Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սա ուսանողների ինքնաբուխ պահանջն է, նաև՝ մեր, մեզ համար սզբունքային նշանակություն ունի՝ հայոց լեզուն ուսուցանվում է որպես պարտադի՞ր առարկա, թե՞ մենք դա թողնում ենք ֆակուլտետների և բուհերի հայեցողությանը. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ Արշալույս Գալստյանը:
«Այս դեպքում կա լուրջ խնդիր՝ ֆակուլտետներն ունեն մասնագիտական առարկաները առաջ տանելու խնդիր, նրանք շատ հանգիստ, օբյեկտիվ պատճառաբանությամբ մեկ-երկու տարի հետո «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաները փոխարինելու են իրենց մասնագիտական առարկաներով»,- հավելեց նա:
Արշալույս Գալստյանի կարծիքով՝ գուցե մասնագետ պատրաստելու տեսանկյունից սա արդարացված որոշում լինի, սակայն հետագայում, երբ մենք մեր ազգային ինքնությունը, լեզուն պահպանելու խնդիր ունենանք, այս քայլը կործանարար կլինի:
Yerkir.am-ի դիտարկմանը, որ ԿԳՄՍ նախարարն իր ելույթում նշել է, որ դպրոցներում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», և «Հայոց պատմություն» առարկաների բովանդակությունն այնպես է փոխվելու, որ բուհերում կրկնելու անհրաժեշտություն չի լինելու, Արշալույս Գալստյանն արձագանքեց. «Թող հիմիկվանից սկսեն դպրոցներում փոխել: Երբ 10 տարի հետո մենք արդյունքը դրական կտեսնենք, այն ժամանակ կհանենք այդ առարկաների՝ պարտադիր բաղադրիչ լինելը: Կարո՞ղ եք հիմնավորել` ինչո՞ւ ենք դա հիմա հանում, հետո սկսում դպրոցներում բովանդակություն փոխել»:
ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտն անընդունելի է համարում այս նախագիծը: «Մենք դեմ ենք այն պետական քաղաքականությանը, որը դրսևորվում է: Այստեղ նախարարի անձն էական չէ, այստեղ էական է ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ մենք ի՞նչ դիրքորոշում ենք որդեգրում: Եթե այս նախարարը պիտի հրաժարական տա, փոխարենը գա մեկ ուրիշը, որը շարունակի նույն քաղաքական գիծը, ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում: Հարկավոր է, որպեսզի կառավարությունը հստակ հանդես գա. ես վստահ եմ՝ պարոն Փաշինյանը, որն առաջնորդել է հեղափոխական այս նույն զանգվածներին, պիտի ականջալուր լինի, և կարծում եմ՝ ինքն էլ, որպես նախկին համալսարանական և վերջապես՝ կառավարության ղեկավար, շատ հստակ արտահայտի իր դիրքորոշումը, ու խնդիրն այլ հարթության մեջ դրվի, ոչ թե թողնեն՝ ուսանողները դասադուլ անեն. յուրաքանչյուր դասադուլ վնասում է ուսումնական պրոցեսը»,- կարծիք հայտնեց Արշալույս Գալստյանը:
Նա առաջարկեց քննարկել և պահանջել համապատասխան ամբիոններից, բուհերից՝ փոխել իրենց ծրագիրը, որպեսզի այլ մասնագիտություններին ավելի պրակտիկ և օգտակար լինի: «Երբ ֆակուլտետի գիտական խորհրդում ստացանք օրենքի նախագիծը, այն քննարկվել է, ֆակուլտետի գիտխորհրդի անդամները հայտնել են իրենց դիրքորոշումը և գրություն է ուղարկվել համալսարանի ղեկավարությանը, որն էլ, կարծում եմ, ըստ կարգի, ուղարկվել է նախարարություն»,- նշեց ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտը:
Yerkir.am-ի դիտարկմանը, որ հայոց լեզուն այս նախագծով դառնում է պարտադիր քննական առարկա, նա պատասխանեց. «Ի՞նչ ենք փոխում՝ հայոց լեզուն պարտադիր քննական առարկա դարձնելով, նաև՝ այն բուհերի մասնագիտություններով, որով մինչ այս չկար., հիմա պարտադիր քննականը լրացուցիչ աժոտաժ է բերելու, թե՞ դրանով ուսուցանում ենք: Եթե ասում են, որ վեց ամսում կամ մեկ տարում մենք չենք կարող սովորեցնել հայոց լեզու, ապա այդ նույն քննությունն ինչպե՞ս է հանձնելու այդ ուսանողը, ինչո՞ւ եք դնում այդ քննության պահանջը»:
Yerkir.am-ի հարցին՝ Ձեր տեսակետով, «Հայոց լեզուն» պարտադիր քննական առարկա կարող է և չլինե՞լ, բայց բուհերում դասավանդվի, Արշալույս Գալստյանը պատասխանեց. «Դասավանդումը պետք է բովանդակային առումով համապատասխանի նրան, որ ուսանողին կամ այդ նույն դիմորդին տա ինչ-որ բան և ոչ թե պարզապես լինի բաղադրիչ: Ես խնդրի բովանդակային լուծմանն եմ կողմնակից: Թող Արայիկ Հարությունյանն ինքը հանդես գա հայտարարությամբ, ասի՝ օրենքի նախագիծը հետ ենք քաշում, դնում ենք հասարակական նոր քննարկման փուլ, տեսնենք՝ ինչ դիտողություններ, ինչ առաջարկներ են լինում, դրանից հետո նոր գնանք առաջ»:
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ այսօր` նոյեմբերի 6-ին, ժամը 09:30-ից սկսած, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարելու, որով հանդես են գալու ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների դասավանդումը ոչ մասնագիտական բուհական ծրագերում ոչ պարտադիր դարձնելու մասին դրույթի դեմ:
Նարա Մարտիրոսյան