Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունն այսօր ասուլիսում ամփոփել է ԽՎ 7-րդ նստաշրջանի աշխատանքները:
Պատվիրակության անդամ` ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը խոսեց վեհաժողովի և հանձնաժողովների լիագումար նիստերի շրջանակներից դուրս կայացած հանդիպումների, աշխատանքային խմբերի գործունեության մասին: Պատգամավորի խոսքով` դրանք էլ պակաս կարևոր չէին: «Այդ նիստերի շրջանակներից դուրս ես` որպես ՀՅԴ ներկայացուցիչ, հանդիպել եմ Հայ դատի Բրյուսելի ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցչական աշխատանքային խմբի հետ»,- ասաց նա:
Կյուրեղյանի խոսքով` այդ հանդիպումների ընթացքում ներկաների կողմից շատ մեծ հետաքրքրություն է ցուցաբերվել Հայաստանում ներքաղաքական զարգացումների, ինչպես նաև առաջիկա ընտրական բարեփոխումների նկատմամբ: «Երկու հանդիպումների ընթացքում էլ ներկաները բարձր գնահատական էին տալիս մեր երկրում ոչ բռնի իշխանափոխությանը` կարևորելով այն փաստը, որ գործընթացում ներգրավված ուժերն ամեն ինչ ներդրեցին, որպեսզի այդ ամենը լինի խաղաղ ճանապարհով»,- հայտնեց նա:
Պատգամավորն ընդգծեց, որ խիստ կարևորվել է Ընտրական օրենսգրքի բարելավման գործընթացներում հանրության տարբեր ներկայացուցիչների մասնակցությունը` քննարկումների տարբեր ձևաչափերով: «Կարևորվեց քաղաքական համաձայնությամբ իրականացվող բարեփոխումների գործընթացը, նաև այդ բարեփոխումների ընթացքի համար այնպիսի ճանապարհի ընտրությունը, որով հաշվի կառնվեն Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի առաջարկությունները»,- նշեց նա:
Կյուրեղյանն անդրադարձավ նաև վեհաժողովում արդեն ավանդույթ դարձած` կանանց ֆորումի գործունությանը: «Արդեն երկրորդ լիագումար նիստն է կայանում, որին մասնակցում են Եվրախորհրդարանի, ինչպես նաև Արևելյան գործընկերության պատվիրակները: Ուզում եմ արձանագրել այն փաստը, որ Արևելյան գործընկերության մյուս ներկայացուցիչները, երբ խոսում էին կանանց ներգրավվածության մասին իրենց երկրների խորհրդարաններում կամ որոշումների կայացման մասին, ես հպարտորեն հասկացա, որ մենք բավականին առաջընթաց ունենք այդ երկրների նկատմամբ: Եթե նրանք նոր միայն խոսում են հնարավոր օրենսդրական միջոցառումների ներդրման մասին, որոնք կնպաստեին կանանց ներգրավվածությանը օրենսդիրում, մենք արդեն այդ հարցը լուծել ենք: Իհարկե, մենք դրա բարելավման խնդիրն ենք հիմա դրել մեր օրենսդիրի առջև, նաև հիմա ուրիշ մակարդակի մասին ենք խոսում` տեղական ինքնակառավարում, նշանակովի, հայեցողական պաշտոններում կանանց ներգրավվածություն»,- եզրափակեց պատգամավորը: