Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ն օրերս անդրադարձել էր այն փաստին, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով` պետական և տարածքային կառավարման բոլոր մարմինները պետք է մինչև 01.11.2019թ. սկսեն 2020 թվականի կարիքների համար ներքին աուդիտի ծառայությունների ձեռք բերման գործընթացը, իսկ մինչև 15.11.2019թ. նախաձեռնեն ներքին աուդիտի ստորաբաժանումների գործունեության դադարեցման գործընթացը` ստորաբաժանումները լուծարելու և ներքին աուդիտի ծառայությունը գնումների գործընթացով մասնավոր կազմակերպությանը պատվիրակելու համար:
ՀՀ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված է այն մասնավոր կազմակերպությունների ցուցակը, որոնք իրավասու են պետական գնումների գործընթացով մասնակցել պետական կառույցների կողմից հայտարարվող ներքին աուդիտի ծառայության մրցույթին: Նոյեմբերի 25-ի դրությամբ՝ հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար որակավորում ունեցող կազմակերպությունների ցուցակում առկա է 7 կազմակերպություն, որոնցից 5-ը հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար գրանցվել են 2019թ., այսինքն՝ որակավորումը ստացել են հենց 2019թ.:
1997թ. հիմնադրված «Հայաուդիտ» ՍՊ, 2010թ. հիմնադրված «Գրանթ Թորնթոն» ՓԲ, 2004թ. հիմնադրված «ԷՅ-ԷՆ Աուդիտ» ՓԲ և 1997թ. հիմնադրված «ՊԻ ԿԱ ԷՖ Աուդիտ Սերվիս» ՍՊ ընկերությունները գնումների մրցույթին մասնակցելու համար որակավորվել և գրանցվել են ճիշտ պահին՝ սույն թվականի հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում, քանի որ ՀՀ վարչապետի հանձնարարականով` պետական և տարածքային կառավարման բոլոր մարմինները պետք է մինչև 01.11.2019թ. սկսեն 2020 թվականի կարիքների համար ներքին աուդիտի ծառայությունների ձեռք բերման գործընթացը, իսկ մինչև 15.11.2019թ. նախաձեռնեն ներքին աուդիտի ստորաբաժանումների գործունեության դադարեցման գործընթացը:
Հնգյակի մեջ մտնող կազմակերպություններից` 2013թ. հիմնադրված «Ասատրյանս» ՍՊԸ-ն, ի տարբերություն նշված 4 կազմակերպությունների, մի փոքր վաղ է որակավորվել և գրանցվել՝ հունիսի 14-ին: Կան ևս երկու ընկերություններ՝ «Փըրֆեքթ Աուդիտ» ՍՊԸ-ն և «ԲԻ-ԴԻ-Օ Արմենիա» ՓԲԸ-ն, որոնք որակավորվել և գրանցվել են, համապատասխանաբար, 2015թ. և 2018 թ.:
Yerkir.am-ը հարցում կատարեց մի շարք նախարարություններ՝ պարզելու, թե որոնք են արդեն սկսել գնումների գործընթացը: Ի պատասխան մեր հարցմանը՝ ՀՀ առողջապահության նախարարի մամլո քարտուղար Ալինա Նիկողոսյանը նշեց, որ նախարարության կողմից ներքին աուդիտի ծառայությունը մասնավոր կազմակերպությանը պատվիրակելու՝ գնումների մրցույթի հայտարարությունն արդեն հրապարակված է: Այլ նախարարություններն ու ուժային կառույցները, մասնավորապես՝ ԿԳՄՍ նախարարությունն ու ԱԱԾ-ն՝ գնումների հրապարակային գործընթացի վերաբերյալ մեր հարցմանը կպատասխանեն Yerkir.am-ի կողմից գրավոր հարցում ուղարկելու դեպքում:
Նարա Մարտիրոսյան