Փոխարժեքներ
09 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.42 |
EUR | ⚊ | € 425.54 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 507.44 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Ինչպես ցանկացած լուրջ պետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգները հետևողական է, որպեսզի իր ազգային-պետական շահերի պաշտպանությունն իրականացնեն լավագույնս պատրաստված ու կարողունակ մարդկային կադրերը, իսկ վերջիններիս պրոֆեսիոնալ պատրաստության գործը ոչ թե թողնում է կամավորների կամ սիրողական խմբերի ուսերին, այլ հենց պետական մեխանիզմների ու ծրագրերի միջոցով զբաղվում է այդ հիմնարար ինստիտուցիոնալ աշխատանքով։ Այս մասին Տելեգրամի իր օգտահաշվում գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Վերցնենք, օրինակ, մեզանում տարածված «թշնամու լեզուն պետք է իմանալ» հայտնի, բայց միաժամանակ թյուրըմբռնված ասացվածքի հիմքում ընկած խնդիրը՝ իմանալ հետաքրքրություն ներկայացնող ազգի կամ պետության «լեզուն»՝ այսինքն լեզուն, մշակույթը, քաղաքականությունը և այլն, որը առկա է նաև ԱՄՆ-ում։
ԱՄՆ պետքարտուղարությունը ունի հատուկ ծրագիր՝ Critical Language Scholarship (https://clscholarship.org/)-ը (Կենսական լեզուների կրթաթոշակ), որը ԱՄՆ բուհերի ուսանողներին հատուկ արագացված դասընթացների միջոցով հմտացնում է այն օտար լեզուների ու դրանք կրող ժողովուրդների մշակույթի մասին գիտելիքներով, որոնք կենսական են ԱՄՆ ազգային անվտանգության և տնտեսական բարօրության համար։ Այդ լեզուները 14-ն են. լեզուներ, որոնք խիստ կարևոր են, հետևաբար դրանք կրող մարդիկ և պետությունները ԱՄՆ կենսական շահերին են առնչվում։ Այս լեզուների մեջ բնականաբար ներառված են ռուսերենը, չինարենը, հնդկերենը, ճապոներենը, պարսկերենը։ Աշխարհի մի քանի հազար լեզուներից ԱՄՆ շահերի համար 14 կարևորագույն լեզուների շարքում են նաև թուրքերենը և ադրբեջաներենը։ Պատճառը պարզ է՝ Թուրքիան ԱՄՆ գլխավոր դաշնակիցն է Մերձավոր Արևելքում և տարածաշրջանի կարևորագույն պետություններից մեկը։ Դե իսկ ադրբեջաներենը կարևոր է երկու պատճառով։ Նախ ԱՄՆ և արևմուտքի համար Ադրբեջանը առանցքային կարևորություն ունի որպես էներգակիրների՝ Ռուսաստանին այլընտրանքային աղբյուր և տարանցիկ ուղի, ուստի Ադրբեջանի կայունությունը և հզորացումը բխում է ԱՄՆ շահերից։ Երկրորդ պատճառը պայմանավորված է այն հանգամանքով, որ ադրբեջաներենը խոսվում է նաև Իրանի հյուսիս-արևմուտքում։ Իրանի հանդեպ Բաքվի ու Անկարայի ծավալապաշտական քաղաքականությունը, որի առաջնային թիրախը Հայաստանի անմիջական հարևանությամբ գտնվող Իրանի Ատրպատական (Ադրբեջան) շրջանն է, անթաքույց աջակցություն է ստանում ԱՄՆ, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և մի քանի այլ տերությունների կողմից՝ որպես Իրանին թուլացնող գործոն։
Այս պատճառները միանգամայն տրամաբանական են դարձնում ադրբեջաներենին ու ադրբեջանական քաղաքական մշակույթին տիրապետող պրոֆեսիոնալ կադրերի պատրաստման անհրաժեշտությունը, որով և զբաղվում է ամերիկյան պետությունը։
Տեղին է հիշեցնել նաև, որ ԱՄՆ երբեք չի օգնելու Հայաստանին Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ պայքարում, որովհետև հայ-թյուրքական հակամարտության մեջ Բաքուն և Անկարան ԱՄՆ շահերի տեսանկյունից կարևորագույն երկրներ են։ Սրանում համոզվելու համար կարող եք ծանոթանալ ԱՄՆ քաղաքական մտածողների գործերին կամ էլ հետևել իրական վարվող քաղաքականությանը, այլ ոչ թե տարբեր ծռվածների քարոզչությանը»,- գրել է Գեղամյանը։