կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-08 21:44
Հասարակություն

ԿԳՄՍ նախարարությունում ստեղծվում է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն

ԿԳՄՍ նախարարությունում ստեղծվում է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ստեղծվում է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն, որը ոչ միայն զբաղվելու է ընթացիկ հարցերով, այլ նաև մասնակցելու է ոլորտի քաղաքականության մշակման և օրենսդրության կատարելագործման աշխատանքներին: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

ԿԳՄՍ նախարարությունն արդեն մշակել և շրջանառության մեջ է դրել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը: Ոլորտը կարգավորող այլ փաստաթղթեր և ընթացակարգեր նույնպես վերանայման կարիք ունեն, այդ թվում՝ պատմամշակութային հիմնավորման նախագծերը, ինչը, ըստ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի, ելակետային հիմք է տարածաշրջանների, քաղաքների և մյուս բնակավայրերի մանրամասն հատակագծման և կառուցապատման նախագծերի համար:

«Այս համատեքստում, նույն օրենքի 19-րդ հոդվածի համաձայն, ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է գործընթաց սկսել Երևանի պատմամշակութային հիմնավորման նախագծի առաջադրանքը կազմելու և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ սահմանված կարգով հաստատելու ուղղությամբ: Առանց միասնական աշխատանքի (Քաղաքաշինության կոմիտե, Կադաստր կոմիտե, Երևանի քաղաքապետարան, համայնքապետարաններ, քաղաքացիական հասարակություն) հուշարձանների, պատմամշակութային միջավայրերի պահպանման, ինչպես նաև ուրբանիստական հարցերի լուծումը որևէ հաջողություն չի ունենա:

Պատրաստ ենք քննարկել յուրաքանչյուր շենքի կարգավիճակի հարցը, հընթացս համալրել նորահայտ հուշարձանների ցանկը, ԿԳՄՍ նախարարության մասնագիտական խորհուրդների մեջ ներառել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին»,- նշված է հաղորդագրության մեջ: