կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-12-26 16:58
Առանց Կատեգորիա

«Այս օրը պատմության մեջ». դեկտեմբերի 26

«Այս օրը պատմության մեջ». դեկտեմբերի 26

Yerkir.am-ը ներկայացնում է «Այս օրը պատմության մեջ» նախագիծը, որի շրջանակներում ամեն օր կներկայացնենք տվյալ օրվա իրադարձությունները:

Դեկտեմբերի 23

 

1831 թ. դեկտեմբերի 26-ին Միլանում կայացել է Վինչենցո Բելլինիի «Նորմա» նշանավոր օպերայի առաջնախաղը:

«Նորմա»-ն իտալացի երգահան Վինչենցո Բելլինիի օպերան է՝ երկու գործողությամբ։ Առաջնախաղը կայացել է Միլանի «Լա Սկալա» թատրոնում 1831 թ. դեկտեմբերի 26-ին։ Օպերան շատերի կողմից համարվում է Վինչենցո Բելլինիի լավագույն ստեղծագործությունը:

Նորմայի դերում հանդես է եկել անվանի հայ երգչուհի Գոհար Գասպարյանը՝ կատարելով այն Երևանի օպերային թատրոնի բեմում։ Երևանում «Նորման» ունեցել է երկու բեմադրություն՝ 1975 և 2001 թթ.։ 

1879 թ. այս օրն է ծնվել հայ մեծանուն երգահան, խմբավար, ՀԽՍՀ և ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայկական ազգային օպերայի հիմնադիր Արմեն Տիգրանյանը:

Տիգրանյանը հայ երգահան, խմբավար, ՀԽՍՀ և ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ է: Նա համարվում է հայկական ազգային օպերայի հիմնադիրը։ Նրա առավել հայտնի գործերն են «Անուշ» (1912 թվական) և «Դավիթ-Բեկ» (1950 թվական) օպերաներըՏիգրանյանի անունով կոչվել են փողոցներ, երաժշտական դպրոցներ Երևանում և Գյումրիում, Երևանի օղակաձև զբոսայգում տեղադրվել է նրա հուշարձանը, Գյումրիում գործում է տուն-թանգարանը։

1909 թ. դեկտեմբերի 26-ին ծնվել հայ գենետիկ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Հրանտ Բատիկյանը:

Հրանտ Բատիկյանը 1950-1980 թվականներին ղեկավարել է ԵՊՀ դարվինիզմի և գենետիկայի ամբիոնը, 1963 թվականին՝ հիմնադրել և ղեկավարել է նաև բջջաբանության պրոբլեմային լաբորատորիան։ 1950-1963 թվականներին և 1968-1978 թվականներին եղել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան։ Այդ տարիներին նրա ջանքերով ստեղծվել են կենսաքիմիայի,  հողագիտության ու ագրոքիմիայի, կենսաֆիզիկայի ամբիոններ։ 1963-1966 թվականներին եղել է ԵՊՀ ռեկտոր։

1972 թ. այս օրն է մահացել ԱՄՆ-ի 33-րդ նախագահ Հարրի Թրումենը:

ԱՄՆ հենց այս նախագահի հրամանով են 1945 թվականի օգոստոսին Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքները ենթարկվել ատոմային ռմբակոծության։ Նրա քաղաքականությունն ուղղված էր սառը պատերազմի հրահրմանը։ 

1991 թ. դեկտեմբերի 26-ին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը (ԽՍՀՄ) պաշտոնապես դադարել է գոյություն ունենալ:

ԽՍՀՄ-ը նախկին սոցիալիստական պետություն է Եվրասիայում: Այն կազմավորվել է 1922 թվականի դեկտեմբերի 30-ին և փլուզվել 1991 թվականի դեկտեմբերի 26-ին։ Համարվել է փաստացի ինքնիշխան խորհրդային պետությունների միություն, որի  մայրաքաղաքն եղել է Մոսկվան։

ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի կողմից իրականացվող վերակառուցման քաղաքականությունը բերեց քաղաքական և տնտեսական ոլորտներում երկրի կառավարումը կորցնելուն, ներքաղաքական դրության կտրուկ սրմանը, մի շարք ազգամիջյան բախումների, Բելովեժյան համաձայնագրի ստորագրման`Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ) ստեղծելու վերաբերյալ և վերջնական արդյունքում` ԽՍՀՄ-ի գործունեության դադարեցման:

1987 թվականին ԽՍՀՄ տարածքում բռնկվեցին մի շարք ազգամիջյան բախումներ, որոնցից առավել սուր կերպով արտահայտվեցին Ղարաբաղյան բախումները: 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը, Ադրբեջանական ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում, տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ (տես` Սումգայիթի ջարդեր): Նույն թվականի նոյեմբերին ջարդեր կազմակերպվեցին  Կիրովաբադում և այլ քաղաքներում: Այդ նույն` 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայկական ԽՍՀ-ում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը (խոսքը Սպտակի երկրաշարժի մասին է), խլեց ավելի քան 25000 մարդու կյանք1989 թվականին Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհուրդը հայտարարեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու մասին: Ադրբեջանական ԽՍՀ-ն սկսեց շրջափակման ենթարկել Հայաստանին: 1991 թվականին, երկու միութենական հանրապետությունների միջև սկսվեց պատերազմ, որն առավել հայտնի է Արցախյան ազատամարտ անունով:

2004 թ. այս օրը Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվել է մոտ 230 000 մարդ:

Երկրաշարժն ու դրան հաջորդած ցունամին գրանցվել է Ինդոնեզիայի հյուսիսային Սումատրա քաղաքի մոտակայքում: Էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 9.1-9.3 մագնիտուդ: Ավերի աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 227.898 մարդ ավեի քան 14 երկրում: Երկրաշարժի հետևանքով մեծապես տուժել են Ինդոնեզիան, Շրի Լանկան, Հնդկաստանն ու Թաիլանդը:

2010 թ. դեկտեմբերի 26-ին է մահացել թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Կիմ Երիցյանը

Երիցյանը 1957 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ 1955-1973 թվականներին եղել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, իսկ 1973-2006 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Նրան առավել հայտնի դարձավ «Նվագախմբի տղաները» ֆիլմում կերտած Կիրակոսի դերից հետո։ Երիցյանը յուրօրինակ տպավորիչ գունեղությամբ կերտել է ու մարմնավորել 100-ից ավելի դերեր, ինչպիսիք են՝ Սուտլիկը («Սուտլիկ որսկանը» ֆիլմ), Մոսիկոն («Քաոս» ֆիլմ) և Արմենը («Շրթներկ N 4» ֆիլմ):

Դեկտեմբերի 26-ին նշվում է Նվերների օրը (Boxing Day): Այն տոն է, որը Մեծ Բրիտանիայում և Բրիտանական ազգերի համագործակցության մի շարք երկրներում՝ Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Կանադայում նշում են Սուրբ ծնունդի հաջորդ օրը՝ դեկտեմբերի 26-ին:

Մեր օրերում տոնի առաձնահատկությունն է մեծ և փոքր խանութներում մեծ զեղչերով վաճառքը: Հենց Նվերների օրն է հնարավոր կես գնով ձեռք բերել ցանկացած դուր եկած իր, ինչից ժողովուրդն օգտվում է մեծ հաճույքով: