Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Օգոստոսի 23-ը առավել քան նշանակալի օր է Հայաստանի Հանրապետության համար: Ուղիղ 33 տարի առաջ՝ հենց այդ օրը, Հայկական ԽՍՀ նորակազմ Գերագույն խորհուրդն ընդունեց ՀՀ Անկախության հռչակագիրը:
Դա Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան վկայականն ու ՀՀ ձևավորման, ինքնիշխան պետականության վերականգնման հիմքերի հիմքն է:
Եվ ահա, 33 տարի անց ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը՝ Նիկոլ Փաշինյանը, Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի առթիվ հանդես է գալիս ուղերձով, որը քիչ է ասել, թե պարունակում է առավել քան վտանգավոր «մեսիջներ»:
Բայց նախ՝ այն մասին, ինչն ընդգծված է Հայաստանի Անկախության հռչակագրում և ոչ մի կերպ, անգամ կես բառով չկար Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձում, որն առավել քան բնութագրական է:
Այսպես, հիշեցնենք, հատկապես ՝ «ոմա՛նց», որ ՀՀ Անկախության հռչակագրի նախաբանում մասնավորապես ընդգծված է, որ Հայաստանն իր անկախությունը հռչակում է՝ «...կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»:
Իսկ Նիկոլ Փաշինյանի «տոնական ուղերձում»՝ Արցախի մասին զրո խոսք, զրո ակնարկ: Ոչ էլ անգամ՝ Լեռնային Ղարաբաղ կամ «Լեռնային Ղարաբաղի հայություն» ձևակերպումներով, որ ինքն է կիրառում: Ոչ մի բառ: «Դուխով» փողոցից իշխանության եկած «ժողվարչապետը» ռիսկ չի անում Անկախության հռչակագրի տարեդարձի օրով անգամ ծպտուն իսկ հանել Արցախի մասին: Այն էլ հիմա, այս օրերին, երբ Արցախը դիմակայում է թշնամական, ադրբեջանական ագրեսիային, պաշարմանն ու Արցախի հայությանը սովահարությամբ ցեղասպանության ենթարկելու ոճրագործության իրականացմանը, այս ամենը Փաշինյանի կողմից միտումնավոր լռության մատնելն առավել քան խոսուն է:
Լավ, դիտարկենք այն, ինչ ասված էր Փաշինյանի ուղերձում, որն ավելի շատ կարծես Հայաստանի Հանրապետության դամբանականի տոնայնություն է պարունակում:
Փաշինյանը, պարզվում է, կարդացել է Անկախության հռչակագիրը, այն նաև քննական վերլուծության է ենթարկել ու ասում է. «Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ»:
Հիմա, եթե մի քննական վերլուծության էլ հենց Փաշինյանի խոսույթը ենթարկենք, ամենից առաջինը պետք է ասենք, որ ՀՀ Անկախության հռչակագրին ու այդ հիմնարար փաստաթղթի բովանդակությանը ինչ-որ կոնֆլիկտային ու՝ հարևանների հետ առճակատման բնույթ վերագրելը առնվազն իրականության միտումնավոր խեղաթյուրում է, եթե ավելի կոշտ չբնորոշենք:
Երկրորդ, ինչ վերաբերում է հարևաններից կոնկրետ Թուրքիային ու Ադրբեջանին, ապա այս երկուսի համար ու այս երկուսի իշխանությունների ընկալման տեսանկյունից հենց միայն Հայաստանի գոյությունն արդեն իսկ սադրանք է, առճակատման առիթ ու պատրվակ: Ուրեմն, ի՞նչ, ըստ Նիկոլ Փաշինյանի «գաղափարաբանության», անկախություն հռչակելով՝ Հայաստանը արդեն իսկ կատաղեցրել է Թուրքիային ու Ադրբեջանին, հետևաբար, ըստ Փաշինյանի ու նրա ուղերձում սիրունիկ բառակույտերի տակ վատ քողարկված «տրամաբանության», ելքն այն է, որ Հայաստանը հրաժարվի ինքնիշխանությունից, վերահռչակվի որպես թուրքական վիլայեթ կամ միգուցե միանգամից «Արևմտյան Ադրբեջա՞ն», ինչպես դա արդեն անսքող քարոզում է Փաշինյանի սիրելի գործընկեր ու հայության երդվյալ թշնամի Ալիևը: Հիմա ամենակարևորը. Փաշինյանը գրում է. «...Հայաստանի Անկախության հռչակագրին վերաբերվել եմ ինչպես «աստվածաշնչյան ուղերձի», մինչդեռ Հռչակագիրը, որքան էլ հիմնարար փաստաթուղթ է, կարիք ուներ և կարիք ունի խորը քննության, որովհետև, այնուամենայնիվ, քաղաքական փաստաթուղթ է, սրանից բխող բոլոր հետևություններով»: Հասկացա՞ք, հիմա էլ հերթը հասավ Անկախության հռչակագրին:
Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանը երազում է «խմբագրել» Անկախության հռչակագիրը, այնտեղից ջնջել Արցախի, ինքնորոշման, վերամիավորման մասին դրույթները: Դրույթներ, որ հռչակվել են 1990 թվականի օգոստոսի 23-ին և ամրագրվել են հազարավոր հայորդիների, մեզանից լավագույնների կյանքով ու արյունով, այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը ապահով ու անվտանգ բուհական կրթություն էր ստանում...
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի բուն ցանկությունը Հայաստանի Երրորդ հանրապետության հիմքերի հիմքը ջնջելն է, վերացնելը, ոչնչացնելը, որպեսզի... գաղափարաքաղաքական առումով էլ խնդիրներ չունենա ու չբարդույթավորվի՝ իր սիրելի «հարևանների»՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ եղբայրանալու, Հայաստանը թուրքերի ոտաշոր դարձնելու իր երազանքների իրականացման ընթացքում:
Նա հայտարարում է. «Եվ հիմա՝ Անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձի օրն ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը՝ անկախության օրակարգն է, որովհետև եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն: Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում»:
Ի՞նչ կարելի է ասել Նիկոլ Փաշինյանի ուղերձի ա՛յս հատվածի վերաբերյալ: Իսկ ասելիքը մեկն է. սո՛ւտ է, ստո՛ւմ է Նիկոլ Փաշինյանը: Նրա ու իր քպական կառավարության «խաղաղության օրակարգը» ոչ թե անկախության օրակարգ է, այլ մահվա՛ն օրակարգ է, Հայաստանի կործանմա՛ն օրակարգ է, մարդկային ու տարածքային նորանոր կորուստների՛ օրակարգ է:
Ու մի՞թե «հետպատերազմական» այս 3 տարին դա առավել քան ակնհայտ ու ցցուն չդրսևորվեց: Ի՞նչ եք տեսել այս վերջին երեք, կրկնում ենք՝ կորստաբեր ու հազարավոր կյանքեր տարած պատերազմից հետո, երբ Փաշինյանը հռչակել է «խաղաղության օրակարգ»: Շարունակական թշնամական ագրեսիա, նոր զոհեր, նոր գերվածներ, հարյուրավոր քառակուսի կիլոմետրերով Հայաստանի տարածքների կորուստ, ամբողջական գյուղեր ու բնակավայրեր թշնամուն նվիրելու շարունակական խոսակցություններ ու իշխանական թևից դրա օգտին իրականացվող նենգ քարոզչություն:
Հերիք չէ՞...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում