Փոխարժեքներ
03 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Yerkir.am-ը ներկայացնում է «Այս օրը պատմության մեջ» նախագիծը, որի շրջանակներում ամեն օր կներկայացնենք տվյալ օրվա իրադարձությունները:
Դեկտեմբերի 10
1817 թվականի այս օրը Միսսիսիպին դարձավ ԱՄՆ-ի 20-րդ նահանգը:
Միսսիսիպին ագրարային նահանգ է։ Մշակվող հիմնական կուլտուրան բամբակն է (Միսսիսիպի գետի ու Ցազու վտակի հովիտներում), որի բերքով Միսսիսիպին 2-րդն է երկրում (Տեխասից հետո)։ Մշակում են նաև սոյա, եգիպտացորեն, բրինձ, ցորեն, շաքարեղեգ։ Զբաղվում են անասնապահությամբ, խոզաբուծությամբ և թռչնաբուծությամբ։ Կա նավթի, գազի հանույթ, սննդի, տեքստիլ, կարի, թաղանթանյութի-թղթի, քիմիական արդյունաբերություն, նավաշինություն։
1901 թվականի դեկտեմբերի 10-ին հանձնվեցին առաջին Նոբելյան մրցանակները:
Նոբելյան մրցանակ՝ ամենամյա միջազգային մրցանակների հավաքածու, որոնք շնորհվում են շվեդական ու նորվեգական ինստիտուտների կողմից ակադեմիական, մշակութային և գիտական ձեռքբերումների համար։ Քիմիայի, գրականության, խաղաղության, ֆիզիկայի և ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակներն առաջին անգամ շնորհվել են 1901 թվականին։ Նախքան 1980 թվականը մեդալները պատրաստվել են 23 կարատանոց ոսկուց, իսկ դրանից հետո՝ 18 կարատանոց կանաչ ոսկուց, որ ծածկվում է 24 կարատանոց ոսկով։
1948 թվականի այս օրը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան ընդունեց Մարդու Իրավունքների համընդհանուր հռչակագիրը:
Հռչակագիրը բաղկացած է 30 հոդվածներից, և մարդու բնական, անօտարելի իրավունքների առաջին ընդհանրական ամրագրումն է։ Հռչակագիրը և դրա հիման վրա մշակված երկու դաշնագրերը՝ Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը կազմում են «Մարդու իրավունքների միջազգային բիլլը» ։ Հռչակագիրը թարգմանվել է հարյուրավոր լեզուներով։
1954 թվականի այս օրը UNESCO-ի կողմից ընդունվեց Մոնտեվիդեոյի բանաձևը, որով օժանդակվեց էսպերանտոյի միջազգային լեզվի թեկնածու լինելը:
Էսպերանտո, արհեստական կառուցված լեզու, որը միջազգային օժանդակ լեզուներից ամենալայն տարածումն է գտել աշխարհում։ Անունը սերում է «Դոկտոր Էսպերանտո» կեղծանունից. այդ անվամբ էր լեզվի ստեղծողը՝ Լ․Լ․ Զամենհոֆը, հրապարակել իր Unua Libro գիրքը 1881 թ.՝ հիմք դնելով լեզվի տարածմանը։ Անվանումն էսպերանտո լեզվով նշանակում է «հույս ունեցող»: Զամենհոֆի նպատակն էր ստեղծել պարզ և ճկուն լեզու իբրև համատարած երկրորդ լեզու, որը կնպաստեր խաղաղությանն ու միջազգային համերաշխությանը։
Չնայած նրան, որ լեզուն ոչ մի պետության կողմից մինչ օրս չի ընդունվել որպես պաշտոնական լեզու, էսպերանտո իմացողների հանրության թվաքանակը գնահատվում է 100,000-ից մինչև 2 միլիոն։ Որոշ տվյալներով, աշխարհում կա էսպերանտոյի մոտ 1,000 բնածին լեզվակիր:
1988 թվականի այս օրը ԽՍՀՄ կառավարության կողմից ձերբակալվեցին «Ղարաբաղ» կոմիտեի (հետագայում Հայոց համազգային շարժում) անդամները։
«Ղարաբաղ» կոմիտե՝ Արցախյան շարժման Հայաստանի կոմիտե։ 1988 թվականի մայիսին ստեղծված կազմակերպություն գլխավորել է հայ ժողովրդի պայքարը Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Հայաստանի հետ վերամիավորելու համար սկսված Ղարաբաղյան շարժումը։ «Ղարաբաղյան» կոմիտեի ստեղծումը նախաձեռնել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի աշխատակից Ի. Մուրադյանը։ Կոմիտեին անդամագրվել են Բաբկեն Արարքցյանը, Համբարձում Գալստյանը, Սամվել Գևորգյանը, Ռաֆայել Ղազարյանը, Սամսոն Ղազարյանը, Ալեքսան Հակոբյանը, Վազգեն Մանուկյանը, Աշոտ Մանուչարյանը, Վանո Սիրադեղյանը, Դավիթ Վարդանյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այն կազմակերպել և ղեկավարել է ժողովրդի բազմահազարանոց ցույցերն ու հանրահավաքները: 1988 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր 1988 թվականի օգոստոս ամիսներին տեղի ունեցած ՀԽՍՀ ԳԽ մասնակի ընտրությունների ժամանակ պատգամավորներ են ընտրվել «Ղարաբաղյան» կոմիտեի անդամներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Աշոտ Մանուչարյանը և Ռաֆայել Ղազարյանը։ 1988 թվականի դեկտեմբեր 1989 թվականի հունվար ամիսներին կոմիտեի բոլոր անդամները ձերբակալվել են և պահվել Մոսկվայի տարբեր բանտերում։
1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացվեց անկախության հանրաքվե և ազգաբնակչության մոտ 98 %-ը կողմ քվեարկեց անկախության օգտին:
Արցախի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ստեփանակերտն է, որը նաև երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է:
Արցախը նախագահական հանրապետություն է: Օրենսդիր մարմինն ազգային ժողովն է։ Արցախը պատմական Հայաստանի մշակութային գլխավոր կենտրոններից է, որտեղ դեռևս հնագույն ժամանակներից զբաղվել են գորգագործությամբ, մետաղագործությամբ, բրուտագործությամբ և գինեգործությամբ: Արցախում բուծել են զտարյուն ղարաբաղյան ձիեր, որոնք համալրել են հայոց այրուձին, իսկ հետագայում՝ ռուսական հեծելազորը։
2009 թվականի այս օրն է թողարկվել «Angry Birds» համակարգչային խաղը:
«Angry Birds»-ը կամ «Բարկացած թռչուններ»-ը համակարգչային և վիդեո խաղ է, որն ստեղծվել է ֆիննական Rovio Mobile կազմակերպության կողմից։ 2009 թվականի դեկտեմբերին Apple-ի iOS օպերացիոն համակարգի համար թողարկվել է խաղի առաջին տարբերակը։ Իսկ արդեն 2010 թվականի հոկտեմբերին խաղի 12 միլիոն օրինակ վաճառվել էր Apple-ի App Store-ից։ Այնուհետև կազմակերպությունն սկսեց նախագծել այլ սենսորային սմարթֆոնների համար (Անդրոիդ, Symbian, Windows Phone) նախատեսված խաղի տարբերակներ։ Նույնանուն անիմացիոն ֆիլմը Sony Pictures-ի մշակման արդյունքում առաջին անգամ թողարկվեց 2015 թվականի հուլիսի 30-ին։ Խաղը կարճ ժամանակում մեծ հեղինակություն է ձեռք բերում ու ստանում մի շարք հեղինակավոր խաղային մրցանակներ։
Նույն տարում՝ 2009 թվականին, տեղի է ունեցել «Ավատար» ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմի ռեժիսորն է Ջեյմս Քեմերոնը:
Սյուժեն հետևյալն է. Ջեք Սալին՝ նախկին ծովային հետևակային զինվորը, գամված է հաշմանդամի սայլակին։ Չնայած վհատ մարմնին, Ջեքը հոգեպես մարտունակ է։ Նրան մարտական առաջադրանք է տրվում մի քանի լուսնային տարի տևողությամբ ճանապարհորդություն կատարել և հայտնվել Պանդորա մոլորակում տեղակայված երկրացիների բազայում, որտեղից ընկերությունը շատ հազվագյուտ հանդիպող միներալ է արտահանում, որը բավականին մեծ դեր ունի Երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար։