կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-17 09:54
Հասարակություն

Բողոքող 1200 ուսանողի ուղարկեցին համակենտրոնացման ճամբար. նոյեմբերի 17-ը ուսանողների միջազգային օրն է

Բողոքող 1200 ուսանողի ուղարկեցին համակենտրոնացման ճամբար. նոյեմբերի 17-ը ուսանողների միջազգային օրն է

Չեխ հայրենասեր ուսանողների պատվին նոյեմբերի 17-ը միջազգայնորեն նշվում է իբրև Ուսանողների միջազգային օր՝ հայտնում է Yerkir.am-ը:

Նախապատմությունը հետևյալն է. 1939թ․ հոկտեմբերի 28-ին ֆաշիստների գրաված Չեխոսլովակիայում ուսանողները եւ դասախոսները դուրս են եկել ցույցի, որպեսզի նշեն Չեխոսլովակիա պետության կազմավորման (1918թ․ հոկտեմբերի 28) տարեդարձը։ Ցույցը ցրելու ժամանակ սպանվել է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը։

1939թ․ նոյեմբերի 15-ին Օպլետալի հուղարկավորությունը կրկին վերաճել է բողոքի ցույցի։ Տասնյակ ցուցարարներ ձերբակալվել են։ Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան գեստապոյականները և էսէսականները շրջապատել են ուսանողական հանրակացարանը։ Ավելի քան 1200 ուսանող ձերբակալվել եւ տարվել է Զակսենխաուզենի համակենտրոնացման ճամբար։ Ինը ուսանողների եւ ակտիվիստների առանց դատի մահապատժի են ենթարկել Պրահայի Ռուզինա շրջանի բանտում։ Հիտլերի հրամանով չեխական բոլոր բուհերը մինչեւ պատերազմի ավարտը փակվել են:

Այս իրադարձությունների պատվին էլ ստեղծվել է Ուսանողների միջազգային օրը, իսկ հետպատերազմյան տարիներին այն հաստատվել է Ուսանողների համաշխարհային կոնգրեսում, որը տեղի է ունեցել Պրահայում, 1946թ․։ Եւ այդ օրվանից այն ամեն տարի նշվում է։