Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատարանը կալանք է դրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ եւ զավակների գույքի վրա։ Այս տեղեկությունը հայտնեցին դատախազության մամուլի ծառայությունից։
Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց: Մանվել Գրիգորյանին փոխկապակցված անձինք՝ կինը, որդիներն ու աղջիկները, դատախազություն են հրավիրվել վարույթի նյութերին ծանոթանալու եւ դիրքորոշում հայտնելու համար:
Ըստ դատախազության՝ ժառանգության իրավունքով նրանց պատկանող գույքը ենթակա է բռնագանձման:
Գլխավոր դատախազությունից պարզաբանեցին, որ մահվան հանգամանքը չի բացառում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 19-ին։ Նա իր կյանքի վերջին օրերին գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Պատերազմի մեկնարկից հետո մեկ շաբաթ Արցախում լինելու ժամանակ վարակվել էր կորոնավիրուսով եւ առողջական վիճակը կտրուկ վատացել էր, տեղափոխվել էր Երեւան:
Մանվել Գրիգորյանը երկար ժամանակ առողջական խնդիրներ ուներ: Իրեն առաջադրված մեղադրանքներով դատական նիստերը շուրջ մեկուկես տարի ձգձգվում էին այդ պատճառով: Նրա համար պարբերաբար շտապօգնություն էր ժամանում դատարան: Միայն դրանից հետո դատարանը նրան կալանքից ազատելու որոշում կայացրեց՝ պայմանավորված շուրջ 30՝ կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններով:
Նա 2018 թվականի հունիսի 16-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց՝ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով: Ավելի ուշ նրան առաջադրվեցին նաեւ ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեղադրանքներ: Այս ընթացքում էլ իր եւ իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատավարությունն ընթանում է։