կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-05 16:46
Հասարակություն

Հանդիպում համայնքի ներկայացուցիչների հետ և այց Հյուսիսային Ամերիկայի մեծագույն հայկական դպրոց. շարունակվում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի այցը Կանադա

ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի հրավերով Կանադա ժամանած ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Մոնրեալի և Լավալի հայկական համայնքների մեջ գործող ավանդական կուսակցությունների, եկեղեցական, կրթական, բարեսիրական, մշակութային և մարզական միությունների վարչությունների ներկայացուցիչների հետ. տեղեկացնում է Yerkir.am-ը:

Այցի շրջանակներում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը այցելել է նաև Մոնրեալի Սուրբ Հակոբ Ազգային վարժարան

ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Գարագաշյանի ընկերակցութեամբ՝ Ի. Սաղաթելյանը ծանոթացել է դպրոցի բաժանմունքների, հայ լեզուի, գրականության ու պատմության դասավանդման  ընթացքին և ծրագրին, ինչպես նաև դպրոցական ու արտադպրոցական միջոցառումներին, ապա հանդիպում ունեցել աշակերտների հետ, ունեցել մտերմիկ զրույց:

Ի. Սաղաթելյանը հանդիպել է նաև վարժարանի տնօրինուհի Լորի Ապրաքյանի հետ:

Այցի ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը Հյուսիսային Ամերիկայի հայկական մեծագույն դպրոցը համարվող Սուրբ Հակոբ Ազգային վարժարանի հուշամատյանում արձանագրել է իր տպավորությունները:

Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 29-ին տասնօրյա ժամկետով Կանադա է այցելել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա քաղաքական հանդիպումներն սկսել էր նոյեմբերի 30-ին՝ հանդիպելով  Կանադայի խորհրդարանի անդամներ Ֆայսալ Էլ Խուրիի և Աննի Կուտրակիսի, ինչպես նաև Լավալի քաղաքապետարանի խորհրդի անդամ Արամ Էլակոզի հետ:

Նույն օրը Իշխան Սաղաթելյանը ներկա էր գտնվել Հայ Օգնության Միության (ՀՕՄ) Կանադայի Լավալի «Շուշի» մասնաճյուղի տարեկան տոնավաճառին: 

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նոյեմբերի 30-ին Կանադայի Մոնրեալ քաղաքում մասնակցել էր Դաշնակցության 129-րդ տարեդարձի տոնակատարությանը և հանդես եկել ծավալուն ելույթով:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Կանադա այցի շրջանակներում դեկտեմբերի 1-ին Մոնրեալում հանդիպել էր ՀՅԴ «Արմեն Կարո» ուսանողական միության անդամների, Կանադայի երիտասարդական միության, ինչպես նաև մի շարք այլ հայ ուսանողական միությունների ներկայացուցիչների հետ:

Այցի երրորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, Իշխան Սաղաթելյանը Մոնրեալի հայկական կենտրոնում հանդիպում էր ունեցել Սեն Լորանի  քաղաքային  խորհրդի անդամ Արեֆ Սալեմի, Մոնրեալի քաղաքային խորհրդի անդամ Մերի Տերոս Չավուշյանի, Պորտո Քարթիերվիլ ընտրատարածքից քաղաքային խորհրդի  անդամ Էֆֆի Ջիաննուի և Մոնրեալի քաղաքային ընդդիմության ղեկավար Ֆրանչեսկո Միելեի հետ:

Նույն օրը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հանդիպում է ունեցել Կանադայի խորհրդարանի անդամ, Սեն Լորան ընտրատարածքից Ազատական կուսակցության պատգամավոր Էմմանուելա Լամպրոպուլոսի հետ:

Իշխան Սաղաթելյանը Կանադա այցի ընթացքում հանդիպում է ունեցել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն հուզող մի շարք հարցեր է քննարկել ՀԱԵ Կանադահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպս. Հովակիմյանի հետ:

Դեկտեմբերի 3-ին Մոնրեալի քաղաքապետարանում հանդիպում է տեղի ունեցել Մոնրեալի քաղաքային խորհրդի վարչական անդամներ Քրայկ Սովեի և Հատրիեն Բարիզոյի, Ութրըմոն շրջանի քաղաքապետ` Ֆիլիպ Թոմլինսոնի, խորհրդի այլ անդամների և Ի. Սաղաթելյանի միջև: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 4-ին, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն իր քաղաքական հանդիպումները շարունակել է Կանադայի մայրաքաղաք Օտտավայում՝ հյուրընկալվելով Կանադայի խորհրդարանի անդամ, Լավալ քաղաքի հայաշատ ընտրատարածքներից Laval—Les Îles-ի պատգամավոր Ֆայսալ Ալ Խուրիին:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի վերոնշյալ որոշ հանդիպումների մասին պատմող տեսանյութը՝ ստորև: