կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-05 15:44
Աշխարհ

Ճիշտն ասելն այն է, ինչ ես կարող եմ. Օրհան Փամուքը՝ Հայոց ցեղասպանության թեմայի մասին

Ճիշտն ասելն այն է, ինչ ես կարող եմ. Օրհան Փամուքը՝ Հայոց ցեղասպանության թեմայի մասին

Թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը մասնակցել է ԱՄԷ-ի Շարջա քաղաքում անցկացվող գրքի տոնավաճառին: Թուրք գրողն աչքի է ընկնում ոչ միայն իր աշխարհիկ աշխարհընկալմամբ, այլև Էրդողանի քաղաքականության քննադատությամբ և Հայոց ցեղասպանության ճանաչման բացահայտ կոչերով. հաղորդում է mk.ru կայքը:

«Ես ապրում եմ աշխարհի մի անկյունում, որտեղ շատ գրողներ բանտում են իրենց քաղաքական հայացքների համար: Այնպես որ՝ ես երջանիկ գրող եմ, և ճիշտն ասելն այն է, ինչ ես կարող եմ»,- ասել է Փամուքը՝ անդրադառնալով իր քաղաքական հայացքներին:

Հիշեցնենք, որ 2005 թ. Փամուքը շվեյցարական Das Magazin պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր. «Թուրքիայում սպանվել է 300 հազար քուրդ և 1 մլն հայ: Դրա մասին ոչ ոք չի խոսում, և ինձ ատում են այն բանի համար, որ ես ասում եմ սա»: Այս հայտարարությունից հետո Փամուքը ստիպված էր լքել Թուրքիան: Նրա նկատմամբ հարուցվեց քրեական գործ՝ Թուրքիայի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի հիման վրա՝ թուրք ազգի ինքնությունը վիրավորելու մեղադրանքով, Փամուքը ենթարկվեց ազգայնականների սպառնալիքներին: «Այն, ինչ եղել է օսմանյան հայերի հետ 1915 թ., ամենամեծ գաղտնիքն է՝ թաքցված թուրք ազգի կողմից. այդ դեպքը տաբու է: Բայց այժմ մենք պետք է ի վիճակի լինենք խոսել անցյալի մասին»,– նշել էր թուրք գրողը BBC-ին տված հարցազրույցում:

Ի պաշտպանություն Փամուքի՝ 8 աշխարահռչակ գրողներ՝ Գաբրիել Գարսիա Մարկեսը, Ժոզե Սարամագուն, Գյունտեր Գրասը, Ումբերտո Էկոն, Կառլոս Ֆուենտեսը, Խուան Գոյտիսոլոն, Ջոն Ափդեյքը և Մարիո Վարգաս Լյոսան հանդես եկան համատեղ հայտարարությամբ: 2011 թ. Ստամբուլի դատարանը փոխարինեց հետապնդումը՝ պատիժ սահմանելով 3800 դոլար տուգանքով: