կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-18 23:30
Քաղաքական

Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել

Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել․ տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից՝ հայտնելով, որ պետությունից առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալների գույքի վրա կալանք է դրվել ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով։

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ վերը նշված քրեական գործով մեղադրյալ են Սերժ Սարգսյանը և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։ Այսինքն՝ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա ևս ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով կալանք է դրվել։

Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանը, տեղյակ լինելով ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի  շրջանակներում ավելի էժան գնով դիզելային վառելիքի մատակարարի առկայության մասին, գիտակցել է, որ այլ մատակարարների առաջարկած՝ պետության համար շահավետ գների առկայության պայմաններում դրանց համեմատ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ՍՊ ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու արդյունքում պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ: Անտեսելով այդ հանգամանքը՝ նա «Ֆլեշ» ՍՊ ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակության կատարումը, մասնավորապես` հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:

Արդյունքում` Կառավարության կողմից 2013 թվականի փետրվարի 7-ին ընդունված որոշմամբ, Կառավարության պահուստային ֆոնդի հաշվից 17 մլն 41 հազար 300 լիտր դիզելային վառելիքի մատակարարման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն է տրամադրվել 1 միլիարդ 789 միլիոն 336 հազար ՀՀ դրամ, որն էլ  ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև 2013 թվականի փետրվարի 14-ին կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա 2013 թվականի փետրվարի 21-ին փոխանցվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերության բանկային հաշվին:

Հետագայում Կառավարության որոշմամբ պահանջվող վառելիքի քանակը լրացվել է մինչև 17 մլն 343 հազար 530 լիտր, իսկ տրամադրված գումարի չափը՝ մինչև 1 մլրդ 821 մլն 70 հազար ՀՀ դրամ, որի կապակցությամբ 2013 թվականի մարտի 19-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագրով 2013 թվականի ապրիլի 2-ին նշված ընկերությանն է փոխանցվել ևս 31 մլն 734 հազար ՀՀ դրամ:

Արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12 մլն 88 հազար 334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը  կազմել է 1 մլրդ 269 մլն 275 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 մլն 183 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423 մլն 91 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

Չիրացված վառելիքի մնացած մասի՝ 5 մլն 255 հազար 196 լիտրի համար տրամադրված 551 մլն 795 հազար ՀՀ դրամը, ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ թողնվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը՝ ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար: Կառավարության հիշյալ որոշման հիման վրա 2013 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև կնքվել է «Սուբսիդիա տրամադրելու մասին» պայմանագիր, համաձայն որի՝ տրամադրված 551 մլն 795 հազար ՀՀ դրամ սուբսիդիան վերաձևակերպվել է 6 մլն 131 հազար 62 լիտր դիզելային վառելիքի համար:

Արդյունքում` ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 3 մլն 303 հազար 431 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 297 մլն 308 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 231 մլն 240 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 66 մլն 68 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

Այսպիսով, ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով հափշտակվել է ընդհանուր առմամբ 489 մլն 160 հազար ՀՀ դրամ: