Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շահենի պատճառով կորցրինք մեր բարձր աստիճանի ևս մեկ գիծ, մի սանդղակով իջանք այն բարձրությունից, որի մասին անվերջ խոսում ենք` Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Քանդակագործության Ազգային պարկ-թանգարանի» հիմնադիր տնօրեն, քանդակագործ Արթուր Գևորգյանը՝ անդրադառնալով Շանթ Հարությունյանի որդու կողմից Ա. Գրիբոյեդովի արձանը պղծելու դեպքին:
Ֆեյսբուքը, նրա խոսքով, կրկին ունեցավ երեք օրվա քննարկման թեմա՝ Շահենը կրկին, կարճ ժամանակով, դարձավ ակտուալ հերոս։
Քանդկագործը շատ ծանր է տարել տեղի ունեցածն ու այն համարում է վանդալիզմ. «Շահեն Հարությունյանն արեց մի բան, որը վերջին մեկ տարում մեծ տարածում է գտել Հայաստանում, այսինքն՝ վանդալիզմ հուշարձանների հանդեպ: Սա վատ մշակույթ է, ստեղծվել է մի իրավիճակ, երբ որևէ մեկը իրեն հակառակ հանդես եկող խմբին պատկանող, կամ պարզապես դուր չեկող հուշարձանը պղծում կամ ոչնչացնում է»:
Արթուր Գևորգյանի կարծիքով՝ Նժդեհի արձանի ու անվան շուրջ սկիզբ առած զարգացումները մեծ թափ առան Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո, որի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գարեգին Նժդեհին ֆաշիստ անվանեց։ Շանթ Հարությունյանի որդու արարքը նա նույնպես կապում է այդ դեպքի հետ:
Քանդակագործն ընդգծեց, որ քաղաքական նկատառումներից ելնելով՝ չի կարելի ձեռք բարձրացնել որևէ հուշարձանի վրա, այն էլ՝ Գրիբոյեդովի պես հայասեր մարդու հուշարձանի. «Ներկվել է Պարսկաստանում Ռուսական կայսրության դեսպան Գրիբոյեդովի արձանը, ով տեղում, հայերին պաշտպանելիս, սուրը ձեռքին զոհվել է։ Նա այդ օրերին ապահովել է նաև Ղարաբաղյան մելիքություններին, որպեսզի պարսիկները մուտք չգործեն նրանց տարածքներ: Բացի այդ, Գրիբոյեդովի արձանը Երևանում տեղադրել են ո՛չ թե ռուսները, այլ մենք՝ հայերս՝ ի երախտագիտություն նրա մեծ հայասիրության: Այս տարիների ընթացքում, անկախ քաղաքական զարգացումներից, Գրիբոյեդովի հետ կապված որևէ հակասություն չի եղել: Հիմա մենք ու՞մ հետ խնդիր ունենք, ամբողջական Ռուսաստանի՞, թե՞ այն ռուսների, ովքեր ադրբեջանցիների կողմից ուղղորդված՝ անում են այդ քայլերը»:
Քանդակագործը միանշանակ դատապարտում է ռուսական Արմավիրում Նժդեհի հուշատախտակի հետ տեղի ունեցածը, բայց հարցի լուծման այս տարբերակը նրա համար անընդունելի ու վիրավորական է: Արթուր Գևորգյանը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերությունները լարվելու են և ջուր է լցվելու Ադրբեջանի ջրաղացին.
«Սրանով հայ-ռուսական հարաբերությունները լարվում են, որի համար Շահեն Հարությունյանը պատասխանատվություն չի կրելու, վստահեցնում եմ ձեզ, որի համար 15 օր հետո, անձամբ ես, Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի գիտաժողովի ժամանակ, ինչ-որ տեղ նաև ամաչելու եմ, որովհետև թեման հուշարձանների պահպանությունն է լինելու»:
Նա հետխորհրդային երկրներից բազմաթիվ մարդկանց հրավիրել է՝մասնակցելու գիտաժողովին, որպեսզի իրենց երկրներում հուշարձանները չպղծվեն, չայլանդակվեն և անհասկանալի է, թե ինչ է ասելու այս դեպքի մասով:
«Իհարկե, ես իմ ասելիքը պարզ ճակատով կասեմ, ես մտավորական եմ, քանդակագործ եմ և շատ պարզ, հանգամանալից կբացատրեմ, թե ինչ է կատարվել: Բայց ես երբևիցէ չեմ արդարացնելու այդ արարքը և մոտ ապագայում շատ մանրամասն ելույթ եմ ունենալու և այս հարցով լրջորեն զբաղվելու եմ, որովհետև Հայաստանում ով երբ ուզի՝ կարող է մշակութային արժեք հանդիսացող հուշարձանի վրա ձեռք բարձրացնել և մնալ անպատիժ: Այդ մարդիկ, բոլորը, պետք է պատժվեն, սկսած Սևանի ճանապարհի քանդակների թալանի հեղինակներից: Վերջապես, պետք է հասկանանք՝ մենք այն ա՞զգն ենք, որ ասում ենք 5000 տարվա մշակույթ ունենք, թե՞ մենք դադարում ենք լինել այդ ազգը, դառնում ենք այնպիսին, որ հուշարձանի վրա ձեռք բարձրացնելը շատ հեշտ է լինում»:
Արթուր Գևորգյանը կասկած չունի, որ մոտ ապագայում Նժդեհի հետ կապված տարակարծություններն անպայման կհարթվեն, պարզապես ժամանակ է հարկավոր.
«Նժդեհը ռուս հասարակության համար խնդրահարույց է, բայց ես, որպես քանդակագործ, վստահ եմ, որ ինչ-որ ժամանակ նա թե՛ ռուս հասարակության, թե՛ ամբողջ աշխարհի համար կբացահայտվի ու կընկալվի՝ ինչ դերակատարություն է ունեցել, ինչքանով է Սովետական Միությանն օգտակար եղել Բուլղարիայում գտնվելու ժամանակ և ովքեր են այսօր նրան ներկայացնում որպես ֆաշիստների հետ համագործակցող: Սա պատմաբանների խնդիրն է, տարբեր արխիվներ կան, դրանք ապագայում կբացվեն և շատ հարցերի պատասխաններ կտրվեն»:
Ա. Գևորգյանը կոչով դիմում է իր բոլոր մտավորական ընկերներին՝ աչք չփակել նման երևույթների վրա, դրանք վանդալիզմի բացահայտ օրինակներ են:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ի երեկոյան Շանթ հարությունյանի որդին՝ շահեն Հարությունյանը, կարմիր ներկ էր լցրել ՀՊՄՀ-ի առաջ գտնվող ռուս գրող, մեծ հայասեր Ա. Գրիբոյեդովի արձանի վրա: Իր արարքը Շահեն Հարությունյանը բացատրում էր որպես պատասխան՝ ՌԴ-ում Գարեգին Նժդեհի հուշատախտակի պղծմանն ու ապամոնտաժմանը: Հասարակությունը խիստ բացասաբար է ընդունել վանդալիզմի դեպքը:
Գևորգ Գյուլումյան