  ի գիտություն ՀՀ կառավարության միասնական դիրքորոշումը «կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի շուրջ ՍԴ-ի կայացրած որոշման վերաբերյալ»:

 

Եվ սա այն դեպքում, երբ արդեն ապրիլի 13-ին՝ կիրակի օրը, ՀՀ նախագահն արդեն ստորագրել էր նոր վարչապետի նշանակման հրամանագիրը, ուստի ոչ թե վարչապետի պաշտոնակատար, այլ վարչապետ ունեինք ապրիլի 15-ի դրությամբ, որի դիրքորոշումը էականորեն տարբերվում է Տիգրան Սարգսյանի դիրքորոշումից՝ կապված կենսաթոշակային համակարգի հետ:

 

Հաջորդ հարցը, թե ինչու է Արմեն Աշոտյանը ապրիլի 23-ին հրապարակում հին կառավարության դիրքորոշումը, եթե արդեն կա նոր կառավարության դիրքորոշում` ապրիլի 18-ի դրությամբ, այս հարցը եւս բաց է մնում:

 

Զավեշտալի է Աշոտյանի «պարզաբանումը»: Նա ասում է. «Ի պատասխան զանգվածային լրատվամիջոցների հարցումների՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է. Նախորդ կառավարության միասնական դիրքորոշումը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի շուրջ ՍԴ-ի կայացրած որոշման վերաբերյալ, որը հայտարարվել է ապրիլի 3-ի ՀՀ կառավարության համապատասխան նիստում, Կրթության և գիտության նախարարությունը շրջաբերական նամակով, որպես ի գիտություն, տեղեկացրել է ուսումնական հաստատություններին: Նոր կառավարության դիրքորոշումը, տվյալ խնդրի առնչությամբ, նույնպես պատշաճ կերպով կտեղեկացվի նախարարության ենթակայության համապատասխան կառույցներին»:

 

Այստեղ եւս մեկ հարց՝ ինչքա՞ն ժամանակ է պետք Աշոտյանին` հասկանալու համար, որ Տիգրան Սարգսյանն այլեւս չկա, եւ որ արդեն ինչքան ժամանակ է` կա նոր կառավարություն, նոր վարչապետ, նոր դիրքորոշում:

 

Աշոտյանից հույսներս կտրած` փորձեցինք պարզաբանում ստանալ ԿԳ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Բաղդասարյանից: Ապարդյուն: Նա հայտարարարեց, թե ավելին ասել չի կարող, քան Աշոտյանի տարածած պարզաբանումն է: «Մենք այդ խնդրի վերաբերյալ մեր պատասխանը տարածել ենք, դրանից ավելի որևէ բան չեմ կարող ասել: Դուք ակնկալում եք, որ ես ինչ-որ բա՞ն պետք է պատասխանեմ»,- ասաց Բաղդասայանը:

 

Մեր այն դիտարկմանը, որ գուցե Աշոտյանն անուշադիր է եղել փաստաթուղթը ստորագրելիս, նա պատասխանեց. «Ոչ, նման խնդիր չկա, մենք պաշտոնական տեսակետ տարածել ենք»:

 

Բաղդասարյանին հասկանալ կարելի է՝ ի՞նչ ասի, երբ ամեն ինչ առավել քան պարզ է…