կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-05 13:26
Աշխարհ

Թուրքիայի ու Վատիկանի հարաբերությունները՝ Հայոց ցեղասպանության թեմայի ճգնաժամից հետո. BBC

Թուրքիայի ու Վատիկանի հարաբերությունները՝ Հայոց ցեղասպանության թեմայի ճգնաժամից հետո. BBC

BBC-ի թուրքական ծառայությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վատիկան այցից առաջ հոդված է հրապարակել՝ անդրադառնալով վերջին տարիներին 2 երկրների հարաբերությունների  զարգացմանը, հատկապես` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո:

Թուրք հեղինակը հիշեցրել է, որ Վատիկանի ու Թուրքիայի հարաբերությունների միջև ճգնաժամի պատճառ էին դարձել 2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Ֆրանցիսկոս պապի  կազմակերպած պատարագն ու դրանից հետո արած հայտարարությունները, ինչպես նաև դրան հաջորդած` Էրդողանի կոշտ արձագանքը:

«Այս դեպքերից հետո Թուրքիան 10 ամիս շարունակ Վատիկանի հետ դիվանագիտական հարաբերությունները պահում էր գործերի հավատարմատարի մակարդակով: Միայն 2016-ի փետրվարին երկկողմանի նախաձեռնությունների շնորհիվ Թուրքիայի դեսպանը վերադարձավ Վատիկան»,- հիշեցրել է հեղինակը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի ու Վատիկանի դիրքորոշումները համընկել են Մյանմարի ռոհինգյա մուսուլմանների կոտորածների հարցում:

«Ֆրանցիսկոս պապը բազմիցս խոսեց 2017-ին Մյանմարում տեղի ունեցած կոտորածների մասին, անգամ՝ այցելեց Մյանմար ու Բանգլադեշ, որտեղ հանդիպեց բռնությունների ենթարկված մուսուլմանների հետ:  Նախօրեին իտալական La Stampa թերթին տված հարցազրույցում Էրդողանը հայտարարել է, որ Ֆրանցիսկոս պապի սրտացավ վերաբերմունքը ոոհինգյա մուսուլմանների վերաբերյալ պետք է աշխարհի համար օրինակ լինի»,- ասվում է հոդվածում:

Հիշեցնենք, որ սա Թուրքիայի նախագահի մակարդակով առաջին այցն է Վատիկան 59 տարվա դադարից հետո: