կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-08 18:15
Հասարակություն

Իշխանությունները մեծ վտանգ են տեսնում ՀՅԴ-ի ուժից. Արմենուհի Կյուրեղյան

Իշխանությունները մեծ վտանգ են տեսնում ՀՅԴ-ի ուժից. Արմենուհի Կյուրեղյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՅԴ-ական երիտթեւի ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ նախարարի հրաժարականը չի կարող լինել քաղաքական զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք: Հիշեցնենք, որ այս հայտարարությանը նախորդած օրը տեղի էր ունեցել բախում ՀՅԴ-ական ակտիվիստների եւ ոստիկանության միջեւ ԿԳՄՍ նախարարության առջեւ: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» պարզեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ վեցերորդ գումարման նախկին պատգամավոր ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻ տեսակետը:

- Եթե ՀՅԴ-ն զրո քաղաքական ազդեցություն ունեցող ուժ է, ապա ինչո՞ւ հանկարծ այդքան մեծ, լայն թափով փորձեցին երիտասարդների` նախարարի հետ հանդիպելու, նրան առաջ քաշված հարցերը քննարկելու ընդամենը մեկ պահանջին այդպիսի հակընդդեմ քայլ իրականացնել: Ինչո՞ւ բերեցին այդքան ոստիկանական ուժ, կարմիրբերետավորներ, եթե ՀՅԴ-ն զրո քաղաքական ազդեցություն ունեցող ուժ էր: Իրենք շատ լավ վախենում են ՀՅԴ-ից, որովհետեւ ՀՅԴ-ն այն ուժն է, որը երբեք թույլ չի տալու երկրի իշխանություններին իրականացնելու  ազգակործան քաղաքականություն, երբեք թույլ չի տա, որ նրանց որեւէ քայլը հանկարծ խաթարի մեր ազգային արժեքները: Այդ առումով նրանք մեծ վտանգ են տեսնում ՀՅԴ-ի ուժից, չէ որ իրենք եկել են կոնկրետ ծրագիր իրականացնելու: Նրանք իրականացնում են ազգակործան քաղաքականություն, եւ այդ իրականացման ճանապարհին առաջին պատնեշը, ընդ որում`  ամենավտանգավոր ուժն իրենց համար ՀՅԴ-ն է: Դրա համար էլ լայն թափով սկսել են ՀՅԴ-ի դեմ ելույթներ իրականացնել:

– Սա Ձեզ չի՞ հիշեցնում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունը:

– Այո, եւ իրենք պետք է լավ հիշեն, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունն ինչ ճակատագիր ունեցավ: Իրենք ի սկզբանե իրենց հայտարարում են ժողովրդի կառավարություն, իսկ ժողովրդի կառավարությունում պետք է լինեն ժողովրդի նախարարներ: Եթե 60 հոգանոց «Ռեսթարթ» խումբը կարող էր գնալ մամլո ասուլիս խափանել եւ ասել` ժողովուրդն այդպես է պահանջում, ապա ինչո՞ւ մեր երիտասարդների պահանջը` ընդամենը հանդիպել նախարարի հետ եւ քննարկել այն մտահոգությունները, որոնք իրենք էին առաջ քաշել, ժողովուրդ չէին: Պարզապես, Արայիկ Հարությունյան նախարարն իրավունք չունի նախարար կոչվելու, նա բովանդակային զրույցի պատրաստ չէ եւ չէր կարող պատասխանել հարցերին, որոնք առաջ էին քաշվել մեր երիտասարդների կողմից: Նա նույնիկ չկարողացավ պատասխանել գիտնականների, դասախոսների հետ հանդիպման ժամանակ բարձրացված հարցադրումներին,  այնտեղ էլ հո բոլորը ՀՅԴ-ականներ չէին: Ցանկացած հարց նա տանում է քաղաքական դաշտ, ի՞նչ է նշանակում, երբ դասախոսը հարցադրում է անում հայոց լեզվի վերաբերյալ, ինքն ասում է` ձեր եղբոր կուսակցությունը.... Եղբայր, քեզ տվել են նախարարին վերաբերող հարց, ի՞նչ կապ ունի այստեղ` ում բարեկամը որ կուսակցությունից է:

– Արայիկ Հարությունյանը փորձում էր, այսպես ասած, դրսի ՀՅԴ-ականներից տղա բերել Ձեր կուսակցության դեմ, բայց չստացվեց: Հիմա Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ձեր կուսակցությունը զրո քաղաքական ազդեցություն ունի: Սպասե՞նք Սփյուռքի ՀՅԴ-ականներից որեւէ արձագանք:

– Արայիկ Հարությունյանի դեմ դրսում տեղի ունեցած ակցիաները ոչ թե կազմակերպված, այլ ինքնաբուխ էին: Իսկ դրսի եւ ներսի Դաշնակցություն գոյություն չունի, դա իրենց մտասեւեռումն է: Իրենք են այդպես ուզում, որպեսզի տրոհեն ՀՅԴ-ին: Այնպես որ, պատասխան, բնականաբար, լինելու է, եւ մեր քայլերն ամեն օր կրկին ապացուցելու են, որ եթե զրո է, ապա ինչո՞ւ եք վախենում:

– Տիկին Կյուրեղյան, Ձեզ մեղավոր չե՞ք զգում այսօրվա իրավիճակի համար, չէ՞ որ տարիուկես առաջ նաեւ Ձեր եւ Ձեր խմբակցության քվեարկությամբ ու աջակցությամբ Փաշինյանը դարձավ վարչապետ:

– Երբ մենք նրան ձայն տվեցինք եւ ընտրեցինք որպես վարչապետ, նախապես` մինչեւ մեր ձայն տալը, մեր միջեւ կայացել էր բանակցություն: Ձեռք էին բերվել որոշակի պայմանավորվածություններ, որ պարոն Փաշինյանը, վարչապետ դառնալով, պետք է մի շարք հարցեր լուծի այն ուղղությամբ, ինչպես մենք էինք մատնանշում: Եվ պատկերացրեք, որ ստացել էինք նրա համաձայնությունը` Ընտրական օրենսգրքի փոփոխություն, մեկ տարվա ընթացքում արտահերթ ընտրությունների կայացման, ուժային կառույցները վարչապետի ենթակայությունից Ազգային ժողովի ենթակայություն տակ դնելու  եւ այլնի հետ կապված: Նա ընդունել էր մեր առաջարկները, բայց ո՞ւմ մտքով կանցներ, որ Ն. Փաշինյանը վարչապետ էլ դառնա, միեւնույնն է, մնալու է փողոցի հանրահավաքի ղեկավար: Նա այդպես էլ վարչապետ չդարձավ եւ այդ պահին մեր ձայնը ստանալու համար` ընդամենը ժպտաց մեզ:

– Ինչո՞ւ, լինելով փորձառու քաղաքական ուժ, խաբվեցիք...

– Այո, մենք խաբվեցինք, ընդունում ենք, որ միգուցե խաբվեցինք, բայց իրավունք չունեինք չհավատալու: Ի վերջո, այն ժողովուրդը, որ փողոց էր դուրս եկել, մեր հայ ժողովուրդն էր, նա նաեւ մեզնից էր պահանջում:

– Ռոմատիզմի զոհ դարձա՞ք...

– Չէի ասի` ռոմանտիզմի, մենք իրատես ենք, այնպես չէ, որ էյֆորիայի մեջ ենթադրում էինք, որ Նիկոլ Փաշինյանը հեսա եկավ եւ երկիրը բերելու է մեր ուզած ընթացքի մեջ դնի:

– Ոչ միայն ՀՅԴ-ի, այլեւ հայ ժողովրդի կողմից Փաշինյանի կառավարությանը ներկայացվող կարմիր քարտն արդեն հասունանում է: Մի կողմից` ադրբեջանական իշխանությունը կապիտուլիացիոն պահանջներ է ներկայացնում, մյուս կողմից` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ բանակցությունները արդյունք կբերեն միայն այն դեպքում, երբ երեք ժողովուրդները համախմբվեն ընդհանուր որոշման շուրջ: Իսկ երրորդ կողմը հայտարարում է, թե ինքը ինչից հետո միայն կարող է գնալ բանակցությունների, սա ի՞նչ է նշանակում, այսինքն` պատրա՞ստ ենք այս մեկնարկից սկսելու բանակցությունները: Ինձ մտահոգում է, որ մեր Արտաքին գործերի նախարարությունը չարձագանեց եւ դեռ ավելին` ինչ-որ արձագանքներ հնչեցին վարչապետի կնոջ շուրթերից: Իրենց կարճ խելքով թվում է, որ իրենք կարող են ինչ-որ գաղտնի բանակցությունների արդյունքում փաստաթուղթ ունենալ եւ դնել սեղանին` մեր ժողովրդին փաստի առաջ կանգնեցնելով: Բայց ինչքան էլ ուզում են սեւ ու սպիտակի,  հեղափոխական-հակահեղափոխականի բաժանել, միեւնույնն է, հայ ժողովուրդը միակամ է Արցախի հարցում, եւ որեւէ բանակցություն չի կարող ընկալելի լինել մեր ժողովրդի կողմից, եթե այն մեր ինքնությանն ու պետականությանը դեմ է: Մի՞թե մինչեւ հիմա մեր ունեցած ձեռքբերումները պետք է փորձեն  վերադարձնել, թող Նիկոլ Փաշինյանին եւ իր մանկամիտ թիմին չթվա, թե Արցախի հարցում կարող են անել այն ամենը, ինչ ուզում են` հենվելով միայն նրա վրա, որ 70 տոկոս ձայն են ստացել: Միեւնույնն է, իրենք կնստեն իրենց առաջարկած գնացքը եւ կգնան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ