Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը հետևողական է նախորդ տարվա հոկտեմբերին ՀՀ վարչապետի հանձնարարականով մեկնարկած՝ պետական և տարածքային կառավարման մարմիններում իրականացվող աուդիտորական ծառայությունները մասնավոր ընկերություններին արտապատվիրակելու հորդոր-հանձնարարականի իրականացման գործընթացին, և վերջերս հարցում էինք ուղարկել բոլոր նախարարություններին՝ պարզելու համար, թե որքանո՞վ են կյանքի կոչվել այդ հանձնարարականները, ի՞նչ արդյունավետությամբ և թե ի՞նչ ճակատագրի են արժանացել գերատեսչությունների ներքին աուդիտորական ստորաբաժանումները՝ հաստիքային աշխատակիցներով հանդերձ:
Վարչապետի հանձնարարականի նպատակը աուդիտորական ծառայությունները պետական կառավարման համակարգում ավելի արդյունավետ, որակյալ և անկախ դարձնելն է, քանի որ նա կասկածի տակ էր դրել նույն կառույցի մեջ գործող ստորաբաժանման անաչառությունն ու անկախությունը, մանավանդ որ շատ դեպքերում այդ ստորաբաժանումներում չէր բավարարվել ներքին աուդիտի պրոֆեսիոնալ կոմիտեի առկայության օրենքի պահանջը, ինչը աուդիտորական ստորաբաժանումների անկախության երաշխիքն է: Նաև այդ ստորաբաժանումների որակյալ և արդյունավետ աշխատանքին էր ապրիորի բացասական գնահատական տրվել, թեև այդ կառույցների գործունեությանը գնահատական տալու համար որևէ ուսումնասիրություն չէր իրականացվել: Պարզապես հեղափոխական լոզունգների պես նաև ներքին աուդիտորական համակարգի վերաբերյալ էին պոպուլիստական գնահատականներ հնչել՝ առանց ցավոտ խնդիրները մատնացույց անելու։ Դե, բնական է, բժիշկը միայն զննելուց հետո կարող է ասել, թե որ օրգանն է հիվանդ: Իսկ երբ միայն ինչ-որ գանգատների հիման վրա է ախտորոշում արվում, դա արդեն մասնագիտական տգիտություն է: Ինչևէ: Վարչապետի թերահավատ հայտարարություններին հաջորդեց նրա հրահանգը, որը պետք է իրականացվեր խիստ սահմանափակ ժամկետում:
ՀՀ վարչապետի հանձնարարականով պետական և տարածքային կառավարման բոլոր մարմինները պետք է մինչև նախորդ տարվա նոյեմբերի 1-ը սկսեին 2020 թ. կարիքների համար ներքին աուդիտի ծառայությունների ձեռք բերման գործընթացը, իսկ մինչև նոյեմբերի 15-ը նախաձեռնեին ներքին աուդիտի ստորաբաժանումների գործունեության դադարեցման գործընթացը` ստորաբաժանումները լուծարելու և ներքին աուդիտի ծառայությունը գնումների գործընթացով մասնավոր կազմակերպությանը պատվիրակելու համար:
Նշենք, որ մասնավոր կազմակեպություններին ներքին աուդիտի պատվիրակման գործառույթը հանձնվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ որպես լիազոր մարմնի, սակայն լիազոր մարմինն, ըստ փորձագիտական շրջանակների, այդ համակարգային փոփոխությունն իրականացնելուց առաջ չի ուսումնասիրել հանրային հատվածի կազմակերպությունների տարեկան ներքին աուդիտի հաշվետվությունները, և դրա հիման վրա եզրակացություններ չեն արվել, ինչը սահմանված է «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով` որպես լիազոր մարմնի պարտականություն: Հետևաբար, ինչպես արդեն նշեցինք, գնահատական չի տրվել ներքին աուդիտի ստորաբաժանումների գործունեության արդյունավետությանը՝ ծախսերի դիմաց կատարված աշխատանքների որակի գնահատման հիման վրա:
Համակարգային փոփոխությունների առաջարկը գնահատելու համար նաև նպատակահարմար չի համարվել նախ պիլոտային ծրագրի իրականացումը, հետո նոր դրա ամբողջական ներդրումը, ինչն այս դեպքում պարտադիր էր և ստացվում է, որ օրվա իշխանությունները հերթական չմտածված ծրագիրն են որոշել կյանքի կոչել՝ առանց հաշվի առնելու բոլոր ռիսկերը, հնարավորությունների բացակայությունը և ծրագրի անկենսունակությունը:
Եվ ինչպես ցույց են տալիս մեր հարցման պատասխանները, այս դեպքում ևս «քայլած» իշխանությունների սխալ հաշվարկները, պրոֆեսիոնալիզմի, փորձառության և գիտելիքների պակասը թույլ չտվեցին իրենց բարի ցանկությունները կյանքի կոչել, քանի որ առ այսօր՝ վարչապետի հանձնարարականից ավելի քան ութ ամիս անց, պետական կառավարման համակարգում աուդիտորական ծառայությունները ոչ այն է պատվիրակվել են մասնավոր ընկերություններին, ոչ այն է իրականացվում են ներքին ռեսուրսների հաշվին, իսկ որոշ նախարարություններ մնացել են առանց այդ գործառույթի:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում, օրինակ, 2018 թ. ներքին աուդիտի բաժնի կողմից 5 հաստատությունում կատարվել է աուդիտ, որի համար բաժնի աշխատակիցները ստացել են 8 471 520 ՀՀ դրամ զուտ աշխատավարձ, ևս 274 400 դրամ՝ որպես ներքին գործուղման ծախսի փոխհատուցում: 2019 թ. նախարարության ներքին աուդիտի բաժնի կողմից 5 հաստատությունում կատարվել է աուդիտ, և բաժնի աշխատակիցները ստացել են 9 711 711 դրամ աշխատավարձ: Նախարարության ներքին աուդիտի բաժինը առ այսօր չի լուծարվել և 2020 թվականին նախարարության ներքին աուդիտի բաժնի կողմից նախատեսվել է 10 հաստատությունում աուդիտ իրականացնել: Թե որքան գումար կհատկացվի դրա համար, նամակի մեջ նշված չէ:
Ներքին աուդիտի ստորաբաժանումը շարունակում է գործել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, որտեղ 2018 թ. ներքին աուդիտի բաժնի աշխատողներին վճարված աշխատավարձերի ընդհանուր չափը կազմել է 7 մլն 446 հազար 800 դրամ, իսկ 2019 թ. այդ նպատակով հատկացվել է 12 մլն 131 հազար 100 դրամ: 2020 թ. էլ ներքին աուդիտի գործառույթը չի արտապատվիրակվել, ներքին աուդիտի ստորաբաժանումը շարունակում է գործունեությունը և հունվար-հունիս ամիսների համար ստորաբաժանման աշխատակիցներին վճարվել է ընդհանուր առամամբ 3 մլն 785 հազար 900 դրամ աշխատավարձ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պատասխանի համաձայն՝ 2018, 2019 թթ. ներքին աուդիտի բաժինը գերատեսչությունում աուդիտ է իրականացրել միայն նախարարության աշխատակազմում, որի համար լրացուցիչ գումար չի հատկացվել: Հղում կատարելով «Ներքին աուդիտի մասին» օրենքին, որի համաձայն՝ նախարարությունն իրավասություն ունի ներքին աուդիտ իրականացնել 3 տարվա պարբերականությամբ, պատասխանի մեջ նշվել է, որ 2020 թ. առաջին կիսամյակում նախարարությունում դեռևս աուդիտ չի իրականացվել:
Ի տարբերություն այս նախարարությունների, մյուսներում աուդիտորական ծառայությունների արտապավիրակման գործընթացի փորձարկումները սկսվել են, որոշներում՝ անհաջող: Թե որքանո՞վ են դրանք արդյունավետ, ժամանակը ցույց կտա: Բայց որոշ թվեր ու փաստեր ներկայացնելով՝ փորձենք հասկանալ, թե արդյո՞ք մասնավորի օգնությանը դիմելով՝ կառավարությունը լավագույն ճանապարհն է ընտրել:
ՀՀ ֆինանսների նախարարության ոչ այնքան հստակ պատասխանից կարելի է եզրակացնել, որ այնտեղ աուդիտորական ծառայություններն արդեն պատվիարկվել են մասնավորին: Ըստ Yerkir.am-ի հարցման պատասխանի՝ սեփական ներքին աուդիտորական ստորաբաժանմանը 2018 թ. նախարարությունը վճարել է 27 մլն 174 հազար 925 դրամ: 2019 թ. ներքին աուդիտի վարչության բավարար քանակով հաստիքների համալրված չլինելու պատճառով ներքին աուդիտի վարչության կողմից աշխատանքներ չեն իրականացվել, ինչն էլ հանգեցրել է նախարարությունում նշված ծառայությունների արտապատվիրակման գործընթացի կազմակերպման։ Դրա դիմաց նախարարությունը վճարել է 8 մլն 401 հազար 299 դրամ՝ զգալիորեն խնայելով եղած միջոցները: 2020 թվականի 1-ին եռամսյակի համար աուդիտորական ծառայություններ գնելու նպատակով ֆինանսների նախարարությունը հատկացրել է 4 մլն 64 հազար դրամ և 2020 թվականի ընթացքում նախատեսվում է թվով յոթ ստորաբաժանումներում աուդիտ իրականացնել:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը մասնավոր ընկերության համար գրեթե նույնքան բյուջե է նախատեսել, որքան ներքին աուդիտորական ծառայություն իրականացնող ստորաբաժանմանն է հատկացրել նախորդ տարվա ընթացքում՝ 68 մլն 626 հազար 560 դրամ, մինչդեռ 2018 թ. ԿԳ նախարարությունը աուդիտի ստորաբաժանմանը վճարել է 55 մլն 036 հազար 691 դրամ, իսկ մշակույթի նախարարությանը՝ 7 մլն 126 հազար 580 դրամ, սպորտի և երիտասրարդության նախարարությանը՝ 14 մլն 161 հազար 222 դրամ, ընդհանուր՝ 76 մլն 324 հազար 493 դրամ: 2019 թ. ստորաբաժանումը լուծարվել է, սակայն 2020 թ. մի քանի անգամ հայտարարված մրցույթում այդպես էլ որևէ կազմակերպություն հաղթող չի ճանաչվել, և փաստացի այդ նախարարությունում այս տարի աուդիտ չի իրականացվել, թեև նախարարության այս տարվա բյուջեով ծառայությունների գնման համար 69 մլն դրամ է նախատեսվել:
Շրջակա միջավայրի նախարարությունում 2018 թ. ներքին աուդիտորական ստորաբաժանմանը 14 մլն 98 հազար 896 դրամ է հատկացվել՝ աշխատավարձերի, գործուղման ծախսերի, առողջության ապահովագրության համար, իսկ 2019 թ. նույն նպատակներով բյուջեից դուրս է գրվել 9 մլն 252 հազար 403 դրամ: Այս տարի ստորաբաժանումը լուծարվել է, և ծառայություններն արտապատվիրակվել են այլ կազմակերպությանը՝ 11 մլն 700 հազար դրամ գումարով գնումներ կատարելու միջոցով:
Առողջապահության նախարարության ներքին աուդիտի բաժնին 2018 թ. վճարվել է 8 մլն 753 հազար 169 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ: 2019 թ. հատկացված գումարը գրեթե չի փոխվել՝ հատկացվել է 8 մլն 704 հազար 656 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ: 2020 թ. համար 2019 թ. դեկտեմբերի 18-ին առողջապահության նախարարության և Փըրֆեքթ Աուդիտ ՍՊԸ-ի միջև կնքվել է աուդիտի ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագիր՝ 13 մլն 750 հազար դրամի չափով: Փաստորեն բյուջետային հատկացումներն ավելացվել են:
Արտակարգ իրավիճակների նախարարության ներքին աուդիտի վարչության գործունեության համար 2018թ հատկացվել է 38 մլն 828 հազար 470 դրամ, 2019 թ. համար՝ 42 մլն 2 հազար 160 դրամ: Պատասխանի մեջ, չգիտես սխալմամբ, թե այս տարի աուդիտորական ծառայություններ չնախատեսելու պատճառով, 2020 թ. աուդիտորական ծառայություններ իրականացնելու մասին որևէ տեղեկություն չկա, փոխարենը նշված է, որ 2021 թ. համար աուդիտորական ծառայության դիմաց վճարելու նպատակով նախարարության բյուջետային հայտում ներկայացվել է 14 մլն 500 հազար դրամ նպատակային ծախս: Բայց չի հստակեցվել՝ ներքին աուդիտի ստորաբաժանումը լուծարվե՞լ է և արդյո՞ք պատվիրակման եղանակով են իրականացվելու հաջորդ տարվա աուդիտորական ծառայությունները, թեև հարցման մեջ խնդրել էինք հստակեցնել՝ լուծարվելո՞ւ է արդյոք ներքին աուդիտի վարչությունը և փոխարենը ծառայությունների պատվիրակում լինելո՞ւ է:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներքին աուդիտի բաժնին 2018 թ. հատկացվել է 7 մլն 122 հազար 400 դրամ աշխատավարձային ֆոնդ և դրան հավասարեցված վճարներ: 2019 թ. արդեն վերամիավորված ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներքին աուդիտի բաժնին (ներառյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներքին աուդիտի բաժին) հատկացվել է 16 մլն 869 հազար 600 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ: 2020 թ. աուդիտի համար նախատեսվել է 9 մլն 240 հազար դրամ, սակայն դեռևս աուդիտի ձեռքբերման մրցույթ չի հայտարարվել: Պատասխանից հստակ չէ՝ իսկ ներքին ստորաբաժանումը լուծարվե՞լ է, թե շարունակում է գործել։ Եթե լուծարվել է, այս նախարարությունը ևս փաստորեն աշխատում է առանց աուդիտորական վերահսկման, և գերատեսչությունում չարաշահումների համար պարարտ հող է ստեղծված։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներքին աուդիտի բաժնին 2018 թ. հատկացվել է 15 մլն 95 հազար 188 դրամ, իսկ 2019 թ. 19 մլն 304 հազար 705 դրամ: Նախարարության պատասխանում նշված է, որ 2020 թ. աուդիտի համար մասնավոր որևէ ընկերության ֆինանսական միջոցներ չեն տրամադրվել: Այս գերատեսչությունում ևս խուսափել են պատասխանել՝ լուծարվե՞լ է արդյոք ներքին աուդիտի ստորաբաժանումը և ծառայությունների արտապավիրակման գործընթաց նախատեսվո՞ւմ է իրականցնել, թե ոչ:
ՀՀ արդարադատության նախարարության ներքին աուդիտի բաժնին 2018 թ. 11 մլն 656 հազար 526 դրամ է հատկացվել: 2019 թ. նույն բաժնի փաստացի ծախսը կազմել է 12 մլն 233 հազար 452 դրամ: Նախարարության ներքին աուդիտի բաժնի լուծարումից հետո 2020 թ. որևէ մասնավոր աուդիտորական ընկերությանը դեռևս գումար չի հատկացվել, և այստեղ նույնպես չարաշահումների համար հրաշալի պայմաններ են ապահովված: Նկատենք, որ աուդիտորական վերահսկողությունից դուրս մնացած նախարարություններն այդ գործելաոճով աշխատում են արդեն կես տարի, և դա որևէ մեկին չի անհանգստացնում: Անփութությո՞ւն է, թե՞ սեփական թիմակիցների նկատմամբ գերագույն վստահություն, թեև այսօր կոռուպցիոն գործարքների համար ձերբակալված պաշտոնյաներին նկատի ունենալով խորհուրդ կտայինք վստահության գործակցի վրա մեծ հույսեր չդնել:
Միակ գերատեսչությունը, որը քննարկումից դուրս ենք թողել, պաշտպանության նախարարությունն է, սակայն 11 նախարարությունների պատասխաններով կարելի է հստակ պատկեր կազմել ոլորտում նախաձեռնած բարեփոխումների ընթացքի մասին և եզրակացնել, որ ըստ էության նախարարությունները այս պահի դրությամբ ձախողել են գործընթացը՝ այն կիսատ-պռատ և անարդյունավետ իրականացնելու զուր փորձեր անելով:
Ինչպես համոզվեցինք որոշ նախարարությունների պատասխան նամակներից՝ նրանք շտապել էին լուծարել սեփական ստորաբաժանումային կառույցները, սակայն չափորոշիչներին բավարարող կազմակերպությունների չէին կարողացել գտնել նունիսկ մի քանի անգամ հայտարարված մրցույթների արդյունքում, և փաստացի այսօր այդ նախարարությունները մնացել են առանց կարևոր գործառույթի: Թերևս գործընկերների ձախողումից վախենալով՝ գերատեսչությունների մի մասը ռիսկի չի գնացել և պահպանել է ներքին ստորաբաժանումները: Եվ միայն եզակի նախարարություններ են, որ կարողացել են մասնավոր կազմակերպությունների հետ համագոծակցության գնալ:
Մասնավոր ընկերությունների հետ համագործակցության պայմանագրեր կնքած նախարարությունները մեծ հաշվով բյուջետային մեծ խնայողություններ չեն կատարել, որոշ դեպերում պարտադրված են եղել ավելացնել ֆինանսական միջոցները՝ աուդիտորական ծառայություններ գնելու համար։ Եվ փաստացի պետական միջոցները խնայելու նպատակը նույնպես չի արդարացվել այս նախաձեռնությամբ, փոխարենը աուդիտորական ստորաբաժանումներում աշխատող մասնագետները զրկվել են եկամտի աղբյուրից և կայուն աշխատանք ունենալու հնարավորությունից՝ ավելացնելով երկրում առանց այն էլ մտահոգիչ չափերի հասնող գործազրկության ծավալները։ Մինչդեռ կարելի էր պահպանելով նրանց հաստիքները՝ պետական ծառայության համակարգում ներդնել այնպիսի գործիքակազմ, որը հնարավորություն կտար ավելի արդյունավետ դարձնել ներքին աուդիտորական գործառույթը։
Մյուս կողմից էլ նկատենք, որ աուդիտորական ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություններում աշխատավարձերն ու սպասարկման գումարները ամենևին համարժեք չեն պետական կառույցների սահմանած նշաձողերին, և որակյալ ծառայությունների համար պետությունը պարտադրված է բավականին բարձր գին վճարել, հակառակ դեպքում կարող է բախվել անորակ ծառայություններ ստանալու խնդրին, ինչի մասին ի սկզբանե բարձրաձայնում էին ոլորտի գիտակները:
Մասնագետները մեկ տարի է հորդորում են՝ ներքին աուդիտի ինստիտուտը Հայաստանում համեմատաբար նոր է և դրա ստեղծման ու զարգացման համար մեծ ֆինանսական ռեսուրսներ են նեդրվել։ Այս նախաձեռնությունը կփոշիացնի տարիների ընթացքում ձեռքբերվածը։ Առավել խելամիտ կլիներ կենտրոնանալ եղած համակարգը բարելավելու վրա, այլ ոչ թե՝ ոչնչացնելու։ Ավելի արդյունավետ պետական կառավարման հասնելու համար փորձագիտական հետազոտությունները խորհուրդ են տալիս մշակել հանրային քաղաքականություն՝ ուղղված ներքին ստորաբաժանումների աշխատողների թվի ավելացմանն ու նրանց մասնագիտական վերապատրաստմանը:
Կառավարության այդ նախաձեռնությունը մի շարք մասնագիտական շրջանակներում մտահոգություններ էր առաջացրել, և վարչապետի հանձնարարականից անմիջապես հետո հրապարակվեցին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության, այնուհետև հանրային հատվածի մի խումբ ներքին աուդիտորների բաց նամակները, որոնցում կառույցների ներկայացուցիչները հիմնավորումներով զգուշացրել էին, որ պետական գերատեսչություններում ներքին աուդիտի գործառույթը մասնավոր կազմակեպություններին պատվիրակելու և հանձնելու դեպքում կարող են մի շարք խնդիրներ ի հայտ գալ՝ պետական գերատեսչության անվտանգությունից ու հրապարակման ոչ ենթակա, գաղտնի տեղեկությունների արտահոսքից սկսած մինչև աշխատանքի արդյունավետ և որակյալ իրագործում, գերատեսչություններում հաստիքների կրճատումից մինչև գործազուրկների թվի ավելացում:
Հանրային հատվածում ներքին աուդիտը ներդրվել է դեռ 2013 թվականից և համակարգը մեզանում այնքան էլ մեծ կենսագրություն չունի՝ ամբողջությամբ կայանալու համար: Բայց մասնագետները փաստում են, որ այդ մեխանիզմը համաշխարհային պրակտիկայում ամենաարդյունավետներից է, և շատ երկրներ են փորձել Հայաստանի այսօրվա ճանապարհով գնալ, ձախողել են և նորից վերադարձել հին ու արդարացված փորձին՝ այդ համակարգն ավելի կատարելագործելու պատրաստակամությամբ:
Այդպես 2000 թ. Միացյալ Թագավորությունում արված հետազոտությունը (Selim and Yiannakas 2000) ցույց է տվել, որ մի շարք պետական հաստատություններում, որտեղ ժամանակին ներքին աուդիտի գործառույթը աութսորսինգի միջոցով պատվիրվել էր արտաքին մատակարարների, որոշ ժամանակ հետո վերականգնվել է սեփական ուժերով ներքին աուդիտի գործառույթը: Այդ հաստատություններին արված հարցման արդյուքնում պարզվել է, որ արտաքին մատակարարի տրամադրած ծառայությունների որակը ժամանակի ընթացքում կտրուկ վատացել է, քանի որ մատակարարը ոլորտային մասնագիտական հմտություններ չի ունեցել և չի տիրապետել պետական կառավարման սկզբունքներին:
Նման հետազոտություններ իրականացվել են նաև Նոր Զելանդիայում և Ավստրալիայում, արդյունքում պարզվել է, որ սեփական ներքին աուդիտի գործառույթի առկայության դեպքում կազմակերպության աշխատանքում ավելի հաճախ են հայտնաբերվում խարդախության դեպքերը, քան արտաքին մատակարարին այդ գործառույթը պատվիրակելիս: Հետազոտման արդյունքները փաստել են՝ սեփական ներքին աուդիտի բաժանմունքներ ունեցող կազմակերպություններում աուդիտը ավելի արդյունավետ է կազմակերպության վերահսկման և որակյալ ուսումնասիրություններ կատարելու առումով:
Բացի դա, ներքին աուդիտորական ստորաբաժանումը ամբողջ տարվա ընթացքում է տվյալ կազմակերպության կազմում գործունեություն ծավալում, և այդ ստորաբաժանման աշխատանքը չի սահմանափակվում միայն ուսումնասիրությունների արդյունքների վրա հիմնված հաշվետվություններ ներկայացնելով, օրենքով դրանք նաև պետք է գնահատեն, ուսումնասիրեն գործառնական ռիսկերը, ռիսկերի զսպման համար առաջարկներն ու հանձնարարություններն ի կատար ածեն, գնահատեն ներքին հսկողության համակարգերի, ռեսուրսների օգտագործման, օրենսդրական պահանջների նկատմամբ հսկողության արդյունավետությունը և այլն:
Իսկ արտաքին աուդիտորական կազմակերպությունը տարվա մեջ միայն մեկ անգամ է ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնում, տալիս եզրակացություն և դրանով եզրափակում իր ողջ գործառույթը պետական կառույցում:
ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը նախորդ տարվա հոկտեմբերի 25-ին նամակ էր հղել վարչապետին՝ զգուշացնելով, որ մասնավոր կազմակերպությունների միջոցով աուդիտորական ծառայություններ կազմակերպելը որոշակի վտանգներ է պարունակում՝ այն առումով, որ պետական գաղտնիքները հասանելի կդառնան այլ կազմակերպություններին, իսկ դրանց տարածումը՝ անվերահսկելի։ Պետական համակարգի հատկապես ուժային կառույցներում կան տարատեսակ ծախսեր, որոնք հրապարակման ենթակա չեն, բայց աուդիտի ընթացքում դրանք ամենայն մանրամասնությամբ դիտարկվում և ուսումասիրվում են: Պետական գաղտնիք պարունակող այդ փաստաթղթերը տրվելու են անհայտ ծագման մասնավոր կազմակերպության, որպեսզի այն դրանք տնօրինի, ուսումնասիրի և հրապարակի հաշվետվություններ: Պատերազմական վիճակում գտնվող երկրի համար պաշտպանության նախարարության, բանակի և Ազգային անվտանգության ծառայության ֆինանսական շարժը մասնավոր ընկերության վստահելն ազգային անվտանգության լրջագույն ռիսկ է, եթե մի կողմ թողնենք այլ ոլորտները:
Վերջին մեկ տարում բոլորիս համար էլ ակնհայտ դարձավ, որ մեր երկրում գաղտնիք պարունակող փաստաթղթերի, տվյալների, տեղեկությունների հանրայնացումն ու հրապարակումն այնքան էլ բարդ բան չէ: Ամենաթարմ դեպքը Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների անձնական տվյալների հրապարակումն էր այն էլ հարևան Ադրբեջանում, ինչը լրջորեն մտածելու տեղիք պետք է տա պետական կառավարման համակարգի և հատկապես ԱԱԾ աշխատակիցներին, որոնք առանց ատաքին աուդիտորական կազմակերպությունների միջամտության էլ բավականին խոցելի են:
Նկատենք նաև, որ անկախացումից ի վեր հայաստանյան շուկա մուտք են գործել համաշխարհային ճանաչում ունեցող աուդիտորական մի շարք ընկերություններ, որոնք օտարերկրյա կապիտալից են կախված և կարող են մեր երկրում հինգերորդ շարասյան գործառույթ ստանձնել: Արդյո՞ք պետական կառավարման համակարգում աուդիտորական ծառայություններ մատուցող ընկերություններին ընտրելիս հնարավոր կլինի կանխել ենթադրյալ գործակալական նպատակներ հետապնդող կառույցների մուտքը: Եվ նման պայմաններում այսպիսի կասկածելի բարեփոխումը, մեղմ ասած, չմտածված, անհեռատես քայլ է:
Մտահոգություններից մեկն էլ գերատեսչությունների պաշտոնյաների հետ փոխկապակցված աուդիտորական ծառայություններ մատուցող ընկերությունների հետ կոռուպցիոն գործարքների համար պարարտ հող ստեղծելն է, մանավանդ որ նախորդ տարի մամուլում հայտնված հրապարակումներն այն մասին, թե հանրային ոլորտում աուդիտորական գործունեությամբ զբաղվելու համար մրցույթում հաղթած կազմակերպություններից մեկը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի մերձավորներից մեկինն է և հենց այն 2020 թ. հունվարից կառավարությանը և պետական մնացած գերատեսչություններին աուդիտորական ծառայություններ կմատուցի, այդպես էլ չհերքվեցին: Խոսքը «ԻՆՏԵՐ ԼԻՄԵՆՍ» ՓԲԸ-ի մասին է: Հրապարակումների համաձայն՝ ընկերութան հիմնադիրն է Արթուր Շահնազարյանը` ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի եղբայրը, իսկ տնօրենն է`Գագիկ Սավկայի Ջանջուղազյանը՝ ֆինանսների նախարարի հարազատ եղբայրը, ինչն էլ մտածելու տեղիք էր տվել, որ նախարարը հնարավոր է փոխկապակցված է նմանատիպ գործունեությամբ զբաղվող ընկերությունների հետ:
Մեր լրատվամիջոցը դեռ նախորդ տարվա նոյեմբերի 25-ին հրապարակումներից մեկում ներկայացրել էր ՀՀ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված այն մասնավոր կազմակերպությունների ցուցակը, որոնք ցանկություն էին հայտնել պետական գնումների գործընթացով մասնակցել պետական կառույցների կողմից հայտարարվող ներքին աուդիտի ծառայության մրցույթին: Նոյեմբերի 25-ի դրությամբ՝ հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար որակավորում ունեցող կազմակերպությունների ցուցակում առկա էր 7 կազմակերպություն, որոնցից 5-ը հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար գրանցվել էին 2019 թ.՝ հենց այդ ժամանակ էլ ստանալով համապատասխան որակավորում, ինչը միանշանակ կասկածելի է: Նախկինում պետական մրցումների գործընթացքում այս պրակտիկայի կիրառումը շատերիս է ծանոթ:
Ի դեպ, մասնագետները կանխատեսել էին, որ ներքին աուդիտորական ստորաբաժանումների գործառույթը մասնավորին պատվիրակելու դեպքում զգալիորեն կավելանան բյուջետային ծախսերը, քանի որ մասնավորը չի համաձայնի ցածր գնով ծառայություններ իրականացնել, հակառակ դեպքում դրանք կլինեն անորակ և մակերեսային: Ավելին, երկարաժամկետ կտրվածքով ֆինանսական ավելի մեծ ծախսեր են պահանջվելու մասնավորի հետ համագործակցությունն ապահովելու համար, քանի որ ծառայություններից օգտվելու ծախսերին ավելանալու է նաև գնումների գործընթացի կազմակերպումը, որը ևս աշխատանքային ռեսուրս է պահանջում:
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության դիտարկումների համաձայն՝ աուդիտորական մասնավոր կազմակերպությունների մեծ մասը չունեն հանրային ոլորտում ներքին աուդիտ իրականացնելու փորձ և չեն կարող ներքին աուդիտորներից ավելի լավ պատկերացնել որևէ պետական մարմնի ռիսկերն ու խնդիրները։ Իսկ Հանրապետությունում մոտ 280 որակավորված աուդիտորներից մոտ 230-ը աշխատում են հանրային հատվածի կազմակերպություններում։ Այսինքն՝ մասնավոր աուդիտորական կազմակերպություններն անգամ բավարար և որակյալ կադրային ռեսուրսներ չունեն, հետևաբար չեն կարող նախաձեռնված գործընթացներն արդյունավետորեն իրականացնել առավել ևս աշխատանքի ծավալի բազմապատիկ ավելացման դեպքում և ապահովել պատվիրակված որակը, ինչի համար էլ, ըստ էության, կառավարությունը նախաձեռնել է այս փոփոխությունը: Մյուս կողմից էլ չի բացառվում, որ մասնավոր ընկերություններն իրենց մասնագիտական ներուժը համալրելու համար աշխատանքի ընդունեն հանրային ոլորտի աշխատողներին, և պետությունը պարտադրված լինի ավելի բարձր գին վճարել նրանց ծառայությունների համար, քանի որ մասնավոր հատվածում նրանց աշխատանքն ավելի բարձր է գնահատվում:
Աուդիտի գործառույթները մասնավորին պատվիրակելը նշակում է նաև, որ մոտ 200 աշխատակիցներ դուրս կմղվեն պետական հատվածից, կզրկվեն պետական աշխատողի կարգավիճակից, և դրա հետ մեկտեղ՝ սոցիալական երաշխիքներից ու պաշտպանվածությունից:
Նշենք նաև, որ միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում արձանագրվել է, որ աշխարհում չկա ներքին աուդիտը ամբողջությամբ մասնավոր կազմակերպությանը պատվիրակելու նման դեպք. ձեռք է բերվում խորհրդատվական ծառայություն, այլ ոչ թե ամբողջ աուդիտը: