| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել։
Այս մասին պաշտպանական կողմը տեղեկացել է՝ ի պատասխան գրավոր ներկայացված միջնորդության։
Ինչպես արդեն տեղեկացրել էր «Փաստինֆո»-ն փաստաբանը գրավոր միջնորդություն էր ներկայացրել գործը քննող ՀՔԾ քննիչին՝ խնդրելով տրամադրել բոլոր դատավարական փաստաթղթերը, որոնք ստանալու իրավունք ունեն, ինչպես նաեւ վերադարձնել Արմեն Թավադյանի տանը կատարված խուզարկության ժամանակ առգրավված գույքը և դրամական միջոցները վերադարձնել։
ՀՔԾ-ից «Փաստինֆո»-ին հայտնել էին, որ միջնորդությունը բավարարվել է մասնակի. Առգրավված գույքը վերադարնձելու մասը մերժվել է, իսկ դատավարական որոշ փաստաթղթերին ծանոթանալու հնարավորություն տրվել։ Ըստ այդմ էլ պաշտպանական կողմը տեղեկացել է հեռուստաընկերության սեփականատիրոջ գույքի վրա կալանք դնելու ՀՔԾ քննիչի որոշման մասին։
Ընդ որում՝ առգրավված դրամական միջոցները վերադարձնելու մասին փաստաբանի միջնորդության մերժումը ՀՔԾ-ն պատճառաբանել է նրանով, թե Թավադյանի գույքի վրա կալանք էր դրված, մինչդեռ փաստաբանը նշում է, որ գույքի և դրամական միջոցների առգրավման ժամանակ Թավադյանի գույքի վրա կալանք դրված չի եղել։
Դառնալով կալանք դնելու մասին որոշմանը՝ Խուդոյանը նշեց, որ այն հիմնավորված և պատճառաբանված չէ, հետեւապես առաջիկայում այն կբողոքարկեն։
Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 19-ին ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, ըստ որի Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որով նախաքննությունը կատարվում է ՀՔԾ-ում։
Նախաքննական մարմինը ոստիկանության կողմից ներկայացված արարքը որակել է սուտ ցուցմունք տալու համար տուժողին կաշառելը, որ կատարվել է կազմակերպված խմբի կողմից եւ մեղադրանք առաջադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից՝ ավելի վաղ ձերբակալված Վ.Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, եւ նրան ազատել արգելանքից։ Փոխարենը նույն օրը ձերբակալվել է հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, ապա նաեւ կալանավորվել՝ նույն մեղադրանքով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան