կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-24 13:56
Աշխարհ

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Սիրիան կթողնեն Ռուսաստանի և Իրանի վերահսկողության տակ. Stratfor

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Սիրիան կթողնեն Ռուսաստանի և Իրանի վերահսկողության տակ. Stratfor

Սիրիական կառավարության դեմ  ուղղված նոր պատժամիջոցներն ավելի շուտ կամրապնդեն Դամասկոսի կախվածությունը ռուսաստանյան և իրանական աջակցությունից և կխանգարեն նրան` ստանալ աջակցություն այնպիսի պոտենցիալ գործընկերներից, ինչպիսիք են Չինաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները. ըստ yerkir.am-ի` կարծիք է հայտնել Stratfor ամերիկյան վերլուծական կենտրոնը:

Հունիսի 17-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել սիրիական իշխանությունների հետ կապ ունեցող 39 անձի նկատմամբ, այդ թվում` երկրի նախագահ Բաշար Ասադի ու նրա կնոջ: Վաշինգտոնը նաև հասկացրել է, որ առջևում նոր սահմանափակումներ կլինեն, որոնք կստիպեն Սիրիայի կառավարությանը` վերադառնալ ՄԱԿ-ի կողմից աջակցություն վայելող խաղաղ բանակցություններին:

Վերլուծական կենտրոնի կարծիքով` ամերիկյան ավելի կոշտ պատժամիջոցների` ուժի մեջ մտնելուց հետո երկրները, որոնք շահագրգռված են օգնություն տրամադրել Սիրիային, դժվար թե հեռանկարային համարեն պատերազմից փլուզված երկրի վերականգնումը: Սիրիական տնտեսությանը, որն առանց այդ էլ տուժել էր 9 տարի տևած քաղաքացիական պատերազմից, կենսական կարևորություն ունեցող  արտաքին առևտրի կորստից` հարևան Լիբանանի տնտեսական վիճակի պատճառով, նաև` կորոնավիրուսի` շատ հավանական տարածումից, մնացել են շատ քիչ հնարավորություններ դուրս գալու ճգնաժամից` առանց մասշտաբային վերակառուցման, որը, ՄԱԿ-ի գնահատականներով, կպահանջի 500 մլրդ դոլարի օտարերկրյա օգնություն: Սակայն Սիրիայի դաշնակիցները` Ռուսաստանը և Իրանը, չեն ցանկանում և չեն կարող այդքան գումար տրամադրել, քանի որ իրենք էլ նեղության մեջ են: Այդ պատճառով Դամասկոսը փնտրում է այլ պոտենցիալ գործընկերներ` ներառյալ ԱՄԷ-ն ու Չինաստանը:

Բայց պատժամիջոցների սահմանումից հետո, ըստ Stratfor-ի, այդ երկրները և նրանց գործարարները դժվար թե ռիսկի դիմեն ու  իրենք էլ հայտնվեն ամերիկյան պատժամիջոցների տակ` հանուն վերակառուցման սիրիական պայմանագրերից ստացվելիք չափավոր տնտեսական շահույթի: Արդյունքում` Մոսկվան և Թեհրանը կմնան Դամասկոսի` միջազգային հանրության հետ կապի հիմնական հաղորդակցուղիները:

Ամերիկացի վերլուծաբանների համաձայն` պատժամիջոցները նաև կվատթարացնեն Սիրիայի` առանց այդ էլ ծանր տնտեսական վիճակը` ապակայունացնելով վիճակը կառավարության լոյալ տարածքներում և ավելի սպառնալով Ասադի իշխանությանը: Իսկ ֆինանսական տապալումը կարող է վնաս հասցնել սիրիական իշխանությունների ռազմական հնարավորություններին` բարենպաստ իրավիճակ ստեղծելով գրոհայինների, այդ թվում` ԻՊ-ի և «Ալ Քաիդա»-ի հետ կապ ունեցողների համար, որոնք հնարավորություն են ունենալու վերախմբավորվելու ու ընդլայնելու իրենց գործունեությունը երկրում: