կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-05 13:46
Տնտեսական

Մի շարք օպերատորների կողմից օգտագործվող ջրային համակարգը պետք է հանվի վաճառքի և ընտրվի նոր օպերատոր

Մի շարք օպերատորների կողմից օգտագործվող ջրային համակարգը պետք է հանվի վաճառքի և ընտրվի նոր օպերատոր

Այսօր կառավարության նիստում Ջրային տնտեսության պետ Արամ Հարությունյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի` «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգը պետք է հանվի վաճառքի և ընտրվի նոր օպերատոր:

Նա նշեց, որ վերջին տասնամյակում ՀՀ կառավարությունը բարեփոխումներ է իրականացրել ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում՝ արձանագրելով նշանակալի արդյունքներ։ Այս ոլորտում, պետական-մասնավոր գործընկերության փորձի առումով, Հայաստանը տարածաշրջանում առաջատարներից մեկն է: Մասնավոր օպերատորների հետ կնքվել են կառավարման ու վարձակալության պայմանագրեր և կատարվել են ջրային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված մեծածավալ ներդրումներ։ Արդյունքում՝ արձանագրվել է սպասարկման որակի նշանակալի բարելավում, ընկերությունների գործառնական ծախսերի կրճատում և եկամուտների աճ։

Ներկայումս Հայաստանում գործում են հինգ ջրամատակարար ընկերություններ, որոնք կառավարվում են երեք մասնավոր օպերատորների կողմից։ Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարումը փոխանցված է հետևյալ ընկերություններին՝ «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք»: Բոլոր վերոնշյալ ընկերությունների պայմանագրերի ժամկետը լրանում է 2016 թվականին, և նախատեսվում է նոր մրցույթ անցկացնել, որը հնարավորություն կտա իրականացնելու «երկրորդ սերնդի» բարեփոխումներ` հիմնվելով կատարված բարեփոխումների, ձեռքբերումների վրա և ընդլայնելով բարեփոխումների շրջանակը։ Նախատեսվող բարեփոխումները վերաբերելու են ջրային ռեսուրսների կառավարմանը, ոլորտի իրավական և կարգավորող շրջանակին ու սակագներին առնչվող հարցերին։

Հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի (այսուհետ` գույք) վարձակալության պայմանագիր: Պայմանագիրն ընդգրկելու է այն ծառայությունները, որոնք անհրաժեշտ են տասնհինգամյա ժամկետով ջրային համակարգերը կառավարելու, շահագործելու և պահպանելու համար: Նախատեսված ծառայությունները կառնչվեն թե՛ ներկայումս սպասարկման տարածքում գոյություն ունեցող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին, թե՛ սպասարկման տարածքում պայմանագրի ընթացքում նոր կառուցված լրացուցիչ օբյեկտներին։