Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քննիչը Քոչարյանի գույքի վրա կալանք դնելը գնահատել է հավասարակշռության և ողջամտության համատեքստում. այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ասաց Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու գործով դատախազ Պետրոս Պետրոսյանը` նշելով նաև, որ երկրորդ նախագահի գույքի վրա կալանք դնելու հիմքը կանխատեսական բնույթ է կրում:
«Քննիչը գնահատել է` կարող են լինել մեծաքանակ դատական ծախսեր, գույքի բռնագանձում` հետագայում` արդեն Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագում: Այդ համատեքստում ողջամիտ են կասկածներն առ այն, որ գույքը հետագայում չբռնագանձվելու նպատակով օտարվի կամ փչացվի»,- ասաց նա:
Նիստը նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանն արձագանքեց` դիմելով մեղադրողներին` ինչո՞ւ է քննիչը կալանք դրել Քոչարյանի ամբողջ գույքի վրա։
Ի պատասխան՝ դատախազ Վահե Դոլմազյանը մանրամասնեց, որ նախաքննական մարմինը դատական ծախսերի վերաբերյալ պատկերացում չի ունեցել, ինչի հետևանքով էլ չի իմացել Քոչարյանին պատկանող որ գույքի վրա կալանք դնի, որի վրա՝ ոչ։
Դատավորը հակադարձեց. «Այսինքն` եթե չեք ունեցել թիվ, ուրեմն նշանակում է` պետք է կալա՞նք դնեիք ամեն ինչի վրա»:
Դատավորի հարցադրմանը պատասխանեց Դոլմազյանը` բացատրելով, որ կալանք դնելու պահին քննիչն ամեն ինչի մասին պատկերացում չի ունեցել։
Դատավորը կրկին հակադրվեց. «Այսինքն` եթե քննիչը չունի պատկերացում, թե ինչի վրա է կալանք դնում, նա պետք է կալանք դնի ամեն ինչի վրա՞»:
Դատախազն այս անգամ մանրամասնեց, որ քննիչը կանխատեսում է արել դատական ծախսի չափի վերաբերյալ, ինչին համաչափ որոշում է կայացրել` գույքի վրա կալանք դնել։
«Քննիչի տրամադրության տակ հստակ և ամբողջական տեղեկություններ չեն եղել Քոչարյանի անվամբ գրանցված գույքի ու դրամական միջոցների վերաբերյալ: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի աշխատասենյակից խուզարկությամբ առգրավված գումարին և զենքերին, նույնականացման քարտերին, ապա դրանց վերաբերյալ առաջին ատյանի դատարանի գնահատականները հիմնավոր չեն: Մյուս կողմից` Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մյուս՝ կաշառքի մասով մեղադրանքը ենթադրում է գույքի բռնագրավում»,- նշեց նա:
Անդրադառնալով դատավորի հաջորդ հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայումս քաղաքացիական հայց ներկայացվա՞ծ է , դատախազ Պետրոս Պետրոսյանը բացասական պատասխան տվեց:
Դիրքորոշում հայտնեց նաև Ռոբերտ Քոչարյանը՝ հայտարարարելով, որ իր իրավունքները «լկտի ձևով ոտնահարվում են»։
«Ինձ թվում է, որ դատախազությունը պետք է բացի մեղադրելուց, հետևի նաև օրինականությանը, պաշտպանի մարդու իրավունքները», - հայտարարեց Քոչարյանը։
Նա դատարանին հայտնեց, որ և՛ ինքը, և՛ իր պաշտպանները տեղյակ են պահել քննիչին իր իրավունքների խախտման մասին, սակայն ապարդյուն՝ ոչ մի արձագանք չի եղել։ Նախկին նախագահը նաև տեղեկացրեց, որ իր գրասենյակից առգրավել են փաստաթղթեր, որոնք վկայել են իր գույքի ու միջոցների օրինականության մասին։
«Ինձ համար դա տարօրինակ էր, այսինքն՝ առգրավել են բոլորը՝ ինչը ինչպես ու ինչ բանկային հաշիվներով եմ ստացել։ Դրանք բոլորը դրված էին իմ սեյֆում։ Ես մի քանի անգամ նշեցի այդ փաստաթղթերի վերադարձի մասին, սակայն էլի առանց արձագանքի։
Իմ տպավորությամբ՝ սա ուղղակի մի պրակտիկա է, որը Հայաստանում գոյություն ունի, քանի որ այնքան սովորական էր այս ամեն ինչն արվում, ուղղակի շշմում էի, թե ոնց էր կարելի օրենք խախտել և սովորական արձագանքել, երբ ես ասում էի օրենք եք խախտում։
Զարմանալի էր, կենսաթոշակի հարցով ասում էի՝ լավ, ես պետք է թե՛ կոմունալ, թե՛ փաստաբանական ծախսերը հոգամ: Ինչի՞ եք այնպես անում, որ ես, ունենալով հնարավորություն, օգտվեմ իմ բարեկամների, հարազատների աջակացությունից, դա ինձ պատիվ չի բերում: Դարձյալ որևէ արձագանք չկա։ Ենթադրում եմ՝ սա մի պրակտիկա է, որը արվում է այն նույն կոնտեքստով՝ մարդուն զրկում են ամեն ինչից, բոլոր հնարավորություններից՝ խեղճացնելու նպատակով։ Ձեր հարցը հետաքրքիր էր, թե 27 հազարն ինչի՞ են վերցրել, ես կարծում եմ՝ շոկից, երևի թե սեյֆը բացեց, տեսավ՝ 4 միլիարդ չի, 27 հազար է», - հայտարարեց նախագահը:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին նշանակված դատական նիստը հետաձգվել էր. բողոքը ներկայացրած դատախազը նիստին չէր ներկայացել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2018 թվականի հուլիսի 30-ին, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց կալանք է դրվել նրա գույքի և բանկային հաշիվների վրա: Նախաքննական մարմինը ավելի վաղ արգելանք էր դրել նաև երկրորդ նախագահի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը հետագայում ՄԻՊ-ի միջնորդությամբ հանվել էր:
Առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը քննելով Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը, հունիսի 7–ին որոշում էր կայացրել և արձանագրել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախատումը, իսկ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու վարույթն իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով բողոքը մերժել։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Դատախազությունը, սակայն համարում է, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վերաբերյալ որոշումն օրինական է և բողոքարկել է այս որոշումը։