Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Միանգամայն ընդունելով, որ հնարավոր է՝ «Հայոց պատմություն», «Հայ գրականություն» և «Հայոց լեզու» առարկաները որոշ բուհերում վատ դասավանդվեն, ես հարցը դիտում եմ այս տեսանկյունից՝ իսկ բոլոր առարկաները Հայասատանի բուհերում լա՞վ են դասավանդվում, իհարկե՝ ոչ, ամեն տեղ էլ կարող է և՛ խոտան լինել, և՛ լավ դասավանդում, բոլոր ծրագրերն իդեալակա՞ն են, իհարկե՝ ոչ, կարող են լավ լինեել և վատ լինել. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանը, որը միացել էր բանասիրական ֆակուլտետի կողմից կազմակերպված բողոքի ակցիային:
«Եթե ԿԳՄՍ նախարարությունում այդքան գիտակ են «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների և գտնում են, որ այդ ծրագրերը վատն են, խնդրեմ, թող օգնեն, մենք էլ մշակենք, վերանայենք: Բայց ի՞նչ է նշանակում կպնել ազգի ինքնությունը որոշող առարկաներին»,- ասաց նա:
«Մենք կողմ ենք հզոր պետությանը և դրա համար, իհարկե, պետք է ունենանք տեխնոլոգիաների զարգացում, պետք է ունենանք հզոր արդյունաբերություն, հատկապես՝ զինվորական, ռազմական, սակայն պետությունը կարող է հզոր լինել, բայց ազգն այլևս գոյություն չունենալ» խոսքը շարունակեց Աշոտ Տեր-Մինասյանը:
ԵՊՀ դոցենտը մատնանշեց, որ բանասիրական ֆակուլտետում կան առարկաներ, որոնք, կարելի է ասել, ընդհանրապես չեն դասավանդվում. «Դասախոսները գալիս, ժամանակ են վատնում»:
Yerkir.am-ի հարցին, թե որո՞նք են այդ առարկաները, դոցենտն իր խոսքը փոխանցեց բանասիրական ֆակուլտետի ուսանողներին, որոնք էլ թվարկեցին մակերեսային դասավանդվող՝ այդ առարկաները` էկոլոգիա, կենսաբանություն, մաթեմատիկա, իրավաբանություն և այլն: «Բոլոր այն առարկաները, որոնք անցնում ենք ստուգարքի ձևով, շատ մակերեսային են դասավանդվում, մենք գիտելիք չենք ստանում: Եթե «Հայոց լեզու» առարկան չպետք է դասավանդվի այլ ֆակուլտետներում, ապա մենք էլ նշված առարկաները չենք ուզում»,- իր բողոքը ներկայացրեց ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Լիանա Առաքելյանը:
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ այսօր` նոյեմբերի 6-ին, ժամը 09:30-ից սկսած, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարելու, որով հանդես են գալու ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների դասավանդումը ոչ մասնագիտական բուհական ծրագերում ոչ պարտադիր դարձնելու մասին դրույթի դեմ:
Նարա Մարտիրոսյան