կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-02 11:44
Քաղաքական

Հերթը հասավ Վազգեն Մանուկյանին. իշխանություն առանց էթիկական կոդեքսի կամ ներքին հակամարտության խորքային պատճառները

Հերթը հասավ Վազգեն Մանուկյանին. իշխանություն առանց էթիկական կոդեքսի կամ ներքին հակամարտության խորքային պատճառները

Երևացող կողմը

Այն բանից հետո, երբ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ստեղծած «Վերնատուն» ակումբը հայտարարություն տարածեց, որում խստորեն քննադատում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կառավարական շրջանակները նրա դեմ սուտ մատնություն կազմակերպեցին իրենց սպասարկող պատգամավոր Արման Բաբաջանյանի միջոցով։

Հոկտեմբերի 4-ի` «Վերնատուն» ակումբի հայտարարությունում ասվում է, որ իշխանության վարած քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտել է փակուղի, ինչը մեծացրել է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, որ Սահմանադրական դատարանի դեմ ապօրինի հարձակումները, դատական համակարգի դեմ ոտնձգությունները, քննչական ու դատավարական պրակտիկայում երկակի ստանդարտների կիրառումը, ընտրովի «արդարադատությունը» բերում են մենիշխանության հաստատմանը,  որ «Մարտի 1»-ի դատավարությունը քաղաքական հարթություն է տեղափոխվել:

Ի պատասխան՝ հոկտեմբերի 24-ին  ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը «գործուղվում» է հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի մոտ և դուրս գալուց հետո հայտարարում` Վազգեն Մանուկյանն է նրանց դրդրել ոճրագործության, ապա` դիմում գրում վարչապետին, որ Վազգեն Մանուկյանին ազատեն Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից, քանի որ նա  «Վերնատուն» ակումբով քաղաքական հայտարարություն է արել։ Ապա` factor.am-ը նյութ է վերնագրում` «Վազգեն Մանուկյանը մասնակցել է Նաիրի Հունանյանի իրագործած ոճրի ձևավորմանը.Արման Բաբաջանյան»։ 

Բաբաջանյանի հանդիպումը` հոկտեմբերի 24-ին, ընկած է Հունանյանի կողմից վաղակետ ազատման դիմում ներկայացնելու (հոկտեմբերի 22) ու Քրեակատարողական հիմնարկի կողմից այն մերժելու (հոկտեմբերի 28) արանքում։ Ինչ-որ ներքին սենյակ ստեղծել է այս քրոնիկան, որ Նաիրի Հունանյանը ազատման հույսի «արանքում» օգտագործվի։

Բաբաջանյանը նաև ասել է, որ ինքն է Մանուկյանի անունը և մի շարք այլ գործիչների անուններ տվել Հունանյանին, որոնց նա արձագանքել է, և որոնք բոլորը «ռևանշիստներ են», այսինքն՝ իշխանության հակառակորդներ։

ԱԱԾ-ում բոլոր հանդիպումները ձայնագրվում են, սակայն այս հանդիպման ձայնագրության վերաբերյալ ոչ մի լուր չկա, հակառակը՝ ԱԱԾ պետի պաշտոնակատար Մարտիրոսյանը միամիտ է ձևանում՝ ասելով, թե` «ես չգիտեմ՝ ինչ է խոսացել Արման Բաբաջանյանը»։ 

Չորեքշաբթի օրվա մամուլի ասուլիսում Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ Նաիրի Հունանյանի հետ շփվել է 1988-ի շարժման օրերին, երբ նա ուսանողական խմբի ղեկավար էր,  ապա մի անգամ էլ տեսել է 90-ականների վերջին, երբ Հունանյանը ցանկացել է անդամագրվել իր ղեկավարած ԱԺՄ կուսակցությանը և մերժում է ստացել։ Մանուկյանն ասաց, որ սա նման է Կիրովի գործին, որին սպանելու մեղադրանքով Ստալինը վերացրեց բազմաթիվ անմեղ մարդկանց։

Նաև ասաց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եթե չէր ուզում, որ ինքը զբաղեցնի հանրային խորհրդի նախագահի պաշտոնը, կարող էր ուղիղ իրեն ասել, և ինքը կհեռանար, կարիք չկար այսպիսի պատմություն հորինելու։

Այսպիսով` վարչապետը նոր դավ է հորինել՝ անցանկալի անձանց չեզոքացնելու համար օգտագործում է Նաիրի Հունանյանին` Բաբաջանյանի միջոցով։

Ինչպես Ստեփան Դանիելյանն է ասում. «Հոկտեմբերի 27-ի նման գործերով կարելի է տեռորի ենթարկել ամբողջական երկրների քաղաքական համակարգերը։ Բավական է, որ մի հանցագործ որևէ մեկի անունը տա, կամ քննիչը որևէ մեկին կասկածի, ապա այդ անձինք հայտնվում են թիրախում»։

Բաբաջանյանի ձեռքով իշխանության համար անցանկալի անձանց վարկաբեկելու և նրանց վրա գործեր սարքելու  փաշինյանական այս մեթոդն արդեն մի քանի անգամ կիրառվում է։ Առաջին թիրախը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն էր, որի դեմ նա դատախազություն դիմում է տվել ու իր թերթում վարկաբեկիչ հերյուրանքներ հրապարակել նրա հասցեին։ Ապա` ընդդիմադիր գործիչ Արփինե Հովհաննիսյանի դեմ նմանատիպ հերյուրանքներ հրապարակեց։

 Բաբաջանյանը հպարտացավ, թե իր աշխատանքի արդյունքում ձերբակալեցին ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին։ Նրան ձերբակալել են միայն նրա համար, որ ՍԴ նախկին նախագահի դիմումը ոչ թե 2018-ի մարտի 2-ին է մուտք արել էլեկտրոնային համակարգ, այլ մարտի 5-ին։ Նույն գործի շրջանակում քրեական գործ հարուցվեց Հայաստանի լավագույն բժիշկներից մեկի՝ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի դեմ։ Նրա «մեղքը» նույնիսկ այսպիսի ամսաթվային շփոթով չի արտահայտվում: Բաբլոյանը մեղադրվում է յուրացնելու մեջ այն իշխանությունը, որից իր դիմումով ինքնակամ հեռացել է Գագիկ Հարությունյանը, և տեղը ընտրվել է Հրայր Թովմասյանը։ 

Ինչո՞ւ է Փաշինյանը քաղաքական ռեպրեսիաների բանսարկու օղակ ստեղծում

Մայիսին, երբ նա հայտարարեց, թե իբր Արցախի դավադիր ուժերը պատերազմ են հրահրում, որ տարածք հանձնեն և կառավարության վրա գցեն, այն բանսարկությունների ժանրից էր, որը նա օգտագործում էր «Հայկական ժամանակ» թերթում, երբ խմբագիր էր։ Այս անգամ վարչապետի պաշտոնում բանսարկության տակից չկարողացավ դուրս գալ։ Ուրեմն նրան անհրաժեշտ էր մի այնպիսի դերաբաշխում, որ բանսարկությունները մեկ ուրիշ բերանից հնչեն, իսկ տեղն եկած դեպքում իր տակ գործող պետական ռեպրեսիվ ապարատը դրանցով գործեր սարքի։

Այդ դերը ստանձնեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, որն արդեն մի անգամ դատապարտվել էր կեղծարարության համար` փաստաթղթեր կեղծելով ազատվել էր զինվորական ծառայությունից։

Որպեսզի «հասարակական պահանջի» անունից հանդես գա, նա դուրս եկավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից ու ստացավ անկախ պատգամավորի կարգավիճակ։

Երկրորդ անգամ Փաշինյանի թիրախում

2007-ի դեկտեմբերի 15-ին «Հայկական ժամանակ»-ում լույս է տեսնում ֆեյք ստորագրությամբ  մի ֆեյք նյութ՝ «Վազգեն Մանուկյանի «MEIN KAMPF» - «ԻՄ ՊԱՅՔԱՐԸ» վերնագրով, որում տպված էին իբր Վազգեն Մանուկյանին պատկանող` երկրում դավադրություն կազմակերպելու մասին պատմող  ձեռագրերի լուսապատճեններ։ Մանուկյանն իրեն զրպարտելու համար դիմում է դատախազություն, որը փորձաքննություն է անցկացնում և պարզում, որ ձեռագիրը Վազգեն Մանուկյանինը չէ։ Իհարկե, Փաշինյանը որևէ հերքում չի տալիս, այսուհանդերձ, Մանուկյանը, բավարարվելով փորձաքննության արդյունքով, դիմումը հետ է վերցնում՝ էթիկայի այն կոդեքսին հետևելով, որ խմբագրին, այն էլ` Մարտի 1-ից հետո փախուստի մեջ գտնվողին չարժե քրեական պատասխանատվության ենթարկել։

Սակայն էթիկան չի աշխատում այնտեղ, ուր բարոյական կոդեքսներ գոյություն չունեն։

«Մենք մեր մասին» ամսագրի` 2007-ի համարում Նիկոլ Փաշինյանն ասում է. «Այսօր հաճախ են խոսում լրագրողական էթիկայի մասին։ Խորհուրդ եմ տալիս այդ էթիկայով զբաղվել կարտոֆիլի քարոզով, այդ էթիկան մեզ վրա չի տարածվում, մենք ազատ մարդիկ ենք և ինքներս ենք որոշում էթիկայի սահմանները»։

Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր մասնագիտություն ունի էթիկա, սակայն լրագրությունը մյուսներից տարբերվում է նաև նրանով, որ առանց էթիկայի լրագրություն գոյություն չունի, լրագրությունը հենց էթիկական հարց է, առաջին հերթին՝ ասել ճշմարտությունը։

Եվ Նիկոլ Փաշինյանը ու նրա տիկին Աննա Հակոբյանը և դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, հաճախ են բողոքում մամուլի հարձակումներից։ Եթե նրանք իրոք զոհ են մամուլի անարդար հրապարակումների, ապա այն պատճառով, որ այդ հրապարակումներն առաջնորդվում են Նիկոլ Փաշինյանի հռչակած սկզբունքով՝ էթիկան մեզ վրա չի տարածվում, մենք ազատ մարդիկ ենք: Առանց էթիկայի հակալրագրության հիմնադիրներից մեկն է հենց Նիկոլ Փաշինյանը։ Իսկ հիմա էլ այդ առանց էթիկա, առանց կոդեքսի գործելաոճը նա աշխատեցնում է երկրի ղեկավարի պաշտոնում։

 2007-ին Փաշինյանը Վազգեն Մանուկյանին բանսարկությամբ թիրախ դարձրեց այն պատճառով, որ Մանուկյանի մասնակցությունը նախագահական ընտրություններին ամեն պահ հիշեցնում էր կեղծարարություն. Փաշինյանը պաշտպանում է մի մարդու թեկնածությունը՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, որը, ընտրությունները կեղծելով 1995, 1996 թվերին, երկիրը մտցրեց կեղծիքներով իշխանությունը պահելու ցիկլի մեջ։

Բայց նրա խմբագրային գործունեության հիմնական թիրախը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, կարծես այդ թերթը ստեղծված էր միայն նրան վարկաբեկելու համար։ Օրինակ` էջով մեկ հրապարակում էր Քոչարյանի իշխանության տարիներին մահացած կամ սպանված քաղաքական գործիչների լուսանկարները։ Այդ շարքում ոչ միայն հոկտեմբերի 27-ի զոհերն էին, որ տարիների սև քարոզչությամբ ուզում էին կապել Քոչարյանի հետ, այլև իրենց մահով մահացածներ, օրինակ` Կոմկուսի քարտուղար Սերգեյ Բադալյանը, որը Մոսկվայում հանկարծամահ էր եղել 1999-ին։

Սուրվիվալիստներ և ֆրատերականներ

 Ընդամենը վեց ամիս առաջ Փաշինյանը 1996-ի ընտրակեղծիքների համար պետության անունից Վազգեն Մանուկյանից ներողություն էր խնդրում ու ասում, որ նա զոհն է կեղծիքների համակարգի։

Եվ, կարծես, Մանուկյանի դեմ այս նոր դավը նրա ընդդիմադիր քաղաքական հայտարարությունների պատճառով է։

Սակայն հենց այն հանգամանքը, որ Մանուկյանը սկսեց քննադատել իրեն Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում հաստատած վարչապետին, բացահայտում է նաև գաղափարական այն խոր հակադրությունը, որ գոյություն ունի անկախությունից ի վեր։

Այսպես` Հայաստանում քաղաքական հակամարտությունը ոչ թե գնում է աջերի և ձախերի միջև, ինչպես տարածված է աշխարհի ստվար մասում, այլ ուրիշ վեկտորով, որն ամենացայտուն կերպով արտահայտվում է ղարաբաղյան կարգավորման խնդրի նկատմամբ վերաբերմունքով և արտաքին քաղաքականությամբ։  Ի՞նչ անուն տալ կողմերին, պայմանական ասած՝ սուրվիվալիստներ (նրանք, ովքեր վտանգ են կանխատեսում) և ֆրատերականներ (հակառակորդի մեջ եղբայր են տեսնում)։

Սուրվիվալիստները համոզված են, որ Հայաստանը մի տարածաշրջանում է, ուր բազմաթիվ կրոնական, ազգայնական, աշխարհաքաղաքական  և այլ հակամարտությունների  պատճառով մոտ ապագայում տևական խաղաղություն անհնար է: Այն խմորումները, որոնք Եվրոպայում ավարտվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Միջին Արևելքում և հարակից տարածքներում նոր թափ են հավաքում ու հղի են անկանխատեսելի աղետներով, և  պոտենցիալ վտանգի նկատմամբ զգոնության թուլացումը կհանգեցնի հայ ժողովրդի նոր ցեղասպանության։ Անմիջական վտանգը Ադրբեջանից է, ապա` Թուրքիայից, քանի որ  չեն ճանաչում իրենց կատարած մեծ ոճիրը՝ հայերի ցեղասպանությունը, ու որպես դրա շարունակություն` չեն ճանաչում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Հետևաբար,  երկրի անվտանգության համար անհրաժեշտ է մշտապես մեծացնել ռազմական պաշտպանությունը, իսկ դրա համար էլ անհրաժեշտ է Հայաստանի միակ իրական ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերություններն ամրացնել՝ կատարելագործելու համար անվտանգության համակարգը։

 Ֆրատերականները (եղբայրականներ, կամ Հայաստանի կոնտեքստում՝ քիրվայականներ) համոզված են, որ  երկրների ու ժողովուրդների միջև տարբերություն չկա, բոլորը եղբայրներ են` լինի Թուրքիա, Ադրբեջան, թե` Հոլանդիա կամ Բելգիա, և Հայաստանն էլ կարող է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ քիրվա լինել, հարևաններին նրանց ուզած զիջումներն անելով` կհասնի եղբայրության, ու այնպիսի խաղաղության, ինչպիսին Եվրոպայում է, իսկ եվրոպական ու ամերիկյան ժողովրդավարական աջակցությունն էլ ավելի կամրապնդի խաղաղությունը։  Հետևաբար, Ռուսաստանի հետ դաշնակցային կապերը պահպանելու ոչ միայն կարիք չկա, այլև այն խանգարում է խաղաղությանը, նրա պատճառով քիրվայություն չի հաստատվում։ Այսպիսով` ֆրատերականները վերածվում են մարտնչող հակառուսների և դաշնակիցը Արևմուտքի, մասնավորապես` ԱՄՆ-ի, որ շահագրգռված է ռուսական բազաները հեռացնել ամեն տեղից, նաև` Հայաստանից։ Թուրքիային  և Ադրբեջանին նույնպես ձեռնտու է ֆրատերական շրջանակների հակառուսական քաղաքականությունը, որը հանգեցնելու է Հայաստանի անվտանգության համակարգի փլուզմանը։ Բնականաբար, Արևմուտքն էլ մեծ ֆինանսներ է ծախսում «մարդու իրավունքների» անվան տակ դրամաշնորհային ծրագրերի և գործակալական ցանցեր ստեղծելու վրա՝  ռուսական ներկայության դեմ այս ուղղությունը հզորացնելու համար։

Հայաստանում սուրվիվալիստներին նաև անվանում են  միլիտարիստներ, երբեմն` բազեներ, իսկ ֆրատերականներին` պացիֆիստներ, երբեմն էլ` աղավնիներ։ Սակայն, եթե այս անվանումները ընդունելի էլ լինեն, ապա նրանք փոքր, դիմադրող երկրում և հզոր կայսերական տիրապետության մեջ հակառակ իմաստներ են ստանում: Կայսրություններում կամ հզոր տերություններում, ինչպես օրինակ` ԱՄՆ-ում, միլիտարիստները նվաճողական են, նրանց երկրի ռազմականացումը անհրաժեշտ է իրենց ազդեցությունն այլ երկրների վրա տարածելու համար, իսկ պացիֆիստները դիմադրում են նվաճողականությանը։ Հայաստանում «միլիտարիստները» դիմադրող են, երկրի ռազմականացումն անհրաժեշտ են համարում դիմադրելու համար նվաճողներին,  առաջին հերթին` մի քանի անգամ հզոր տերություններին՝ Թուրքիայի ու Ադրբեջանի դաշինքին, իսկ «պացիֆիստները» դիմադրությունը վերացնելու քարոզով նպաստում են նրանց նվաճողականությանը, ու պատերազմի վտանգը մեծացնում, հետևաբար` դառնում գործիք դրսի, առանց չակերտի միլիտարիստների ձեռքին։  

1998-ի իշխանափոխությունը հենց  սուրվիվալիստների և  ֆրատերականների հակամարտություն էր, որի արդյունքում սուրվիվալիստները իշխանությունից գցեցին ֆրատերականներին։

Հակամարտության երկրորդ փուլն էր 2008-ի նախագահական ընտրությունները և Մարտի 1-ի արյունահեղությունը։

Երրորդ փուլը եղավ 2018-ի հեղափոխությունը, որը, «սիրո և հանդուրժողականության» փափուկ բարձ դնելով սուրվիվալիստների գլխի տակ, հնարավորինս լայն զանգվածներ ընդգրկեց և հաջողության հասավ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա զինակիցները եղել են մյուս թևում՝ ֆրատերականների բանակում, 2008-ի նախագահական ընտրություներում քիրավայության ծրագրով հանդես եկող թեկնածու Տեր-Պետրոսյանի ամենանվիրված զինակիցն էր, մարտի 1-ին ցուցարարներին գրոհով տանում էր Տեր-Պետրոսյանի համար իշխանությունը գրավելու։ Բացի այդ` Փաշինյանը աչքի էր ընկել ֆրատերականներին բնորոշ հակառուսական ելույթներով։

Հոկտեմբերի 27-ի 20-ամյակի տարելիցին հետադարձ հայացքով մի պատկեր է պարզվում, ուր սուրվիվալիստները հերթով չեզոքացվում են:

1999 թվի հոկտեմբերի 27-ին սպանվեց պաշտպանության նախկին նախարար, վարչապետ Վազգեն Սարգսյանը, որն առանցքային դեր խաղաց իշխանությունից ֆրատերականներին հեռացնելու գործում։

2018-ին կալանավորվեց և մինչև այժմ բանտում է սուրվիվալիստական շրջանակը ներկայացնող գլխավոր դեմքերից մեկը՝ Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա կողքին ամբաստանյալի աթոռին են նստած Արցախյան պատերազմի հաղթանակը կերտող գեներալներ Յուրի Խաչատուրովն ու Սեյրան Օհանյանը։

Վարչապետի  հրահանգով պաշտոնանկ արվեց Արցախի պաշտպանության նախարար Լյովա Մնացականյանը, ապա` Արցախի անվտանգության քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանին Երևանում փորձում են խուզարկել, ապա, կրկին վարչապետի հրահանգով, նա էլ պաշտոնանկ է արվում, ու սկսվում են նրա դեմ ցանցային խուժանի հարձակումն ու վարկաբեկումը։

Իսկ հիմա սկսվեց հերյուրանքների արշավ նախկին վարչապետ և պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի դեմ։

Արժե հիշել, որ 1992-ի սեպետմբերին, այն պահին, երբ ադրբեջանական բանակը գրավել էր Շահումյանն ու Մարտակերտի մեծ մասը և առաջ էր շարժվում, անարգել ռմբակոծում էր Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը, մասնավորապես` Կապան քաղաքը, Վազգեն Մանուկյանը, ստանձնելով պաշտպանությունը կոորդինացնող պետնախարարի, ապա` պաշտպանության նախարարի պաշտոնը, կազմակերպեց Կապանը թիրախ դարձրած ադրբեջանական զորակետերի ոչնչացումը, որից հետո քաղաքը շունչ քաշեց, ապա մի քանի ամիս անց՝ 1993-ի մարտին, Արցախի ղեկավարության հետ նախաձեռնեց Քելբաջարի օպերացիան, որը սկիզբ դրեց արցախյան հաղթանակների շղթային։

Ֆրատերը եւ օտարերկրյա գործակալական ցանցը` կառավարության հենարան 

Ինչպես ասվեց,  նոր իշխանության արմատները գալիս են հակառուսական-ֆրատերական շրջանակներից։ Իշխանության մեջ նրանք հրաժարվեցին բացահայտ հակառուսական քաղաքականությունից, այս կամ այն չափով փորձում են  պահպանել նախկին իշխանություններից եկող արտաքին քաղաքականությունը։ Այսուհանդերձ, ներքին կյանքում ռեպրեսիաներ սկսելով սուրվիվալիստական շրջանակների դեմ, նրանք իրենց համար հենարան են դարձրել հակառուսական շրջանակներին։

Հոկտեմբերի 21-ին ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովին հակառուսական հաշվետվություն էին տալիս։

Հինգշաբթի հրապարակվեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի զեկույցը` «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա»։ Հենց զեկույցի վերնագիրը և հեղինակի անտարբերությունը, եթե չասենք` աջակցութունը Հայաստանում ռեպրեսիաների նկատմամբ, խոսում են այն մասին, թե ինչպես են «մարդու իրավունքների» գաղափարը որպես գործիք օգտագործում քաղաքական շահերում։ Զեկույցը ֆինանսավորել է Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագիրը, որի միակ նպատակն է Ռուսաստանի հետ սերտ առնչություն ունեցող երկրներին հեռացնել նրանից, և ամերիկյան NED կազմակերպությունը, որն ամերիկյան հատուկ ծառայությունների, մասնավորապես` ԿՀՎ-ի հետ է կապված (այդ մասին տե’ս Human Rights and Media Manipulation  և «Վաշինգտոն Պոստ»-ի նյութում՝ INNOCENCE ABROAD: THE NEW WORLD OF SPYLESS COUPS) ։ Հենց NED-ի տնօրեն Միրիամ Լանդսկոյը Հայաստանի ձեռքբերումների մեջ նշում է այն, որ կալանավորվել և դատվում է Պուտինի ընկերը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Երկու օր առաջ մամուլով տարածվեց «Վիքիլիքս«-ի գաղտնազերծած`  «Ստրատֆորդ» հետախուզական ընկերության գործակալների մեյլերի ցուցակը, որոնց մեջ էր Արման Բաբաջանյանը։

Ավելի հստակեցվեց, թե որտեղից է գալիս նրա թերթի ընդգծված հակառուսական քարոզչությունը։ Հակառուսական ամենաթարմ օրինակները. Բաբաջանյանի թերթը հոկտեմբերի 27- ը կապում է Ռուսաստանի հետ` այսպիսի վերնագրով նյութ հրապարակելով` «Հոկտեմբերի 27-ի բացահայտման համար Ռուսաստանը պետք է ինքնախոստովանություն անի», որում ասվում է. «Ռուսաստանը պետք է ճանաչի ու ընդունի, որ ինքը կատարել է հանցագործություն՝ խրախուսելով տեռորիզմը։ Այդ դրվագներից մեկը կլինի Հայաստանը՝ որպես զոհ ու թիրախ»։ Իսկ Բաբաջանյանն էլ ՖԲ իր պատին հակառուսական գրառում արեց. «Ինչո՞ւ է Հայաստանը վճարում մեր այլ պետության ռազմական միավորի տեղակայման համար, որը սպասարկում է միայն ու բացառապես Ռուսաստանի կայսերապաշտական շահեր»։

Այս նույն օրը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարեց. «Մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, օգտագործելով «կերակրված» ԶԼՄ-ներին, փորձում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերությունների մեջ: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ նրանք չեն կարող չգիտակցել, թե ինչպիսի աղետալի հետևանքներ կարող են ունենալ իրենց առաջ բերած մոտեցումները ռուս-հայկական սերտ հարաբերությունների վրա»:

Եվ ահա, նրանցից մեկը, որը սեպ է խրում հայ-ռուսական հարաբերություններում և աղետի տանում երկիրը, դարձել է վարչապետի գործիքը,  նրա նկատմամբ իր վստահությունն է հայտնում Հայաստանի անվտանգության ծառայությունը. Հայաստանի ԱԱԾ պետի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը ասում է. «Մենք Արման Բաբաջանյանին չվստահելու խնդիր չունենք»:

Այսպիսով` Հայաստանի կառավարությունը արտաքինից՝ ֆասադից, Ռուսաստանի հետ  հարաբերությունները նորմալ է ցույց տալիս, իսկ «ներսից» օժանդակում է այդ հարաբերությունների մեջ սեպ խրողներին և ռեպերսիաներ իրականացնում Հայաստան- Ռուսաստան դաշինքի կողմնակից ուժերի նկատմամբ։

Շենքերը փլվում են այն ժամանակ, երբ «ներսի» ֆունդամենտը վերանում է։  

Վահան Իշխանյան