Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ ուսանողներին հանձնարարում ենք դուրս գրել լեզվական սխալները, նրանց բերած օրինակները հիմնականում մեր պաշտոնյաների խոսքից են. Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության» մասին նոր օրենքի նախագծին՝ նշեց լեզվաբան, ԵՊՀ ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Ռիտա Սաղաթելյանը:
«Բարձրագույն կրթության և գիտության» մասին նոր օրենքի նախագծով «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների ուսուցումը բուհերում դառնում է ոչ պարտադիր: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցներից մեկում մատնանշել էր, որ այս նախագծով ուժեղացնում են դպրոցում տվյալ առարկաների դասավանդումը, այսինքն՝ դպրոցական ծրագրի բովանդակությունը փոխվելու է, և դրա կրկնության անհրաժեշտություն բուհերում այլևս չի լինելու:
Ռիտա Սաղաթելյանը հիշում է, որ բուհերում «Հայոց լեզու» առարկայի դասավանդման դպրոցական ծրագրի կրկնության խնդիրը 90-ականներին եղել է, բայց այսօր 2019 թ. համալսարանի ուսանողների սեղանին դրված են նոր դասագրքեր՝ ինչպես տեսական, այնպես էլ գործնական վարժությունների ձեռնարկի տեսքով, և կոնկրետ ԵՊՀ-ում հայոց լեզուն ուսուցանվում է բոլորովին նոր մեթոդներով, նոր ծրագրերով:
«Եթե մյուս բուհերում կա դպրոցական ծրագիրը կրկնելու խնդիր, դա չի նշանակում, որ հիվանդի գլխացավը պետք է վերացնել՝ հիվանդի գլուխը կտրելով, կարելի է ժամանակ տրամադրել բուհերին, թող իրենց ծրագրերը վերանայեն, մեր համալսարանի օրինակներն ունենան աչքների առաջ, հարկ եղած դեպքում մենք կարող ենք նաև համագործակցել, աջակցել:
Ինչ վերաբերում է դպրոցում «Հայոց լեզուն» դասավանդելու մակարդակին, որ հետագայում բուհում այն կրկնելու խնդիրը չառաջանա, ես կարծում եմ, որ սա գրեթե անհնար է, որովհետև համալսարանում մենք արդեն տալիս ենք մասնագիտացված կրթություն՝ ըստ յուրաքանչյուր ֆակուլտետի»,- նշեց Ռիտա Սաղաթելյանը:
Լեզվաբանի հավաստմամբ՝ ԵՊՀ-ում նոր դասագրքերի ստեղծման գործընթացը դեռևս շարունակվում է, և ըստ ֆակուլտետների՝ այդ դասագրքերը շուտով կդրվեն սեղաններին:
«Երբ սկսվեցին հեղափոխության օրերը, ես առաջին դասախոսներից էի, որ միացա համաժողովրդական շարժմանը և իմ ուսանողների հետ փողոցներ փակեցի: Ստացվում է, որ հեղափոխության օրերին խանդավառվեցինք, փողոց փակեցինք, որ մի օր հայտնվենք փողոցում: Իսկ ի՞նչ է լինելու փողոցում հայտնված գիտնականի ճակատագիրը, ի՞նչ նախագծով, ի՞նչ օրենքով է կարգավորվելու այս հարցը»,- այս հարցադրումներով խոսքը եզրափակեց ԵՊՀ ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի դոցենտը:
Նարա Մարտիրոսյան