կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-24 18:49
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսենին շատ շուտափույթ բաց կթողնեն. Գալուստ Սահակյան

Ինչպես մյուսներին՝ ձերբակալում են, հետո բաց են թողնում, մի քիչ երկար են պահում, նորից են ձերբակալում՝ Բաբայան Արսենին էլ շատ շուտափույթ բաց կթողնեն. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը:

Կգնա՞ Սերժ Սարգսյանը Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, Սահակյանն ասաց՝ այդ մասին չեն խոսել հետը, բայց կարծում է՝ եթե կանչեն, նրա բնավորությունն այնպիսին է, որ նույնիսկ կարող է և գնալ:

Արդյո՞ք ասելիք ունի, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը ամեն օր է ասում: Այսինքն՝ նա սովորական էն քաղաքական գործիչներից չէ, որ ամեն օր ինչ-որ բան ասի ժողովրդին, նա ինչը որ ասում է՝ վերջնական է ասում և առաջ է տանում: Նա այսօր էլ քաղաքականությամբ զբաղվում է»:

Որտե՞ղ է զբաղվում՝ հարցին ի պատասխան նշեց. «Օրինակ՝ ես ձեզ հետ խոսում եմ հիմա, դա Հանրապետական կուսակցության գաղափարական արժեքների լեզվով եմ խոսում, որի հիմնական ղեկավարը Սերժ Սարգսյանն է»:

Գործադիր մարմնի նիստեր ամեն շաբաթ չէ, որ գումարում են, բայց երբ գումարում են, առանց Սերժ Սարգսյանի հնարավոր չէ: ՀՀԿ ղեկավարի փոփոխության հարցն անցյալ տարվա հայտարարությունից հետո այլևս չի բարձրացվել. «ՀՀԿ-ի ղեկավարի պաշտոնից Սերժ Սարգսյանին ինչո՞ւ փոփոխության ենթարկենք, մի մարդու, որը կյանքը դրել է այս ազգի համար: Ենթադրենք՝ դեմ լինենք, ո՞վ պետք է լինի կուսակցության նախագահը: Նման խնդիր չի եղել, Սերժ Սարգսյանը մշտապես լինելու է Հանրապետական կուսակցության նախագահը»:

Գալուստ Սահակյանը համարում է, որ քննիչ հանձնաժողովը Նիկոլ Փաշինյանին պետք է կանչի և հետևյալ հարցը տա. «Ժամանակին Նիկոլն ասում էր՝ 2016 թվի պատերազմը ստեղծել են ադրբեջանցիներն ու ռուսները, և ամբողջ օրն այդ մասին էր խոսում: «Ռուսաստան» հասկացությունը իր մոտ առաջացնում էր ոչ կայուն իրավիճակ, այսինքն՝ ռուսների հետ հայերը ընդհանրապես պիտի գործ չունենան, իսկ այսօր ռուսները մեծ հիացմունքով ընդունում են Նիկոլին: Քննիչ հանձնաժողովն էդ Նիկոլին պետք է հարցներ՝ ինչու էր ասում, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն են կազմակերպել»:

Նա չբացառեց, որ Քառօրյա պատերազմում որևէ սպա ճիշտ ժամանակին գործած չլինի, բայց բարձրագույն ղեկավարության կողմից նման երևույթներ, ասաց, չկան:

Անդրադառնալով իրենց  թիմից  Փաշինյանի կողմն անցած գործիչների ներկա ճակատագրին՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Ովքեր ժամանակին ծառայում էին Հանրապետականին, նրանց մի մասը հիմա Նիկոլի թիմի անդամներն են: Նրանք, ովքեր չեն կարողացել լիարժեք ծառայել այս իշխանություններին, նրանց մի մասը բանտերում է»:

Հիմնականում գործարար պատգամավորներն աջակցություն հայտնեցին Փաշինյանին: «Ես չգիտեմ՝ հիմա ի՞նչ բիզնես են անում, ո՞ւմ հետ են բիզնես անում, ո՞նց են ծառայում, որտե՞ղ են ծառայում, ընդամենը գիտեմ, որ առաջ մեզ հետ էին և հաղթական խոսում էին, թե մենք ինչքան ուժեղ ենք (բնականաբար, մենք էն մարդիկ չենք, որ մեզ ինչ-որ մեկը ուժեղ համարի), հիմա էլ գնացել՝ Նիկոլին են ասում՝ ամենաուժեղը դու ես»,- ասաց Գալուստ Սահակյանը:

ՀՀԿ խորհրդի անդամը տեղեկացրեց, որ իրենց կուսակցությունը պատրաստվում է առաջիկա ընտրություններին, նաև առաջարկեց, որ դրանք անցկացվեն գարնանը:

Համենայն դեպս, զգուշացրեց. «Մի՛ մտածեք, որ մեր երկրի ճակատագիրը կախված է իշխանություններից, մեր երկրի ճակատագիրը կախված է այն մեծ փիլիսոփայությունից, որը կատարել է Նժդեհը»:

Գալուստ Սահակյանը ժամանակին նաև բանաստեղծություններ է գրել, բայց երբ ցույց է տվել Շիրազին ու Սևակին, չեն խրախուսել գրական ընթացքը, և դադարել է. «Որովհետև ես միջին կամ միջակից բարձր արժեքներով չեմ առաջնորդվում»:

Նա մի պատմություն պատմեց իր՝ սաքսոֆոն նվագելու հմտությունների մասին. երբ հարցրել են՝ հիմա է՞լ եք նվագում, պատասխանել է՝ Էն ժամանակ էլ էի փչում, այսօր էլ եմ փչում:

- Լա՞վ եք կատարում:

- Միջինից բարձր:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: