կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-06 20:30
Տարածաշրջան

«Ակօս»-ի անդրադարձը Հրանտ Դինք հիմնադրամի՝ Կեսարիայի թեմայով գիտաժողովին, որը չեղարկվեց թուրքական իշխանությունների կողմից․ «Եթե խոսեինք, ի՞նչ էինք պատմելու»

«Ակօս»-ի անդրադարձը Հրանտ Դինք հիմնադրամի՝ Կեսարիայի թեմայով գիտաժողովին, որը չեղարկվեց թուրքական իշխանությունների կողմից․ «Եթե խոսեինք, ի՞նչ էինք պատմելու»

Հրանտ Դինք հիմնադրամի կողմից կազմակերպված և հոկտեմբերի 18-19 հիմնադրամի սրահում տեղի ունենալիք «Կայսերիի և շրջակա բնակավայրերի հասարակական, մշակութային և տնտեսական պատմությունը» խորագրով գիտաժողովը արգելվեց Շիշլիի թաղապետարանի կողմից ։ Մենք զրուցել ենք կոնֆերանսի մասնակից գիտնականների հետ և կանգ ենք առել հետևյալ հարցի վրա՝ «Եթե գիտաժողովը տեղի ունենար, ի՞նչ թեմաների մասին էիք ելույթ ունենալու»։ Ստորև ներկայացնում ենք կոնֆերանսին չմասնակցած գիտնականների պատասխանները։

Բերեքեթլի Մադենը և տեղական ուժերը

Մարդաբանության ոլորտում իր աշխատանքներով հայտնի դոկ․ պրոֆ․ Սուավի Այդընը զեկուցում էր ունենալու Բերեքեթլի Մադենի հանքերի մասին։ Այդընն ասաց․ «Ներկայիս Չամարդը և Փոզանթը շրջաններում առկա կապարի հանքերն անփոխարինելի էին Օսմանյան կայսրության կենտրոնական իշխանության համար՝ հատկապես ռազմամթերքի արտադրության տեսանկյունից։ Մի դարաշրջանում, երբ օսմանյան կենտրոնական իշխանությունը հնարավորություն չուներ դրանք ուղղակիորեն աշխատեցնելու, լուծումը տեսել էր դրանք գործարկելու լիազորությունը տեղական ուժերին թողնելու մեջ։ Երևում է, որ այդ արտոնությունը տրվել է Յոզղատի կենտրոնում բնակված Չափանօղուլներին, որոնք 19-րդ դարի սկզբին  մարտահրավեր են նետել օսմանյան կենտրոնական իշխանությանը։ Երբ Չափանօղլու-կենտրոնական իշխանություն հարաբերությունները վերածվեցին հակամարտության, օսմանյան կառավարությունը սկսեց այլ ուժեր փնտրել այդ արտոնությունը տրամադրելու համար։ Այս անգամ Չուկուրովայի կենտրոնից, ընդդեմ Չափանօղլուների, այդ արտոնությունը տրամադրվեց Մենեմենջիօղլու աշիրեթին։ Երբ երևան եկավ Մենեմենջի-Օսմանյան կայսրություն մրցակցությունը, երևում է, որ Մենեմենջիների խորհուրդ տված և Օսմանյան կայսրության կենտրոնական իշխանության հետ ֆինանսական հարաբերության մեջ մտած այլ հարկահավաքներ են մեջտեղ եկել։

Այդ մրցակցությունը կարգավորելու համար կողմերը ձգտել են իրենց օգտին վերահսկել բնակչության շարժը և շրջանում այդ ժամանակվա համար օտար խմբեր բնակեցնել։ Դրանց մեջ Գյումուշհանեի հույների ու բուլղարների նման կային նաև քրիստոնյա մետաղագործներ։ Կան հավաստի տվյալներ այն մասին, որ բնակության այդ տեղաշարժի պայմաններում եկվորների համար անփոխարինելի էին Բերեքեթլի Մադենի յայլաները, որոնք բախումների պատճառ էին դառնում, բացի այդ՝ կապարի տեղափոխությամբ զբաղվող որոշ քոչվոր աշիրեթներ պաշտպանվում էին օսմանյան կենտրոնական կառավարության կողմից։

Այդ դինամիկան միևնույն ժամանակ Կայսերի-Չուքուրովա ֆինանսական հարաբերությունների ձևավորման վրա է ազդեցություն ունեցել։ Բամբակի արտադրության աճի հետ մեկտեղ՝ տեղական ուժերի կողմից վերահսկվող այդ տարածքը դառնում է Չուքուրովայի աշխատանքային հոսքի ամենակարևոր ուղղություններից մեկը։ Կարճ ասած, Բերեքեթլի Մադենը 19-րդ դարում ձևավորվող Կայսերիի և Չուքուրովայի տնտեսության և բնակչության վրա ակնհայտ ազդեցություն է ունեցել։ Այս հոդվածում կենտրոնանում եմ 19-րդ դարում ռազմավարական նշանակություն ունեցող հանքավայրի շուրջ հավաքված մարդկանց և իշխանությունների հարաբերությունների վրա, որոնք ձևավորեցին այնտեղի ներկայիս ժողովրդագրությունը»։

Հողը թուրքինն է, քարը՝ հույնինը

ԱՄՆ-ում աշխատող պատմաբան Թոմ Պապադեմետրիուն կոնֆերանսում ելույթ էր ունենալու «1850 թ․ Կայսերիում գտնվող հույն ուղղափառ Սուրբ Նիկոլաս եկեղեցու վերակառուցման ժամանակ հույն-հայկական բախումները» թեմայով։ Նա տվեց հետևյալ գնահատականները․ «Օսմանյան կայսրության վերջին ժամանակաշրջանում Կայսերիում և շրջակա գյուղերում բնակվող ոչ մուսուլման համայնքները նոր եկեղեցիներ կառուցելու, առկա եկեղեցիները վերակառուցելու կամ էլ նորոգելու նախաձեռնությամբ էին հանդես գալիս։ Նախորդ դարերում պետության կողմից եկեղեցիների կառուցման հարցում արված տարբեր սահմանափակումները թեթևացվել են 18-րդ դարի վերջում և 19-րդ դարում կատարված բարեփոխումներից հետո։  Թե հոգևորականները, թե հոգևոր դասին չպատկանող մարդիկ  այդ հավակնոտ նախագծերը կյանքի կոչելիս հանդիպում էին հետևյալ հիմնական դժվարություններն՝ ֆինանսական աղբյուր գտնելը, վարձակալությունը, ճարտարապետների և շինարարների հարցը,  պետության թույլտվությունը։ Բացի այդ՝ մի խնդիր ևս կար՝ շինարարության համար շինարարական նյութեր և քարեր գտնելը։

1850 թ․ Կայսերիի հունական համայնքը հանդես է գալիս քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Նիկոլաս եկեղեցու վերակառուցման նախաձեռնությամբ, որին ընդդիմանում է հայկական համայնքը։ Հունական համայնքն ձգտում էր հին գերեզմանոցի և Սուրբ Մերկուրիս անունը կրող եկեղեցու «հին քարերը» վերցնել և օգտագործել շինարարության մեջ։ Հայկական համայնքը պնդել է, որ գերեզմանոցը և քարերը իրեն են պատկանում և դեմ է դուրս եկել  դրան։ Հայերն այդ ժամանակ Նիկոլաս եկեղեցու աշխատանքներին վերջ տալու համար հայերի կողմը  բռնած օսմանյան պաշտոնյաներին բողոք ներկայացնելուց առաջ հույներին սպառնում են։ Հունական համայնքն իր հերթին Ստամբուլում գտնվող պաշտոնյաներին է դիմում։ Նրանք որոշում են կայացնում հույների օգտին։  Կապադովկիայում բազմաթիվ եկեղեցիներ կառուցած Կայսերիի մետրոպոլիտ Պաիսիոսը դրա համար անմիջապես Ստամբուլ է գնում և գործը ներկայացնում վերաքննիչ դատարան։ Նա Կայսերի է վերադառնում դատարանի որոշմամբ առ այն, որ քարերը հույներին են պատկանում։ Հաղթանակից ոգևորված հույները եկեղեցին կառուցելիս «Հողը թուրքինն է, քարը՝ հույնինը» խոսքերով  երգ են երգում։

Այդ վեճը ներկայացվում է Աթենքում գտնվող Փոքր Ասիայի հետազոտությունների կենտրոնում Լոզանի պայմանագրով Կայսերիի բնակիչների հետ 1950-ական թթ․ արված բազմաթիվ բանավոր պատմություններում։ Այդ դեպքի մասին հիշողությունը համայնքի համար մեծ կարևորություն է ունեցել, սակայն օսմանյան պաշտոնական փաստաթղթերում էլ խնդիրը ներկայացվում է գրեթե նույն շեշտադրումներով և դեպքերի նույն հաջորդականությամբ։  Օսմանյան վարչապետական արխիվում կա այդ գործով դատարանի որոշումը, առկա են նաև 1850 թ․ պատկանող բազմաթիվ փաստաթղթեր։ Եթե միաժամանակ օգտագործենք այդ բանավոր պատմությունները և օսմանյան փաստաթղթերը, կհասկանանք, թե կարևոր իրադարձությունները պետության կողմից ինչպես են փաստաթղթավորվել, և համայնքը ինչ ձևով է դա հիշել։ Այդ աղբյուրները, բացի վեճը բացահայտելը, պարզաբանում են նաև, թե հունական համայնքն ինչպես է այն մեկնաբանել»։

Կապադովկիայի բողոքական հույների պատմությունը

Դոկ․ պրոֆ․ Էլչին Մաջարը ելույթ էր ունենալու Կապադովկիայի բողոքական հույների թեմայով։ Մաջարն ասաց․ «Հնարավորություն ունենալու դեպքում պատմելու էի 19-րդ դարում Կապադովկիայի հույների մեջ բողոքական միսիոներների գործունեության և դրա արդյունքում շրջանում երևան եկած բողոքական հույների մասին։ Այդ հարցը հույն և թուրք պատմաբանների կողմից անտեսված թեմա է։ Եթե անգամ մինչ այդ սույն շրջանում եղել են մի քանի հույն բողոքականներ, ապա տեսնում ենք, որ հետագայում ավելի մեծ խմբեր են  երևան եկել հետևյալ չորս բնակավայրերում՝ Զինջիդերե, Թալաս, Ուրգյուփ և Կապադովկիայի ծայրամասային գյուղ համարվող Ֆեքեի մոտ գտնվող Գյուրյումզե։

Միսիոներները՝ հունատառ թուրքերեն կրոնական հրատարակություններով, դպրոցներով և հիվանդանոցներով, փորձել են իրենց կողմը գրավել Կապադովկիայի հույներին, հատկապես երևում է, որ 19-րդ դարի վերջին քառորդին հունական պատրիարքությունը  փորձել է ընդդիմանալ միսիոներների գործունեությանը՝ թիրախում հատկապես ունենալով  Զինջիդերեն։

1924 թ․ բնակչության փոխանակման համար պատասխանատու Խառը հանձնաժողովը որոշում էր ընդունել, որ կաթոլիկ և բողոքական հույները ստիպված չեն հեռանալ։ Չնայած դրան՝ մոտ 25-30 տուն բողոքական հունական համայնքն էլ նախընտրեց գնալ Հունաստան։ Մնացածները  ապրում են ցրված, սակայն գյուրյումզեցիները Սելանիկին կից Գիաննիցա (օսմանյան ժամանակաշրջանում՝ Յենիջե-ի Վարդար) ավանի մոտակայքում Նեոս Միլոթոպոս գյուղն են հիմնել։ Գյուղի մեծերը դեռևս շրջանի լեզվով՝ թուրքերենով են շարունակում խոսել»։

Սով Թալասում և մի ընտանիքի օրագրերը

Դոկ․ Օզգե Էրթեմը «Սովը Թալասում և Բարթլեթթ ընտանիքի օրագրերը» վերնագրով զեկուցում էր ունենալու։ Նա ասաց․ «2019 թ․ հոկտեմբերի 18-19-ին Կայսերիում իրականցվելիք, սակայն նախ՝ Կայսերիում, ապա Ստամբուլում երկրորդ անգամ արգելված կոնֆերանսի ժամանակ խոսելու էի Կայսերիի բնակչության հետ պատահած ընդհանուր աղետի՝  1873-75 թթ․ սովի ժամանակ գրված օրագրերի մասին՝ Թալասում գտնված բողոքական միսոներներ Լիման Բարթլեթթի և նրա ամուսին Կորնելա Բարթլեթթի պահած օրագրերի։

Նրանք Անկարային կից Կայսերիի սանջակ են եկել 1867 թ․՝ որպես Արտաքին առաքելությունների հանձնակատարների ամերիկյան հանձնաժողովի միսիոներներ և մինչև 1884 թ․՝ Իզմիր գնալը, ապրել են Կայսերիում։  Բնակություն են հաստատել Թալասում։ 1873-75 թթ․ Կենտրոնական Անատոլիայում իշխում էր սովը։ Բարթլեթթները Թալասում ականատես են եղել դրան, որը նրանց առօրյայի վրա էլ է խորապես ազդել։  Շրջանում հազարավոր մարդիկ և անասուններ մահացան սովից ու սովի հետևանքով առաջացած հիվանդություններից, գյուղերի և քաղաքների ժողովրդագրական պատկերը փոխվեց, աղքատությունը և անզորությունը տարածվեցին բոլորի տներում։ Լիման Բարթլեթթի օրագրում կան մանրամասներ հայ, հույն, մուսուլման, հրեա և այլ կրոնական խմբերին պատկանող մարդկանց կյանքը թունավորած աղետի մասին, պատմագրության մեջ անտեսված այս դեպքի վերաբերյալ կարևոր տվյալներ ևս առկա են։

Ինչպես ընդունելի են համարվում Օսմանյան պետության նամակագրությունները կամ էլ այլ պատմական աղբյուրները, այնպես էլ  միսիոներական աղբյուրներն են հայտնի տեսակետներ, առաջնահերթություններ և գաղափարախոսություններ ներկայացնող փաստաթղթեր։ Լիման և Կոռնելիա Բարթլեթթները, Ուիլսոն Ֆրանսվորթը, նրա կին Կառոլին Ֆրանսվորթը, Էլիզաբեթ Գիլսը, Սառա Քլասոնը, Ջոն Օթիս Բերաուսի և Մերզիֆոնում գտնվող Ռև․ Շնեյդերի հետ միասին բողոքականությունը տարածելու առաքելությամբ էին գտնվում շրջաններում։ Նրանց առաջնահերթությունը դա էր, սակայն սովի ընթացքում շրջանում օգնություն տրամադրած ամենակարևոր և ազդեցիկ մարդկանցից են դառնում։ Նրանց թողած գրառումները օսմանյան պետական փաստաթղթերի, հատկապես ղեկավար-բյուրոկրատական շրջապատի բացթողումները լրացնում են։

Այդ բոլոր աղբյուրների մեջ, եթե ոսպնյակը լավ փոքրացնենք և վիճակին, դերակատարներին, զգացողություններին և Թալասում տիրող հոգևոր վիճակին ավելի անմիջական փորձենք ծանոթանալ, ապա օրագրերը բավականին յուրահատուկ տեղ կգրավեն։ Նրանք պատմում են այն մասին, թե Թալասում սովի ժամանակ ինչպես են երգչախմբերի, եկեղեցիների, դպրոցներում դասաժամերի հետ խառնվել մահացությունները, աղքատությունը, հացի խնդիրը և շրջանում տիրող անճարությունը։ Եթե զեկուցում ունենայի, քննարկելու էի հետևյալ հարցերը՝ 1․ Թալասի տարբեր համայնքները ինչպե՞ս են անցել այդ ընդհանուր աղետի միջով, 2․ Բարթլեթթ ընտանիքը ինչպե՞ս է ապրել սովը և պատմել այդ մասին։ 3․ Օրագրերը աղետի մասին հուշերից բացի պատմական ինչպիսի՞ աղբյուրներ և արձանագրություններ են։

Լիման Բարթլեթթը 1874 թ․ դեկտեմբերի 2-ին իր օրագրում գրում է․ «Այդ աղքատությունը և անճարությունը առավոտից երեկո մտքիցս դուրս չեն գալիս, երազումս եմ տեսնում դրանք»։

Սովի ազդեցությունը շատ ավելի երկար է տևել, քան արտացոլված է պաշտոնական փաստաթղթերում։ Իսկ օրագիրն այն աղբյուրներից մեկն է, որը մեզ ամենաշատն է մոտեցնում այդ ժամանակահատվածին և  շրջանում այդ տարիներին հայերի, թուրքերի, քրդերի, հույների և բազմաթիվ այլ խմբերի մարդկանց վրա մեծ ազդեցություն թողած աղետի պատմությանը»։

Ինչպե՞ս է կանխվել Ադանայի կոտորածի տարածումը Կայսերիում

Դոկ․ Իհսան Սեդդար Քայնարը ելույթ էր ունենալու այն մասին, թե 1909 թ․ Ադանայի կոտորածը ինչպիսի արտացոլում է գտել Կայսերիում։ Նա ասաց․ «Ես կարծում եմ, որ կոնֆերանսի արգելումը նախ Կայսերիի կառավարչի կողմից, ապա Ստամբուլում՝ Շիշլիի թաղապետի կողմից, ավելի շատ աղմուկ հանեց, քան բուն կոնֆերանսը, եթե տեղի ունենար։ Կոնֆերանսի ժամանակ իմ զեկուցումն էլ նման մի իրավիճակի մասին էր։ Պատմելու էի այն մասին, թե մարտի 31-ին սկսված Ստամբուլի իրադարձությունների, միաժամանակ 1909 թ․ Ադանայի դեպքեր անունով  հայտնի կոտորածների՝ Անատոլիայի մյուս բնակավայրերում տարածման մեջ վարչական ղեկավարությունը ինչպիսի դեր է ունեցել։ Անկարայի վիլայեթին կից Կայսերի սանջակում նահանգապետ Թևֆիք բեյի և կառավարիչ Ջեմալ բեյի նամակագրության արդյունքում համայնքների միջև բռնություն չի սկսվել անհիմն խոսակցությունների պատճառով, դրանք խոչընդոտել են «հայերի կողմից մուսուլմանների վրա հարձակման մասին կեղծ նախազգուշացումները», ինչն էլ իր հերթին խոչընդոտ է հանդիսացել, որ բախումները այնտեղ կոտորածի չվեածվեն։

Անկարայի քաղաքապետը Կայսերիում գտնվող վարչական կառավարիչներին ինչ-որ կերպ ուղղորդել է և Անկարայի նահանգի սահմանների մեջ բռնության մթնոլորտի խորացում թույլ չի տվել։ Աչք չի փակել բնակչության զինման վրա և խոչընդոտել է դա։  Ես կոնֆերանսի ժամանակ պատմելու էի նահանգապետ Թևֆիք բեյի տեսանկյունից իրադարձությունների զարգացման մասին, ինչպես նաև այն մասին, թե նա ինչպես է պետական պաշտոնյայի հասունություն ցուցաբերել նահանգ ղեկավարելու ժամանակ և թույլ չի տվել, որ վարչական ղեկավարությունը համայնքների միջև խնդիրներ հարուցի»։

Կիլիկիայի կոտորածները և կառավարիչ Ջեմալ բեյը

Դասախոս Օնդեր Ուչարը ելույթ էր ունենալու «Կիլիկիայի կոտորածների ժամանակ Կայսերիում էթնիկ հարաբերությունները» թեմայով։ Ուչարն ասաց․ «Ծրագրում էի հակիրճ ներկայացնել մուսուլմաններ-հայեր հարաբերությունների մասին՝ Նախագահական օսմանյան արխիվում եղած նամակագրությունները։ Այդ նամակագրությունների մեջ կառանձնացնեի այդ ժամանակվա Կայսերիի կառավարիչ Ջեմալ (Քեշմիր) բեյի վերաբերյալ որոշ փաստաթղթեր։

Տվյալ ժամանակահատվածում Կայսերիում երեք շարժում է  եղել։  Երեքի ժամանակ էլ Կայսերիի կառավարիչները զանգվածային հարձակումների են ենթարկվել։ Առաջին շարժումը հայտնի է դարի վերջին Անատոլիայի տաբեր վայրերում տեղի ունեցած և Աբդուլ Համիդ Երկրորդի բռնապետության խորհրդանիշերի վրա հարձակումներով։ Այդ շարժման վերջում կառավարիչ Արիֆի բեյը սրտի կատված ստացավ և մահացավ։ Երկրորդ զանգվածային շարժումը 1909 թ․ հունվարին նոր կառավարիչ Ջեմալ բեյի դեմ մուսուլման զանգվածների կողմից իրականացված հարձակում էր։  Այդ հարձակման պատճառաբանությունն այն էր, որ Ջեմալ բեյը հայերի նկատմամբ «շատ ներողամիտ» էր և ազատ ժամանակը նրանց հետ էր անցկացնում «անհարմար» ձևով։ Այդ հարձակման ժամանակ հայերը կոտորածի վախից իրենց թաղամասերում փակվեցին։ Ջեմալ բեյը հարձակման ժամանակ չի վնասվել, սակայն հարձակումն իրականացրած ոճրագործների նկատմամբ նախազգուշական միջոցառումներ չի կարողացել ձեռնարկել։ Երրորդ շարժումը 1909 թ․ տեղի է ունեցել ապրիլին՝ Կիլիկիայի կամ Ադանայի կոտորածից անմիջապես հետո։  Մուսուլման զանգվածները պնդել են, թե հայերն իրենց վրա հարձակում են իրականացնելու և Ջեմալ բեյն էլ նրանց հետ համագործակցության մեջ է, ապա փորձել են հարձակվել զորանոցի և Ջեմալ բեյի վրա։ Այդ շարժման ընթացքում էլ կոտորածի վախից հայերը կրկին փակվեցին հայկական թաղամասերում։

Ջեմալ բեյը բյուրոկրատիայի այնպիսի ներկայացուցիչ էր, որն այդ շարժումների ժամանակ հայկական համայնքի կոտորածը խոչընդոտելու համար անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկել։ Այդ վերաբերմունքը հետագա տարիներին էլ էր շարունակվելու. նա 1915 թ․ հայերի ոչնչացման քաղաքականության դեմ դուրս գալու համար ազատվում է Խարբերդի նահանգապետի պաշտոնից։

Քեմալական շարժմանը դեմ դուրս եկած Ջեմալ բեյը մի հարցազրույցի ժամանակ ութ հարյուր հազար օսմանյան հայի սպանության մասին է խոսել, ինչի պատճառով հակառակորդները նրան կոչել են «Արթին Ջեմալ»։

Չնայած այդ ամենին՝ ներկայացնելու էի նաև Կայսերում Ջեմալ բեյի պաշտոնավարման սկզբնական շրջանում հայերի մասին ասեկոսե տարածելու, զինվելու, չափից դուրս ազգայնական խորհրդանիշեր ցուցադրելու վերաբերյալ լուրջ մեղադրանքներ ներառող նամակագրություններ։  Օրինակ էի բերելու Խարբերդում, Այնթափում և Ադանայում գտնվող ամերիկյան միսիոներների մեղադրական նամակագրություններից և պնդելու էի, որ 1908 թ․ հեղաշրջման  սկզբում առօրյա կյանքում երևան եկած որոշ հայկական սուբյեկտիվ երևույթներ նշան էին, որ  կարող էին խորապես ցնցել անգամ հայերի հիմնական իրավունքներին և նոր ռեժիմի բերած արժեքներին ազնվորեն կապված անհատներին։ Բացի այդ՝ Կիլիկիայի կոտորածներից հետո առաջացած ռեակցիան կարող եմ ասել, որ երբևէ չէր հիմնավորվելու, ընդհակառակը, կոտորածն իրականացրած ոճրագործնեն այդ գործողություններն օգտագործլու էին սեփական սարսափելի արարքներն օրինականացնելու համար։

Քոջա Յորգակի Դանդինին և Քարամանների ստերիոտիպը

Դասախոս Շահնազ Շիշմանօղլու Շիմշեքը ելույթ էր ունենալու «Օսմանյան հեռուստաէկրանին Կայսերիի մի բնակիչ․ Սերսեմ Քոջա Յորգակի Դանդինի» վերնագրի ներքո։ Շիմշեքն ասաց․ «1923 թ․ հույն-թուրքական բնակչության փոխանակումից առաջ քարամանլըներ անունով  հայտնի թուրքախոս անատոլիացի ուղղափառ քրիստոնյաների համար Կայսերին էլ կարևոր կենտրոն է եղել։ Թուրքերեն և հունարեն որոշ գրական գործերում կարող ենք հանդիպել, որ կեսարացուն նկարագրում են անկիրթ, անքաղաքավարի, կոպիտ և այլ հատկություններով, որոնք անհիմն կերպով վերագրվել են Անատոլիայում ապրած քրիստոնյաներին, պատմական և սոցիալական որոշ պատճառներով։  Յեսարի «Պատվի հարցը» վեպում առկա են գրեթե բնավորության այդ բոլոր գծերը, այն հետաքրքիր նյութ է «ժլատ», «շահամոլ», սակայն միևնույն ժամանակ հաջողակ քրիստոնյա կեսարացի արհեստավորների և առևտրականների մասին։ Ենթադրվում է, որ հետագա տարիներին, հայտնի պատճառներով, քարամանցու կերպարը թուրքացվել է։ Թուրքացված կերպարի ամենահայտնի օրինակը Թուրքիայի հեռուստատեսության պատմության մեջ ամենաերկար՝ «Սկեսուրները» (Kaynanalar) (1974) սերիալում է, որտեղ Կայսերիի բնակիչներ են գործարար Նյորի Քանթարը և վերջինիս կինը՝ Նյորիյե Քանթարը։

Այդ սերիալի սյուժեի հիմքում ընկած են Հալդուն Թաների «Թեթևամիտ ամուսինը և խորամանկ կինը» (1969)  թատերական ներկայացումը և Մոլիերի «Ջորջ Դանդինը» (1668) հումորային ներկայացման 3 տարբեր (նախանձ Հերիֆը, Յորգակի Դանդինի կերպարը սերիալում՝ Ահմեդ Վևֆիք փաշա) բեմադրությունները։ Ներկայացման գեղարվեստական կերպարներն են Ահմեթ Վևֆիք փաշան, Թոմաս Ֆասուլյեջիյանը, Ահմեդ Ֆեհիմը, Հրանուշը, Հոլասը, Սաթենիկը, Քյուչյուք Իսմայիլը, Վիրժինյա Զագակյանը և օսմանյան թատրոնի մեջ մեծ ներդրում ունեցած պատմական այլ անձինք։ Մոլիերի ներկայացման նման՝ սերիալում էլ հիմնական բախումը տեղի է ունենում բարձր դասի աղջկա հետ ամուսնացած գյուղացի Ջորջ Դանդինի կնոջ ընտանիքի միջև, որը մշտապես ստորացնում է Դանդինին, և չնայած կնոջ դավաճանությանը՝ մշտապես Դանդինն է սխալ դուրս գալիս։ Ահմեթ Վևֆիք փաշան ֆրանսիացի արիստոկրատիայի և գյուղացիների միջև բախումը համապատասխանեցրել է օսմանցի հույն համայնքին և «անկիրթ» քարամանների և ֆեներցի հույների հետ մի համեմատության է վերածել այն։ Մյուս կողմից Հալդուն Թաների թատերական ներկայացման մեջ պատմական կեպարների խոսքերով կազմած դատողությունն այն էր, որ ֆեներցի հույները և Անատոլիայի քրիստոնյա գյուղերի բնակիչները բավականաչափ «մեզնից» և «տեղացի» չէին։ Թատերական ներկայացման 3-րդ մասին ժամանակ, չնայած հայ դերասանների երևելիությանը, Ջորջ Դանդինի խաղը «իդեալական բեմադրության» օրինակ է համարվել և ամբողջովին «մուսուլմաններից» և «տեղացիներից» կազմված  իմպրովիզացիայի վերածվել։ Նման մի քննարկում օրակարգ է եկել դեռևս սերիալից 5 տարի առաջ՝ 1964 թ․ բեմադրված «Քեշանլը Ալիի դեստանը» ներկայացման մեջ։ Անկարայի Ալթընդաղցի քուրդ Ջեմալին թուրքացնելիս նրան դարձնում են Քեշանցի Ալի։ Ի վերջո սերիալը կարող ենք մետաֆոր համարել, որտեղ Կայսերիի բնակիչները՝  Յորգակի Դանդինիները, վերածվում են Հիմմեթ աղաների»։

 Գյուլբենկյանների պատմությունը

Գիտնական Ջաֆեր Սարըքայան  ելույթ էր ունենալու «Կայսերիի բնակիչ հայ առևտրական ընտանիքի պատմություն․ Գյուլբենկյանները» թեմայով։ Նա ասաց․ «Իմ ելույթի ժամանակ պատմելու էի, թե երբ եմ հանդիպել Գյուլբենկյաններին, և թե ինչու՞ է այս ընտանիքն ինձ հետաքրքրել»։ «Պարոն հինգ տոկոս» մականունով հայտնի՝ միջազգային նավթարդյունաբերության առաջացման և զարգացման մեջ կարևոր դեր խաղացած Գալուստ Սարգիս Գյուլբենկյանը ծնվել է 1869 թ․ Ստամբուլում, իսկ 1955 թ․ հուլիսին մահացել Լիսաբոնում։

Լավ, իսկ ինչու՞ Գյուլբենկյան հիմնադրամը ստեղծվեց Լիսաբոնում։ Իմ ելույթի ժամանակ, որը պատրաստելիս օգտագործել եմ Գյուլբենկյանների հարուստ լուսանկարչական ալբոմները, տեղեկություններ էի տրամադրելու Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի, թանգարանի և Երուսաղեմի հայկական պատրիարքարանում գտնվող Գալուստ Գյուլբենկյան գրադարանի մասին։

Պարզաբանելու էի, թե Գյուլբենկյանների հետ կապված հուշերում, հիշողություններում, կենսագրության, ինքնակենսագրության մեջ և այլ աղբյուրներում ինչու գրեթե տեղեկություններ չկան այն մասին, որ Գյուլբենկյանները արմատներով Կայսերիի կենտրոնից՝ Թալասից են եղել, մանրամասն տեղեկություններ էի տալու 1915 թ․ առաջ և հետո Թալասում հայերի կյանքի վերաբերյալ, որից հետո պատմելու էի Կայսերիի և Էլյազըղի (Խարբերդ-Ակունք խմբ) շրջակայքում Գյուլբենկյանների ունեցած համայնքնային, մշակութային և տնտեսական կարևոր դերի մասին։ Խոսելու էի 1935 թ․ նրա, առանց Թուրքիայի Հանրապետության թույլտվության, Անգլիայի քաղաքացի դառնալու պատճառների, ապա նրա որդու՝ Նուբարի վերստին Թուրքիայի քաղաքացի դառնալու ցանկության մասին։ Ներկայացնելու էի Եվրոպայում գտնվող թուրք դիվանագետների հետ նրա մոտ հարաբերությունների մասին վկաների պատմածները, թեև նրա ընտանիքը խզել էր Թուրքիայի հետ հարաբերությունները։ Տեսնելու էինք, թե ինչերի կհանդիպենք, եթե Գալուստ Գյուլբենկյանի ինքնության, այսինքն՝ Կայսերիից լինելու մասին  հետքերը որոնենք թուրքական մամուլում»։

1915 թ հետո Հորդանանում մնացած չոմաքցի հայերը և նրանց պատմությունը

Կոնֆերանսի համար ելույթ պատրաստած, սակայն արգելքի պատճառով զեկուցմամբ հանդես չեկած Աննա Օհաննեսյան Չարփինը ներկայացնելու էր Կայսերիից հարկադրաբար Հորդանան գնացած կանանց պատմությունը։ Նա ասաց․  «Աշխատում եմ որպես մարդաբան։ Տարիներ առաջ սկսեցի ուսումնասիրություն կատարել Հորդանանի շուրջ։ Մասնավորապես իմ թեման Հորդանանի հարավում գտնվող բեդվին աշիրեթների մասին է։ Թեման ուսումնասիրելիս հանդիպեցի մի մարդու, որն ինձ հայտնեց․ «Մայրս հայ է»։ Դա ինձ համար մի փորք զարմանալի էր։ «Հայերեն մի բառ արտասանիր»,- ասացի ես, նա էլ «ջուր» ասաց և սկսեց պատմել իր մայրիկի պատմությունը։  Այդպիսով, ես էլ սկսեցի այս թեման ավելի մանրամասն ուսումնասիրել։ Այո՛, Ամմանում Ցեղասպանությունից հետո եկած հայկական համայնք կա։ Հայտնի համայնք է։ Սակայն Հորդանանի հարավից ենք խոսում․ այս թեման էի ցանկացել ներկայացնել, քանի որ դեպի Հորդանանի հարավ աքսորը շատ հայտնի թեմա չէ։ Իմ թեման հետևյալն է․ «Ի՞նչ պատահեց 1918 թ․ հետ չվերադարձած և այնտեղ մնացած մարդկանց հետ»։ Ինչպիսի՞ն է եղել նրանց կյանքը։ Այդ մարդկանց մեծ մասը կանայք են եղել։ Նրանց մեծ մասը 15-16 տարեկան երիտասարդ աղջիկներ էին, որոնք բեդվինների հետ են ամուսնացել։ Դա իհարկե մեծ հաշվով ողջ մնալու համար էր, սակայն երբ նրանք երեխա են ունեցել, նախընտրել են մնալ այնտեղ։ 13 կամ 15 կին նախընտրել է մնալ։ Հորդանանի բեդվին համայնքը նրանց լավ է ընդունել։ Իմ հետաքրքրվածությունը այդտեղից է գալիս։ Ի՞նչ եղավ։ Մեկ հարց ևս կա․ նրանց, այսինքն՝ երեխաների համար հայ լինելը ի՞նչ նշանակություն ուներ»։ Նրանք ասում էին․ «Մայրս հայ էր», սակայն դա ի՞նչ էր նշանակում։

Հայերի պատմության մասին գաղափար գրեթե չունեին։ Լավ, իսկ այդ կանայք մշակութային տեսանկյունից ինչպիսի՞ ժառանգություն կարող էին թողած լինել։ Հասկացա, որ «Հայր մեր» աղոթքը կամ էլ որոշ մանկական  երգեր կամ էլ Սուրբ Զատիկին ձու ներկելու սովորույթը հաղորդել էին իրենց երեխաներին։  Այդ կանանց մեծ մասը Կայսերիի Չոմաքլը բնակավայրից են եղել։ Նրանք պատմել են թե Չոմաքլըի, թե իրենց աքսորի պատմությունը։  Այդ պատմության մեջ շատ հետաքրքիր պատմություններ ևս կան։ 1950-ական թթ․ բժիշկ Ներսիսյան անունով մեկը աքսորից հետո Մաանում է ապրել, ապա վերադարձել է Հունաստան, տարիներ անց գնացել է Երուսաղեմ՝ ուխտի։  Այնտեղ իր մանկության օրերն է հիշում, ցանկանում է աղոթք անել, սակայն չի կասկածում իր հայկական ինքնության մասին։ Երբ կանայք լսել են հայի գալու մասին, եկել են հանդիպման, որը հետաքրքիր է անցել։ Լուսանկարվել են։  1950-ական թթ․ Նյու Յորքում մի ամսագիր էր հրատարակվում։ Այդ ամսագիրը չոմաքցի հայերի է երևան հանում։ Ներսիսյանը այնտեղ տպագրում է Մաան գնալու պատմությունը, այնտեղ ապրող հայ կանանց անվանացանկն է հրապարակում։ Ամեն անգամ, երբ չոմաքցի հայերն այդ անունները կարդում են, գտնում են իրենց բարեկամներին։ 1950-ից 1967 թ․, այսինքն՝ մինչև արաբա-իսրայելական պատերազմ, աշխարհի բազմաթիվ վայրերից հայեր են եկել Մաան և ծանոթացել իրենց բարեկամների հետ։ Այդ ողջ ընթացքում Մաանը վերածվել է  ինտերնացիոնալ շրջանի։ Ահա այս ամենն էի ներկայացնելու իմ զեկուցման ընթացքում»։

AGOS

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net