կարևոր
3217 դիտում, 10 ժամ առաջ - 2025-07-26 14:49
Աշխարհ

Մեծ խաղ Կովկասում. ի՞նչ է թաքցնում Ադրբեջանի եւ Ռուսաստանի հակամարտությունը

Մեծ խաղ Կովկասում. ի՞նչ է թաքցնում Ադրբեջանի եւ Ռուսաստանի հակամարտությունը
Բաքվում փաստաթղթեր են պատրաստում 2024 թ-ի դեկտեմբերին Ղազախստանում ադրբեջանական Azerbaijan Airlines (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի կործանման կապակցությամբ Ռուսաստանի դեմ միջազգային դատական ատյաններ ներկայացնելու համար, պատմել է Ալիեւը՝ ելույթ ունենալով Խանքենդիում (նախկինում՝ Ստեփանակերտ) կայացած մեդիաֆորումում։ Ավելի վաղ՝ դեռ հունվարին, նման տարբերակի հավանականության մասին գրել էին Բաքվի լրատվամիջոցները։ Երկրի ղեկավարի խոսքով՝ յոթ ամսվա ընթացքում Ադրբեջանը «ոչ մի հասկանալի պատասխան չի ստացել ռուսական կողմից»: Նա հայտարարել է՝ Ադրբեջանի գլխավոր դատախազը պարբերաբար հարցումներ է ուղարկում Ռուսստանի Քննչական կոմիտե, սակայն ի պատասխան գալիս է միայն «հետաքննությունը շարունակվում է» ձեւակերպումը: Ալիեւը նման դիրքորոշումն անվանել է «հակաարդյունավետ»։ «Մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել, եւ մենք կարող ենք դա ապացուցել։ Գիտենք՝ ռուս պաշտոնյաները նույնպես տեղյակ են, թե ինչ է տեղի ունեցել։ Հարցն այն է, թե ինչու նրանք չեն անում այն, ինչ կաներ ցանկացած հարեւան նման իրավիճակում», – ասել ո Ալիեւը՝ ընդգծելով, որ իր երկիրը պահանջում է մեղքի ընդունում, տուժածների ընտանիքներին փոխհատուցում եւ օդանավի կորստի համար AZAL-ի վնասների փոխհատուցում։ Նա հիշեցրել է՝ «Մալայզիական ավիաուղիների» Boeing 777-ի աղետի հետաքննությունը շարունակվել է ավելի քան տասը տարի, եւ, նրա խոսքով, Բաքուն նույնպես պատրաստ է «սպասել այնքան, որքան անհրաժեշտ կլինի»:

Ինչ վերաբերում է ադրբեջանական Azerbaijan Airlines (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի կործանմանը, ապա հիշեցնենք՝ դրսից հարձակման ենթարկվելով՝ օդանավը լուրջ վնասվածքներ է ստացել, մասնավորապես, թռիչքի կառավարման համակարգերը, սակայն պահպանել է կառավարելիությունը, հատել Կասպից ծովը եւ մի քանի պտույտ կատարելով ավելորդ վառելիքն այրելու համար՝ սկսել է վայրէջք կատարել Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում:«Էմբրայերի» բարձրակարգ օդաչուների այս գործողությունները ցույց տվեցին, որ նրանք լիովին վերահսկում էին ինքնաթիռի ռեժիմը եւ վստահ էին հաջող վայրէջքի մեջ: Սակայն համացանցում տարածված տեսանյութում երեւում էր՝ վայրէջքի թռիչքուղուն մտնելիս օդաչուները չեն կարողացել հարթեցնել ինքնաթիռի գլանը, որը բախվել է գետնին եւ պայթել։ Ի՞նչը կարող էր խանգարել փորձառու օդաչուներին նորմալ վայրէջք կատարել: Պատասխանն ինքնին հուշում է.հեռահար միջամտություն ինքնաթիռի կառավարմանը նրանց կողմից, ում ձեռնտու է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հրահրումը։ Ցավոք, այդ տարբերակը, որը տեխնիկապես լիովին իրագործելի է, գտնվում է փորձագետների տեսադաշտից դուրս, որոնք զբաղվում են AZAL ընկերության օդանավի կործանման հետաքննությամբ։ Ի դեպ, նույնիսկ եթե հնարավոր լիներ ապացուցել ինքնաթիռի կործանման հանգեցրած հեռահար միջամտության փաստը, համապատասխան փաստարկները չէին ընդունվի ադրբեջանական կողմի կողմից։ Ներկա իրականության մեջ Բաքուն կոշտ հակառուսական կուրս է բռնել՝ սա համարելով իր գերակա շահը, եւ Մոսկվայի ոչ մի, նույնիսկ ամենագաղտնի բարեկամական գործողությունները չեն փոխի այդ կուրսը։

Այսպես, մի որոշ ժամանակ ռուսական իշխանությունները, ըստ Ռուսաստանում անցանկալի Մարշալի հիմնադրամի պնդման, «ադրբեջանցի գործընկերներին հանձնել են 71-ամյա Զահիրեդդին Իբրահիմովին, ով էթնիկ Թալիշ անջատողական է եւ Ադրբեջանի կառավարության վաղեմի քննադատ։ Նա ավելի քան երեք տասնամյակ ապրել է Եկատերինբուրգում՝ լինելով Ռուսաստանի քաղաքացի»։ Բայց Եկատերինբուրգում ադրբեջանական հանցավոր խմբի դեմ ռուս իրավապահների կոշտ գործողություններից հետո Բաքուն ավելի բարձր բարձրացրեց հակառուսական դրոշը՝ իրականացնելով ռուս լրագրողների եւ նույնիսկ զբոսաշրջիկների մի շարք ձերբակալություններ։ Իսկ հուլիսի 10-ին Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը նրանց չորս ամսով կալանավորել է հենց այդ Ադրբեջանի երկու քաղաքացիների, որոնք կռվել են «Վագներ»-ի կազմում, իբր Ուկրինայում ռազմական հանցագործություններ կատարելու համար։  Ռամիլ Ալիեւն ու Իսմայիլ Հասանովը հավաքագրվել են ռուսական ուղղիչ գաղութներից, որտեղ պատիժներ էին կրում։ Հայրենիքում նրանց մեղադրում են զինված հակամարտության ընթացքում հրազեն եւ պայթուցիկ նյութեր կիրառելու, ինչպես նաեւ մարտական գործողութուններին մասնակցելու համար այլ մարդկանց հավաքագրելու փորձի մեջ: Սա «վագներականների» առաջին նման դեպքն է հետխորհրդային տարածքում։ Եվ դա ամենեւին էլ զարմանալի չէ. վերոնշյալ «Շուշիի գլոբալ մեդիաֆորումի» ընթացքում Ալիեւը հրապարակավ աջակցեց Կիեւին՝ խորհուրդ տալով նրան «չհամաձայնել օկուպացիայի հետ» եւ շարունակել դիմադրությունը։

Ավելին, Minval պարբերականը պնդում է՝ շուտով, ի հեճուկս Մոսկվայի, Ադրբեջանը իր տարածքում կտեղակայի ՆԱՏՕ-ի ռազմակայան․ «աճող սպառնալիքի պայմաններում Բաքուն իրավունք ունի դիտարկել զսպման արմատական միջոցներ։ Հնարավոր քայլերից մեկը կարող է լինել Ադրբեջանում ՆԱՏՕ – ի բազայի տեղակայումը, օրինակ՝ Խաչմազի շրջանում՝ Ռուսաստանի հետ սահմաններից ոչ հեռու։ Մոսկվան պետք է հստակ հասկանա՝ Հարավային Կովկասում կրակի հետ խաղը կարող է ավարտվել բոցով, որից կտուժեն բոլորը՝ առաջին հերթին հենց Ռուսաստանը»

Հիշեցնենք՝ 2022 թ-ի փետրվարի 22-ին Պուտինը եւ Ալիեւը բանակցությունների ընթացքում ստորագրել են դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր։ Ալիեւը նշել է այդ փաստաթղթի կարեւորւթյունը երկու պետությունների տարածաշրջանային անվտանգության համար: Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը, Պուտինի խոսքով, նվիրված է «մեր երկկողմ հարաբերություններում նկատելի իրադարձությանը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 – ամյակին»:

Անշուշտ, Ալիեւը գիտեր, որ երկու օրից կսկսվի Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողությունը, եւ վստահ էր, որ այն կպսակվի արագ եւ ջախջախիչ հաջողությամբ։ Այդ դեպքում Ալիեւն ակնկալում էր հաղթանակած տերության, այսինքն՝ Ռուսաստանի աջակցությունը իր աշխարհաքաղաքական մտադրությունների իրականացման գործում։ Բայց Ռուսաստանի արագ եւ ջախջախիչ հաղթանակն Ուկրաինայի նկատմամբ չստացվեց, եւ որքան երկար տեւեց այդ հաղթանակը, այնքան ավելի հստակ էր հասկանում Ալիեւը, որ ինքը պետք է հեռու մնա հյուսիսային հարեւանից եւ ամբողջությամբ մտնի Արեւմուտքի աշխարհաքաղաքական ռազմավարությունների, մասնավորապես Բրիտանիայում մշակված «Մեծ Թուրան» նախագծի հունը։ Ներքաշվելով այդ նախագծի արեալ՝ Ադրբեջանը քայլ առ քայլ կորցնում է իր ինքնիշխանությունը՝ այն փոխանակելով Օսմանյան կայսրության վերածննդի ճանապարհով ընթացող Թուրքիայի ռազմական օգնության հետ։ Ընդ որում, նոր օսմանցիների թիկունքում բրիտանական առյուծն է, որի նկրտումները Կովկասում վաղեմի պատմություն ունեն։

ԽՍՀՄ փլուզումից արդեն մեկուկես տարի անց Ադրբեջան է այցելել Մարգարետ Թետչերը, որին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել ապագա նավթային պայմանագրերի ստորագրման վերաբերյալ: Ավելի ուշ Ադրբեջանում հաճախակի հյուր են դարձել Թետչերի որդին եւ Մեծ Բրիտանիայի թագուհու որդին՝ արքայազն Էնդրյուն, որը միջազգային ընկերության (ТНК) ազդեցիկ լոբբիստն է։

2015 թ-ի փետրվարին Ադրբեջանը ներառվել էր բրիտանական High Value Opportunity ծրագրում, որը կառավարկան աջակցություն էր տրամադրում բրիտանական ընկերություններին նավթագազային պայմանագրերի կնքման եւ իրականացման գործում: 2017 թ-ի վերջին Կասպից ծովի ափերին գործում էին ավելի քան 500 բրիտանական ընկերություններ (այժմ ավելի շատ): Մեծ Բրիտանիան առաջին տեղում է հայտնվել ադրբեջանական տնտեսության մեջ ներդրումների ցուցանիշով։ British Petroleum-ը վերահսկում է Բաքվի նավթահանքերի արդար մասնաբաժինը։  BP – ն ի սկզբանե մասնակցել է Ադրբեջանում նավթագազային յոթ նախագծերի, որոնց թվում են Ազերի – Չիրագ – Գյունեշլի հանքավայրերի մշակումը, Բաքու – Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումը, Հարավային գազային միջանցքի անցկացումը: Ձգտելով ընդլայնել իրենց ներկայւթյունը ադրբեջանական նավթագազում՝ բրիտանացիները գնում են անգամ անհեռանկարային հանքավայրեր, ինչպիսին հարավ-արեւմտյան Գոբուստանն է։

Անդրկովկասում Լոնդոնի շահերի դիրիժորը դարձավ բրիտանական ՄԻ-6 հետախուզությունը՝ կտրուկ ակտիվանալով 2019-ի ամռանը, երբ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը դասական դիվանագետ Քերոլ Քրոֆթսի փոխարեն դարձավ ՄԻ – 6-ի կադրային սպա Ջեյմս Շարփը (MI6 Officers-Her Majesty's Ambassadors), որը տիրապետում  ռուսերեն, արաբերեն եւ ադրբեջաներեն լեզուներին։ Նա դեսպան էր Ղազախստանում եւ Ղրղզստանում, վերահսկում էր զենքի արտահանումը բրիտանական ֆորին գրասենյակ։ Ջեյմս Շարփը ընդհանուր լեզու է գտել այն ժամանակվա ՄԻ-6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի հետ՝ ԱԳՆ-ում աշխատելու ընթացքում, որտեղ Մուրը ղեկավարում էր քաղաքական բաժինը, իսկ Շարփը՝ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով խորհրդական։  2020 թ-ի մարտին բրիտանացի այս հետախույզ դեսպանը հանդիպել էր Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիեւին։ սԻկ սեպտեմբերի վերջին բրիտանացին ադրբեջանական մամուլում հոդված էր հրապարակել, որում ասվում էր. «գրեթե երեք տասնամյակ Մեծ Բրիտանիան եւ Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են Ադրբեջանի էներգետիկ ոլորտի զարգացման գործում, եւ մենք ակնկալում ենք, որ այդ գործընկերությունը կշարունակվի առաջիկա երեք տասնամյակների ընթացքում»:

Բայց ի՞նչ է տալիս Ադրբեջանին մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի աջակցությունը Եվրասիայի թյուրքական ժողովուրդներին «մեծ թուրանի» շրջանակներում միավորելու իրենց ուղեգծով։

ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիան հետեւողականորեն թյուրքական բնակչություն ունեցող հետխորհրդային հանրապետություններում պանթուրքիզմի գաղափարախոսություն է սերմանում։  «Մեծ փուրանի» նախագիծը հանդես է գալիս որպես այլընտրանք Եվրասիական միությանը՝ իրենից ներկայացնելով Եվրասիական ինտեգրման այնպիսի ձեւ, որում Ռուսաստանը իր տեղը զիջում է Թուրքիային:

«Սուլթան» Էրդողանը «մեծ թուրանի» հետխորհրդային հատվածը տեսնում է որպես մետրոպոլիայի՝ նեոօսմանյան կայսրության գաղութային կցորդ։ Եթե այդ մտահղացումներն իրականանան, Ադրբեջանի ժողովուրդը կկորցնի ինքնատիպ մշակույթը եւ կձուլվի փոքրասիական թուրքերի կողմից։ Երկրի բնակիչների ճակատագրին կարժանանա Թուրքիայում բնակվող հույների եւ հայերի (ավելի ճիշտ՝ թրքացած ծպտյալ հայերի եւ ծպտյալ հույների) ճակատագիրը։

Կարճ տարածությունում Ադրբեջանն, անշուշտ, կարող է աշխարհաքաղաքական սերուցքը հանել իր հակառուսական կուրսից։  Նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում այդ սերուցքը կթթվի ու կվերածվի աշխարհաքաղաքական թույնի։

Իսպանական Periodista Digital Պարբերականի տեղեկություններով՝ Երեւանում համաձայնել են Զանգեզուրի միջանցքի կառավարումը հանձնել մասնավոր ամերիկյան ընկերությանը 99 տարի ժամկետով՝ ինչ-որ «Թրամփի կամուրջ տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագրի» շրջանակներում։ Նախնական տվյալներով՝ ամերիկյան օպերատորը կստանա տարանցման եկամտի 40%-ը, Հայաստանը՝ ընդամենը 30% - ը, իսկ անվտանգությունը կապահովեն ամերիկյան մսնավոր ռազմական ընկերության մինչեւ 1000 աշխատակիցներ: Ֆորմալ ինքնիշխանությունը պահպանվում է Երեւանի վրա, բայց փաստացի վերահսկողությունը գործնականում անցնում է ԱՄՆ-ին։ Forbes-ի վերլուծաբան Գյունեյ Յըլդըզի գնահատմամբ՝ արդեն 2027 թ-ին միջանցքի շրջանառությունը կարող է կազմել տարեկանմ մինչեւ 100 մլրդ դոլար, իսկ մինչեւ 2030ը Եվրոպան կկարողանա 20-30 մլրդ տնտեսել լոգիստիկայի եւ էներգառեսուրսների մատակարարման վրա։ ԱՄՆ-ն նման նախագծում դառնում է առանցքային միջնորդ՝ կտրուկ ուժեղացնելով իր դիրքերը Եվրասիայում։

Հազիվ թե տարածաշրջանային դերակատարներն ի վիճակի լինեն խանգարել Թրամփին իրականացնել իր հավակնոտ նախաձեռնությունը։ Այդ դեպքում Հայաստանը վերջնականապես կկորցնի իր ինքնիշխանությունը։ Բայց Ադրբեջանը ստիպված կլինի հրաժեշտ տալ Զանգեզուրի մասին երազանքներին։ Ալիեւի նման ուժեղ առաջնորդի համար դժվար կլինի դա անել։ Վաշինգտոնում, Լոնդոնում եւ Անկարայում դա շատ լավ հասկանում են եւ, չի բացառվում, կփորձեն այն փոխարինել նիկոլի տեղական անալոգով։ Եթե Բաքվում չեն գիտակցում իրենց համար տխուր հեռանկարները, ապա հետխորհրդային տարածքում շուտով եւս մեկ անկախ հանրապետություն կպակասի։

 

Վլադիմիր Պրոխվատիլով 

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի