Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2018թ. մայիսին ձևավորված կառավարության ծրագրով նախատեսվում էր կենսաթոշակային համակարգի սկզբունքների էական վերանայում, այդ թվում՝ դիտարկելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումները։ Փոխարենը՝ 2018թ. ամբողջ ծավալով ներդրվեց կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը:
Կատարվեցին փոփոխություններ, որոնք ավելի արմատավորեցին այս բաղադրիչը: Մասնավորապես, 2018թ. կեսից պարտադիր կուտակայինի մասնակցի վճարը 5 տոկոսից դարձավ 2,5 տոկոս, իսկ պետության կողմից կատարվող վճարը 5 տոկոսից՝ 7,5 տոկոս: Սրա հետևանքով 2019թ. պետական բյուջեով պարտադիր կուտակային համակարգի ֆինանսավորմանը հատկացվել է նախորդ տարվանից 12 միլիարդ դրամով ավել գումար՝ 56 մլրդ դրամ: Իսկ 2020թ. այս համակարգի ֆինանսավորմանը պետական բյուջեից կհատկացվի 70 միլիարդ դրամ, որի աճը 2019թ. համեմատ կազմում է 14 միլիարդ դրամ:
Խնդրահարույց այս համակարգի չեղարկման դեպքում հնարավոր կլիներ այդ միջոցներով էապես բարձրացնել կենսաթոշակների չափերը, իրականացնել զբաղվածության պետական աջակցության, կայուն աշխատատեղ ստեղծող և սոցիալական ներառական զարգացման այլ ծրագրեր:
2018թ. կեսից կենսաթոշակների նվազագույն չափը սահմանվեց՝ 25500 դրամ, որից ցածր կենսաթոշակ ստանում են ընդհանուրի շուրջ 14 տոկոսը՝ 85 հազար մարդ և նրանց շուրջ 70 տոկոսն աղքատ չեն: Իսկ այս չափից բարձր ստացողների մեջ կան մեծ թվով աղքատ կենսաթոշակառուներ, որոնց կենսաթոշակը չի ավելացել: Այս փոփոխությունը խնդրահարույց է նաև սոցիալական արդարության տեսանկյունից՝ կենսաթոշակի չափի վրա աշխատանքային ստաժի ազդեցության բաղադրիչն էապես նվազեցվում և վերացվում է:
Ոչ համակարգված աշխատանքի արդյունքում 2018թ. կառավարությունը մեկ տարով հետաձգեց կենսաթոշակային ոլորտի կարևոր բարեփոխումներից մեկը՝ աշխատանքային գրքույկների թվայնացումը: 2019թ. նորից նախատեսում են հետաձգել այս գործընթացը: Սոցիալական ապահովության պետական ծառայությունն այս աշխատանքները կատարելու համար ունի 51 տարածքային կենտրոններ, 650 աշխատողներ և ուներ երեք տարուց ավել ժամանակ: Առանց աշխատանքային գրքույկների թվայնացման անհնար է վերացնել կեղծ աշխատանքային ստաժի հավելագրման արատավոր պրակտիկան, որը շարունակվում է նաև այսօր: Ընդ որում՝ աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրավունքի և չափի որոշման հիմքերից է: Եվ միայն իրավապահ մարմինների պայքարը կոռուպցիա ծնող այս արատավոր երևույթի դեմ չի կարող լիարժեք արդյունք ապահովել: Ի դեպ, կեղծ աշխատանքային ստաժի հիմքով ավել վճարվող գումարները ևս կարող են ուղղվել կենսաթոշակների բարձրացմանը:
Այսպիսով, օբյեկտիվ հարց է առաջանում. «Համարժեք և բավարար ե՞ն կենսաթոշակների ոլորտում իրականացվող փոփոխությունները տրված խոստումներին»:
Սոցիալական պաշտպանության ոլորտում որոշիչ դեր ունեն նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգն ու սոցիալական նպաստները: Հենց այս համակարգն է կոչված սոցիալական նպաստների հասցեականության ապահովմանը: Այս համակարգն արմատապես վերանայելու խոստումները կյանքի կոչելու փոխարեն իրականացվում են դրվագային փոփոխություններ՝ խորացնելով առկա խնդիրները: Խոստացված էր արմատապես վերափոխել անուղղակի մեթոդով անապահովության գնահատման գործող համակարգը՝ հիմքում դնելով ընտանիքների եկամուտների գնահատման ուղղակի մեթոդը: Այս նպատակով 2018թ. և 2019թ. իրական որևէ քայլ արված չէ:
Ընտանեկան և սոցիալական նպաստների չափերը, շահառու ընտանիքների թիվը անփոփոխոխ են մնացել 2018-2019թթ, իսկ 2020թ. ևս նախատեսված է թողնել անփոփոխ՝ 37,7 միլիարդ դրամ, 100 հազար ընտանիք, նպաստի ամսական միջին չափ՝ 31442 դրամ, որը գրեթե կրկնակի ցածր է մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքից:
Պաշտոնական վիճակագրությամբ արձանագրված փաստն էլ հետևյալն է. 2018թ. աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է ընդամենը 2,2 տոկոսային կետով՝ կազմելով 23,5 տոկոս: Իսկ 2017թ. աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է 3,7 տոկոսային կետով: Այսինքն՝ 2017թ. աղքատության մակարդակի նվազման տեմպը 70 տոկոսով գերազանցել է 2018թ. ցուցանիշը:
Հիմա հարցերը. «Ե՞րբ են իրականացվելու խոստացված այս բարեփոխումները: Ե՞րբ է մեկնարկելու կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված՝ աղքատության մակարդակի էական նվազումը»:
Այս հարցերին առաջարկում ենք անդրադառնալ «100 փաստեր» ձևաչափով: Առաջիկայում կբարձրացնենք նաև այլ հարցեր, որոնք վերաբերում են սոցիալ-տնտեսական ոլորտում տրված, սակայն այդպես էլ չիրականացվող խոստումներին:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ