կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-16 22:07
Քաղաքական

Երկրում ձևավորվում է մենիշխանություն հաստատելու իրական վտանգ․ Արմենուհի Կյուրեղյան

Երկրում ձևավորվում է մենիշխանություն հաստատելու իրական վտանգ․ Արմենուհի Կյուրեղյան

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ ՍԴ մասին արված հայտարարության և այլ հարցերի շուրջ, Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանի հետ: Նա կարծում է՝ ըստ էության, մեկ տեղում կենտրոնացնելով գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունը՝ երկրում, փաստացի, ձևավորվում է մենիշխանություն հաստատելու իրական վտանգ։ Սա ինքնին արդեն ազգային անվտանգության խնդիր է և ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարությունը պետք է դիտարկել այս համատեքստում:

– Տիկին Կյուրեղյան, երեկ հայտարարությամբ հանդես եկավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նշելով. «Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էր նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին»։ Ըստ Ձեզ ի՞նչ է ենթադրում Վանեցյանի այս հայտարարությունը:

– Այսօր կեղծ «ժողովրդական պահանջի» անվան տակ իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության տարանջատման և փոխադարձ զսպումների սահմանադրական սկզբունքի ոտնահարում: Քաղաքական իշխանությունը ձեռնամուխ է եղել օրենսդիր ու գործադիր իշխանությունից անկախ դատական իշխանության նվաճմանը և այդ նպատակին հասնելու համար չի կաշկանդվում միջոցների ընտրության հարցում՝ ընդհուպ մինչև Սահմանադրությանը և իրավական պետության սկզբունքներին հակասող նախագծերի և ռազմավարությունների մշակում և իրականացում: Ըստ էության, մեկ տեղում կենտրոնացնելով գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունը երկրում, փաստացի, ձևավորվում է մենիշխանություն հաստատելու իրական վտանգ։ Սա ինքնին արդեն ազգային անվտանգության խնդիր է և ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարությունը պետք է դիտարկել այս համատեքստում:

– Ի՞նչ անվտանգության մասին է խոսքը, ՍԴ-ն ի՞նչ կապ ունի անվտանգության հետ:

– Սահմանադրական կարգի պահպանումը ազգային անվտանգության հիմնական հարցերից է, իսկ Սահմանադրական դատարանը դատական իշխանության անկախության երաշխավորն է, սահմանադրական անվտանգության երաշխավորն է: Սահմանադրական անվտանգության վրա կամայական հարձակում ինքնին սպառնալիք է երկրի անվտանգության համար և, հետևաբար, Սահմանադրական դատարանն ուղղակի առնչվում է այդ հարցին՝ լինելով անվտանգության հիմնական երաշխավորներից:

– Եթե ԱԱԾ նախկին տնօրենը նման բան է ասում, ենթադրելի՞ է, որ նրան հրահանգ է եղել ՍԴ անդամների դեմ ինչ-ինչ քայլեր ձեռնարկել:

– Ինձ թվում է, որ այդ հարցի հասցեատերը հենց ինքը՝ ԱԱԾ նախկին տնօրենն է, և ես չեմ ուզում ենթադրություններ անել:

– Ըստ Ձեզ, ինչո՞ւ են համակարգից դուրս գալուց հետո միայն պաշտոնատար անձինք խոսում երկում կարևոր խնդիրների առկայության մասին:

– Գիտեք, երբ ներգրավված ես որոշումներ կայացնող պետական տարբեր կառույցներում ու համակարգերում, միշտ աշխատում ես ներսում փորձել բարձրաձայնել առկա խնդիրների ու դրանց լուծումների անհրաժեշտության ու ճանապարհների մասին: Եվ եթե այդ փորձերը արդյունք չեն տալիս ու դուրս ես գալիս այդ համակարգից, ապա այլ ճանապարհ չի մնում, քան բարձրաձայնել երկրի համար կարևոր խնդիրների առկայության մասին և հանրության ուշադրությունը հրավիրել այդ հարցերի վրա:

– Առհասարակ ինչպե՞ս կգնահատեք ՍԴ շուրջ իրադարձությունները, խոսվում է, որ ՍԴ դատավորների վերաբերյալ անձնական տվյալներ են հավաքվում, որ նրանց ստիպեն օգտվել վաղ կենսաթոշակի անցնելու օրենքից:

– Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի դատավորների և ընդհանրապես ՍԴ-ի նկատմամբ դրսևորվում է անթույլատրելի քաղաքական վարքագիծ և եթե այդ տեղեկություններն իսկապես համապատասխանում են իրականությանը, կոնկրետ նշված նպատակին հասնելու համար իսկապես նման տվյալներ են հավաքվում, ապա գործ ունենք քրեորեն դատապարտելի գործողությունների հետ: