կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-31 17:10
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտեղի՞ց է այն որոշումը, թե այդ առարկան պետք է հանվի. Արայիկ Հարությունյանը զարմացած է

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով դպրոցներից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանելու մասին հարցին, կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը զարմանքով նշեց՝ որտեղի՞ց է այն որոշումը, թե այդ առարկան պետք է հանվի դպրոցական ծրագրերից:

««Հայոց եկեղեցու պատմություն» առարկան այս պահին դասավանդվում է դպրոցներում: Այդ ինֆորմացիան, որը երեկ հայտնվել է մամուլում, հավանաբար, եղել է իմ տեղակալ Արևիկ Անափիոսյանի հարցազրույցի արդյունքում, որում նա ասում է, որ մշակվում են նոր չափորոշիչներ, առարկայացանկեր, ընդ որում՝ յուրաքանչյուր առարկայի դեպքում: Ես զարմանում եմ, որ սա նորություն է ձեզ համար, որովհետև նախկինում էլ ասել եմ, որ քննարկվում է դրանց առանձին գոյության արդյունավետությունը, նաև այն հարցը, թե ինչ ենք մենք ուզում ստանալ վերջնարդյունքում։ Չափորոշիչներ մշակող հանձնաժողովն աշխատում է: Երբ ավարտեն, մենք կքննարկենք և որոշում կկայացնենք: Այդ հանձնաժողովն ինձ հետ առայժմ որևէ բան չի քննարկել: Բացի այդ՝ ուսումնական պլանը վերջնական փոխոխվելու են 2023 թվականից»,- հայտնեց նախարարը:

ԿԳՍՄ նախարարը հավելեց նաև, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում ինչպես Ամենայն Հայոց կաթողիկոսի, այնպես էլ եկեղեցական դասի տարբեր ներկայացուցիչների հետ, քննարկում առարկայի հարցը։

Հարցի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով Yerkir.am-ը կապ հաստատեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանի հետ, որը հարցին այսպես պատասխանեց. «Այս պահին «Հայ եկեղեցու պատմություն» առարկան շարունակում է դասավանդվել հանրակրթական դպրոցներում»:

Ավելին իմանալու համար նա առաջարկեց հղում կատարել ԿԳՍՄ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի՝ նախօրեին «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցին, որում նա, խոսելով խնդրի մասին, մասնավորապես նշել էր. «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պահպանելու խնդիրը վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովում քննարկվել է, բայց նման որոշում չի կայացվել: Հարցը քննարկելիս մենք գալիս ենք առարկայի նպատակից՝ ինչ նպատակ ենք հետապնդում՝ այդ առարկան դասավանդելով (սա նաեւ քննարկել ենք «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի շահառուների խմբի հետ): Եթե նպատակն այն է, որ մեր սովորողները գիտակցեն եւ հասկանան հայ եկեղեցու կարեւորությունը հայ ժողովրդի պատմության ընթացքում, ապա լավագույնս դա հնարավոր է անել «Հայոց պատմության» շրջանակներում: Եթե նպատակը արժեքային հենք ստեղծելն է, ապա դա չպետք է լինի մեկ առարկայի խնդիր, այլ բոլոր առարկաների խնդիրը պետք է լինի: Այսինքն՝ հստակ մենք փորձում ենք նպատակից գալով տեսնել, թե որտեղ է ավելի նպատակահարմար»: