կարևոր
3862 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-16 17:22
Քաղաքական

Նորից պնդում եմ, որ այս իշխանությունները եկել են երկիրը քանդելու հատուկ ծրագրով․ Արմենուհի Կյուրեղյան

ԱԺ-ում հայտարարությամբ հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը․ ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի հայրենակիցներ, հունվարի 4-ին, 5-ին մենք բոլորս դիտեցինք վարչապետի աթոռը պինդ գրկածի էժանագին շոուների շարքից 2 նոր արար։

Այդ մարդը այդպես էլ ասֆալտի ու պատին ծեփելու մակարդակից չբարձրացավ։

Նրան թվում է, որ եթե պոկվող կախիչի ու ցնցուղի համար մարդկանց ազատի աշխատանքից, ապա հանրությունը կների իրեն ամեն ինչ՝  հայրենի Արցախի հանձնումը, հայրենիքի սահմաններից ներս թշնամու ներխուժումը հանդուրժելը, հազարավոր երիտասարդների մահը։

Չի ներվելու։

Սպորտդահլիճի կամ դպրոցի շինարարության վրա ուշադրություն դարձնողը մոռանում է,  կամ չի էլ հասկանում,  որ դպրոցաշինությունը համալիր մոտեցում է  պահանջում։

Առաջին հերթին դա որակյալ կրթության համար անհրաժեշտ դպրոցական ծրագրերն են, դպրոցներում մանկավարժների համարժեք մակարդակի ապահովումը։

Ինչ որ կախարդական հոտառությամբ կամ կոնկրետ հուշումով  դպրոցում պոկվող կախիչի տեղը գուշակողը, ցնցուղի անորակությունը արտաքինից հասկացողը  չի կարող չտեսնել, որ այսօր իր ղեկավարած կառավարությունը քանդում է կրթական համակարգի  կարևոր  հենասյուները։

Կամավոր ատեստավորման անվան տակ իրականում իրականացվում է պարտադիր ատեստավորում, քանի որ առաջին ատեստավորումը չանցնելու դեպքում պարտադիր վերաատեստավորվելուց և բավարար արդյունք չունենալուց հետո ուսուցիչն ազատվում է աշխատանքից։ Բավարար արդյունքը 60%  է։

Եվ այստեղ խնդիրը ոչ 60 տոկոսն է, ոչ էլ առաջադրանքների բարդությունը, այլ  հարցերի, ենթահարցերի քանակի, դրանց լուծման համար բավարար ժամանակի ու ատեստավորման համար տրամադրված ժամանակի անհամարժեքությունը։

Պարզ է, որ կամավոր ատեստավորման համար առաջինը դիմում են իրենց մասնագիտական ոլորտում համեմատաբար առավել կայացած, իրենց առարկան տիրապետող ուսուցիչները։

Իսկ երբ համեմատում ենք դիմած և ատեստավորված ուսուցիչների թվերը, տեսնում ենք, որ շատերը չեն ատեստավորվել և ենթակա են աշխատանքից ազատվելու։ Եվ դա շատ դեպքերում ժամանակային անհամարժեքության պատճառով:

Փաստորեն աշխատանքից ազատվում են մասնագիտական համեմատաբար բարձր որակ ունեցողները և մնում են նրանք, ովքեր նույնիսկ ատեստավորման համար չեն էլ դիմում։

Հրաշալի քաղաքականություն։

Հիմա սա ի՞նչ է, եթե ոչ դպրոցները առարկայական համեմատաբար լավ ուսուցիչներից, իսկ մարզային դպրոցները՝ այդ թվում նաև սահմանամերձ, համապատասխան առարկայական ուսուցիչներից ընդհանրապես զրկելու գործընթաց, ինչպես օրինակ այսօր Լոռու մարզի Ձորամուտ գյուղում է, որտեղ 4 դասվարից 2-ը չեն անցել կամավոր ատեստավորումը և ենթակա են ազատման, 1-ը գնացել է երեխայի խնամքի արձակուրդի,  փոխարինող չեն գտնում և ստիպված անցել են տարրական դասարանում առարկայական դասաբաշխման, ինչը մեթոդական լուրջ խնդիր է:

Հիմա հարց․ սա անկարողություն է՞, թե հատուկ ծրագրով կրթական համակարգը քանդել։

Ես նորից ու նորից պնդում եմ, որ այս իշխանությունները եկել են երկիրը քանդելու հատուկ ծրագրով։

Բայց իմացեք, որ դա ձեզ չի հաջողվելու։

Դա դուք չեք մարսելու»։