Փոխարժեքներ
03 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Yerkir.am-ը ներկայացնում է «Այս օրը պատմության մեջ» նախագիծը, որի շրջանակներում ամեն օր կներկայացնենք տվյալ օրվա իրադարձությունները:
Դեկտեմբերի 9
1883 թվականի այս օրն է ծնվել արևմտահայ հայտնի գրող, մանկավարժ և ուսուցիչ Հակոբ Օշականը:
Օշականը ծնվել է Թուրքիայի Բուրսա քաղաքում: 1899թ. ավարտել է Բուրսայի Գևորգյան ազգային վարժարանը, սովորել է նաև Արմաշի դպրեվանքում: Եղել է «Մեհյան» և «Բարձրավանք» հանդեսների համախմբագիրը: 1942թ. կազմել է «Հայ գրականութիւն» դասագիրքը: Հեղինակել է «Խոնարհները», «Երբ պատանի են» պատմվածքների ժողովածուները, հեքիաթներ, արձակ բանաստեղծություններ և այլն:
1904 թվականի այս օրն է ծնվել անվանի ռեժիսոր Վարդան Աճեմյանի կինը՝ թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասանուհի Արուս Ասրյանը:
Ասրյանի բեղմնավոր գործունեությունը պատկանում է հայ բեմին (մոտ 250 դեր)։ Սակայն դերասանուհին հմայիչ կերպարներ է ստեղծել նաև կինոյում։ 1940 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանում է «Քաջ Նազարը»։ Ֆիլմի ռեժիսոր Ամասիյ Մարտիրոսյանը հրավիրում է շնորհալի դերասանուհուն ֆիլմում խաղալու Ուստիանի դերը։ Ասրյանի փայլուն կատարումով այսօր էլ «Քաջ Նազար» ֆիլմը դիտելիս հանդիսատեսը հմայլվում է Ուստիանով։ 1943 թ. Համո Բեկնազարյանը նկարահանում է «Դավիթ Բեկը» ֆիլմը, որտեղ կար մի էպիզոդիկ դեր, որի համար ռեժիսորը որոնումների մեջ էր։ Դա սևամորթ աղախնու՝ Զեյնաբի դերն էր, որ շատերն էին փորձել, բայց չէին գոհացրել ռեժիսորին։ Փորձի հրավիրված Արուս Ասրյանը, երբ երգում է ֆիլմում նախատեսված թախծալի երգը Համո Բեկնազարյանը հուզված բացականչում է. «Սա արդեն այն է, ինչ ես ուզում եմ»։
1916 թվականի այս օրն է ծնվել ամերիկացի հայտնի դերասան Քըրք Դուգլասը՝ Մայքլ Դուգլասի հայրը:
Դուգլասի համար առաջին աստղային դերը 1949 թվականի «Չեմպիոն» ֆիլմն էր, որտեղ նա խաղում էր բռնցքամարտիկ Միջ Քելլի դերը, որին հաջորդեցին «Չարերը և գեղեցիկները», «Կյանքի ծարավ» ֆիլմը, որտեղ նա մարմնավորում էր հոլանդացի հայտնի նկարիչ Վինսենթ Վան Գոգին, «Վիկինգները», ապա Կուբրիկի «Փառքի արահետներ» և վերջապես իր թերևս ամենաստղային ֆիլմը՝ «Սպարտակը», որից հետո նա հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։ Այդ ֆիլմի համար նա հանդես եկավ նաև որպես պրոդյուսեր և ֆիլմի բյուջեն ավելացրեց մոտ 12 միլիոն ԱՄՆ դոլարով, ֆիլմը այդպիսով դարձնելով այդ ժամանակների ամենաթանկ նախագծերից մեկը:
1942 թվականի դեկտեմբերի 9-ին առաջին անգամ բեմադրվել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը:
Բալետի հեղինակն է հայ հռչակավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը: Գործողությունները կատարվում են Հայաստանում XX դարի 30-ական թվականներին: «Գայանե»-ն ի սկզբանե կոչվում էր «Ուրախություն», հետագայում այն վերանայվում և վերանվանվում է «Գայանե»։ Առաջին բեմադրությունը եղել է Պերմում, Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի ուժերով։ Վերաբեմադրվել է 1952 թվականին:
1968 թվականի այս օրն է ամերիկացի գյուտարար, գիտնական Դուգլաս Էնգելբարտը առաջին անգամ ցուցադրել իր ստեղծած համակարգչային մկնիկը:
1991 թվականի դեկտեմբերի 9-ին Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը վերանվանվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, իսկ 2014 թվականին այն կրում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան անվանումը: