կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-09 12:01
Հասարակություն

Տարին մեկ-երկու անգամ այցելեք ատամնաբույժի

Տարին մեկ-երկու անգամ այցելեք ատամնաբույժի

Փետրվարի 9-ը նշվում է որպես Ստոմատոլոգների միջազգային օր: Տոնը կապվում է Ապոլլոնիայի անվան հետ։ Ստոմատոլոգիան ունի ավելի քան 9000 տարվա պատմություն: Տոնն ամեն տարի համախմբում է նաև մեր երկրի մասնագիտական միավարումներին, ոլորտի մասնագետներին: Կազմակերպվում են տարատեսակ հավաքներ և միջոցառումներ:

Պետք է փաստել, որ մեր երկիրը վերջին տարիներին գրավիչ է նաև ստոմատոլոգիական զբոսաշրջություն փնտրողների համար: Հայաստանն այս ոլորտում աչքի է ընկնում բժշկության բարձր մակարդակով, համապատասխանում է եվրոպական չափանիշներին, մշտապես ներդրվում են բուժման նորարարական մեթոդներ և կիրառվում են ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներ ու սարքավորումներ, ինչը թույլ է տալիս հաջողությամբ մրցակցել եվրոպական և այլ երկրների առաջատար բժշկական կենտրոնների հետ: 

Նշենք, որ ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման արտոնություններից օգտվում են ՀՀ կառավարության 04.03.04թ. «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշմամբ հաստատված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին /հատուկ/ խմբերի ցանկում ընդգրկված անձինք, ինչպես նաև 65 և բարձր տարիքի կենսաթոշակառուները: «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությունը կարող է ստանալ թերապևտիկ, վիրաբուժական, օրթոպեդիկ և օրթոդոնտիկ ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում:

Պետական պատվերի շրջանակներում է իրականացվում նաև մինչև 8 տարեկան, 12 տարեկան, ինչպես նաև սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների ստոմատոլոգիական բուժօգնությունը:

Բացի դրանից, հանրակրթական ուսումնական հաստատություններում 6 տարեկան (դպրոցի 1-ին դասարան) և 12 տարեկան (7-րդ դասարան) երեխաների շրջանում տարին 1 անգամ իրականացվում է «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծրագիրը», որը ներառում երեխայի զննում և ստոմատոլոգիական կարգավիճակի գնահատում, բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ խորհրդատվություն, ատամնաշարի մշակում ֆտոր պարունակող մածուկով, բացառությամբ ֆլյուորոզ հիվանդությամբ տառապող երեխաների, ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող երեխաների ուղեգրում` համապատասխան ստոմատոլոգիական պոլիկլինիկա /կենտրոն, և վերջինիս մասին տեղեկատվության ապահովում երեխայի օրինական ներկայացուցչին:

Միաժամանակ, ներկայացնում ենք ատամների պահպանման օգտակար խորհուրդներ:

• Տարին մեկ-երկու անգամ այցելեք ատամնաբույժի՝ ատամնաքարերի մաքրման և հետազոտության նպատակով:

• Ատամների մաքրման համար առավոտյան և երեկոյան մի մոռացեք տրամադրել 2-3 րոպե: Խոզանակներ ընտրելիս նախապատվությունը տվեք միջին կոշտության խոզանակներին և երեք ամիսը մեկ փոխեք դրանք:

• Կերակրի մնացորդներից ձերբազատվելու համար օգտագործեք ատամի թելեր և վրձիններ, քանի որ դրանք հիանալի մաքրում են միջատամնային անցքերը՝ կանխարգելելով կարիեսի առաջացումը:

• Ատամների մածուկ ընտրելիս նախապատվությունը տվեք ֆտոր պարունակող մածուկներին, քանի որ ֆտորը բարձրացնում է ատամի էմալի դիմադրողականությունը:

• Սնվեք հավասարակշված: Օգտագործեք բնական, թարմ և չզտված մթերք՝ ցորենի հաց, միրգ և բանջարեղեն, որպեսզի ատամները ստանան բոլոր կարևոր հանքանյութերն ու միկրոտարրերը

• Հնարավորինս պահպանեք հեղուկի ռեժիմ, քանի որ հեղուկը բարձրացնում է թքի արտադրությունը, ինչը դրական ազդեցություն է ունենում ատամի էմալի վրա:

• Սահմանափակեք քաղցրի՝ թխվածքաբլիթների, տորթերի, սպիտակ ալյուրով պատրաստված հացաբուլկեղենի օգտագործումը: Դրանք բարձրացնում են բերանի թթվային պարունակությունը՝ նպաստելով մանրէների առաջացմանը

• Մի օգտագործեք շաքար պարունակող գազավորված ըմպելիք, որովհետև դրանք օրգանիզմից դուրս են բերում կալցիումը, որի անբավարար քանակն օրգանիզմում նպաստում է ատամների էմալային շերտի նվազմանը:

• Մի գայթակղվեք փափուկ, հեշտ ծամվող սննդով: Սովորաբար նմանատիպ սննդի օգտագործումը խոչընդոտում է ծամողական ֆունկցիայի աշխատանքին՝ այն դարձնելով ավելի պասիվ:

• Մի ծխեք կամ գոնե սահմանափակեք ծխելը. այն թոքերի միջոցով ներթափանցում է լնդերի արյունատար անոթներ: Ծխախոտի ծխի մեջ առկա բաղադրիչները խախտում են արյան շրջանառության բնականոն ընթացքը լնդերում՝ առաջացնելով լորձաթաղանթի հյուծվածություն: Բացի այդ, ատամները դեղնում են, և արագանում է ատամնաքարերի կուտակման ընթացքը:

• Խնայեք նյարդերը, քանի որ սթրեսները թուլացնում են իմունային համակարգի դիմադրողականությունը և բարձրացնում կարիեսի կամ պարադոնտիտի առաջացումը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ատամների կորստին:

ՀՀ առողջապահության առողջապահություն