կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-10 15:35
Քաղաքական

Լեզվական «վանդալիզմություններ» է թույլ տալիս. Փաշինյանը հակադարձում է Տարոն Մարգարյանին

Լեզվական «վանդալիզմություններ» է թույլ տալիս. Փաշինյանը հակադարձում է Տարոն Մարգարյանին

«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց` չարժե Տարոն Մարգարյանի նախընտրական խոստումները գնահատել, քանի որ, ըստ նրա, Տարոն Մարգարյանի` 2012 թվականի նախընտրական ծրագրում նշված է եղել, որ տրանսպորտի ուղեվարձի բարձրացում չի լինելու, բայց 2 ամիս հետո հայտարարեց դրա մասին: «Այսքանից հետո արժե՞, որ ես գնահատական տամ նրա նախընտրական ծրագրին, կարծում եմ` չարժե»,- հայտարարեց նա:

Հարցին` Տարոն Մարգարյանը, խոսելով մրցակիցների նախընտրական ծրագրերի մասին, հայտարարել է, որ այդտեղ ծրագիր չկա, այդտեղ միայն լոզունգ է, արդյո՞ք Փաշինյանը ծանոթացել է Տարոն Մարգարյանի նախընտրական ծրագրին և ի՞նչ գնահատական կտա, Փաշինյանն արձագանքեց. «Հասկացությունների հարցում շատ դժվար է բանավիճել Տարոն Մարգարյանի հետ և պետք է համոզված լինել, որ լոզունգ բառի իմաստը բանախոսը գիտի: Օրինակ` Վլադիմիր Իլյիչ Լենինը եկավ իշխանության` «Հողը` գյուղացուն, գործարանը` բանվորին» լոզունգով: Եկավ ու իրականացրեց: Քաղաքական ամբողջ պրոցեսը բաղկացած է կարգախոսներից` լոզունգներից: Օրինակ` Տարոն Մարգարյանն ասում էր «Ավելի բարեկարգ Երևան», դա լոզո՞ւնգ է, թե՞ լոզունգ չէ: Լեզվական «վանդալիզմություններ» է թույլ տալիս պարոն Մարգարյանը»:

Իսկ ինչ վերաբերում է Մարգարյանի ծրագրի գնահատմանը, Փաշինյանը նշեց, որ խնդիր չունի գնահատելու այն, ապա հավելեց. «Ես, անկեղծ ասած, չեմ էլ կարդացել նրանց ծրագիրը, որովհետև պետք է նայել արված աշխատանքը: Ես կարդացել եմ նախորդ ծրագիրը և տեսել եմ, որ դրա 70%-ը չի իրականացվել: Ծրագրային «վանդալիզմություն» է դրսևորել պարոն Մարգարյանը և չի իրագործել, ջախջախել է այդ ծրագիրը և ներկով խազ է քաշել այդ ծրագրի վրա, և ուրեմն ինչո՞ւ կարդամ նոր ծրագիրը»: