Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Արևմտյան ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ:
Հյուրընկալող կողմը ԳՄ ներկայացուցչին է ներկայացրել կատարած աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին ամփոփ տեղեկություններ: Իշխան Սաղաթելյանը երախտիքի խոսքեր է ուղղել հանձնախմբին՝ արժևորելով այն ահռելի ներդրումը, որն ունեցավ և շարունակում է ունենալ Հայ դատի հանձնախումբը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, նաև՝ հետևանքների վերացման ուղղություններով: ԳՄ ներկայացուցիչը շեշտել է այս ուղղությամբ գրանցված հատկապես վերջին հաջողությունները, երբ 2019 թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, իսկ դեկտեմբերի 12-ին՝ Միացյալ Նահանգների Սենատը միաձայն քվեարկությամբ հաստատեց սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Քրուզի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 150 բանաձեւը:
Գերագույն մարմնի ներկայացուցիչը Արևմտյան ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ քննարկել է մինչ օրս կատարված աշխատանքներին նոր թափ հաղորդելու վերաբերյալ մի շարք հարցեր:
Արևմտյան ԱՄՆ այցի շրջանակներում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հյուրընկալվել է նաև Ռոզ և Ալեք Փիլիպոս վարժարանում, զրուցել աշակերտների հետ, ծանոթացել դպրոցի առօրյային: Դպրոցի սաները ԳՄ ներկայացուցչի այցի առիթով հանդես են եկել փոքրիկ ներկայացմամբ, երգերով ու պարերով, ինչից հետո Իշխան Սաղաթելյանը պատասխանել է նրանց՝ Հայաստանի և հայության խնդիրներին առնչվող բազմաթիվ հարցերին:
Հիշեցնենք՝ աշխատանքային այցով Լոս Անջելեսում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը առանձին հանդիպումներ էր ունեցել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի և ՀԱԵ Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի հետ:
Այցի շրջանակներում Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեի անդամ Գրիգոր Թոփալյանի և կազմակերպության տեղի կառույցի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել էր Սողոմոն Թեհլիրյանի և Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյի հայկական գերեզմանոցում ամփոփված շիրիմներին, նույն օրը ՀՅԴ Ֆրեզնոյի «Սողոմոն Թեհլիրյան» Կոմիտեության անդամների հետ քննարկել մի շարք հարցեր:
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հունվարի 28-ին այցելել էր նաև Էնսինոյի Ֆերահյան Ազգային վարժարան: