Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Արմենուհի Կյուրեղյանի ելույթը՝ ԱԺ նիստի ժամանակ
Սիրելի հայրենակիցներ։
Այսօր կառավարությունը, իրենց ղեկավարի բնորոշմամբ և խոստովանությամբ, 1-ին դասարանում 7 տարի մնացած տգետները եկել են ԱԺ՝ հաշվետվություն տալու, թե ի՞նչ են արել 2024թ-ին, ինչպե՞ս են այդ աշխատանքները մոտեցնում մինչև 2026թ-ը կառավարության ծրագրով ՔՊ-ի տված խոստումներին։ Թեև կառավարության անդամներից և ոչ մեկը չհակադարձեց այդ բնորոշմանը, չասաց, որ ինքը առնվազն տգետ չէ, ես, այնուամենայնիվ, համաձայն չեմ այդ բնորոշմանը։ Դեռ ավելին, համոզված եմ, որ նախարարներից շատերը ոչ միայն տգետ չեն, այլև լավ էլ գիտեն, թե ինչ են անում, լավ էլ կատարում են իրենց առջև դրած՝ երկիրը կործանման տանելու ծրագիրն իրականացնելու քայլերը։ Իրենց փոխարեն ես եմ ասում․ ՛՛Իրենք այդքան մեծարգո, մեծարգո, իրենց՝ տգե՞տ։ Պարզապես Փարաքարի ու Գյումրիի ընտրություններից հետո համոզվեցին, որ հանրությունը իրենց նկատմամբ շրիշակից էլ ցածր վստահություն ունի, որ ամենաուշը 2026թ-ին իրենք այլևս իշխանություն չեն լինելու, ինչպես խմած ժամանակ ասած Վիլեն Գաբրիելյանը։ Հայտնի է, չէ՞, ճիշտ խոսքը խմածի լեզվի ծայրին է։ Նրանք շատ լավ հասկանում են, որ հեռու չէ պատասխանատվության պահը: Իհարկե, նախընտրելի է տգետի կարգավիճակը, քան մտածված, ծրագրով երկիրը կործանման տանողի, կապիտուլյանտի, դավաճանի կարգավիճակը։ «Խեղճ հարիֆն ինչ անի»-ն պարզապես փոխվեց «խեղճ տգետն ինչ անի»-ով։ Վաղը փորձելու են սրանով երկիրը նման մարտահրավերների առաջ կանգնեցնելու մեղքը գցել ընտրողների, ՔՊ պատգամավորների վրա։ Դու՛ք եք ընտրել։ Դու՛ք եք հաստատել իրենց ամեն մի որոշում։ Դու՛ք եք կոճակ սեղմելով կանաչ ճանապարհ բացել իրենց գործողությունների համար։ - Չանեի՛ք։ Մենք տգետ էինք, իսկ դու՞ք: Մեղավորը դուք եք, - ասում են նրանք: Եվ սա համարում եք տգիտությու՞ն։ Ես՝ չէ։ Սա առաջիկա պատասխանատվությունից խուսափելու հիմքերի ստեղծում է։ Այժմ կոնկրետ ծրագրային խոստումների ու դրանց կատարման ընթացքի մասին։ Խոսեմ առողջապահության ոլորտից։
2023թ. փետրվարի 2-ին կառավարության կողմից հաստատվել է Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը, համաձայն որի 2025թ-ից բոլոր կենսաթոշակառուները արդեն պետք է օգտվեին առողջության համապարփակ ապահովագրության համակարգից, 1 տարի անց՝ պարտադիր բոլորը: Իսկ ի՞նչ ունենք այսօր՝ -Մեջբերում. այդ համակարգի ներդրման նպատակով «Առողջության համապարփակ ապահովագրության օրենքի, հարակից օրենքների նախագծերի քննարկման աշխատանքներ, և ընդամենը:
Շաքարային դիաբետի կանխարգելման և բուժման ծառայությունների մատուցման բնագավառ. Ի՞նչ ունենք: Այսօր բոլոր մարզերում մանկական էնդոկրինոլոգի հաստիքը պարզապես հանվել է: Մնացել է միայն Գյումրիում 1 մասնագետ: Իսկ մարզերի մինչև 18 տարեկան հիվանդները պետք է ամեն ամիս գան Երևան, Մուրացանի դիսպանսեր, որպեսզի անցնեն համապատասխան բժշկական վերահսկողություն և ստանան 1 ամսվա համար դեղորայքի իրենց չափաբաժինը: Ինչու՞ նման կենտրոնացում, ինչու՞ մեկ ամսվա չափաբաժին: Եվ ընդհանրապես, 1 հիվանդի համար բժիշկ էնդոկրինոլոգը վճարվում է ոչ ավել, ոչ պակաս 160 -220 դրամ: 18-ը լրանալուց հետո արդեն հիվանդներին հանում են այդ դիսպանսերից, ուղարկում իրենց մարզեր, դադարեցնում են այն հսկողությունը, որ պետք է արվեր. հետազոտություն, ստրիպերի տրամադրում, խնդիրներ դեղերի տրամադրման հարցում, իսկ 28 տարեկանից հետո տրամադրում են այն գենսուլինը, որի առաջացրած խնդիրների մասին բժիշկներն ու հիվանդները անընդհատ բարձրաձայնում են, նախորդ անգամ ես խոսել եմ, և ժամանակս չի հերիքի նորից կրկնել: Բա մարդակենտրոն քաղաքականությունը էլ ինչպես է լինում: Բա կանխարգելումն էլ ինչպես է լինում:
Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2021-2026թթ ռազմավարության համաձայն պետք է ապահովվեր ծնելիության կայուն աճ, իսկ իրականում 2024թ-ին ծնվածների թիվը 8072-ով պակաս է 2023թ-ից: Եվ այդ համատեքստում ԱՆ-ը բերում է օրենքի փոփոխություն, համաձայն որի 16 տարին լրացած սահմանադրությամբ դեռ երեխային տրվում է հղիության արհեստական ընդհատման ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք, ինչն իր հերթին կարող է հետագա անպտղության մեծ ռիսկ առաջացնել։ Հրաշալի ծրագիր։ Բա հո ժողովրդագրության աճի հարց չէին լուծելու։ Բա ծնելիության աճին նպաստելը էլ ոնց է լինում:
Գյուղական բնակավայրերի ամբուլատորիաների վերամիավորման անվան տակ ամբուլատորիաների աշխատանքը, ընտանեկան բժշկի կայացած ինստիտուտը քանդելը: Արդյունքում նպաստել, որ գյուղերից մեծանա արտագաղթը։ Օրինակ․ Գեղարքունիքում 15 ամբուլատորիաները միավորում են 4-ում, և այդ 4-ը ընտրվել են ոչ թե բնակիչների քանակով, մատուցվող ծառայությունների որակով, այլ մարզպետի, նախարարի, վարչության պետի գյուղ լինելով։ Խոշորացման հիմնավորման հիմքում դրված հրաշալի սկզբունք:
Դեղերի հասանելիության ապահովման համատեքստում ինչ ունենք. Նախ, օֆերտայի փորձարարական ծրագրի շրջանակներում առողջապահության էլեկտրոնային համակարգին միացած դեղատներին ուղարվկել է փոխհատուցվող դեղերի ցանկ, որոնց գները մեծածախը կտրուկ բարձրացրել է: Ասենք, որևէ դեղի համար ԱՆ-ն փոխհատուցում է 2000 դրամ, բայց դեղատունը այն մեծածախից ձեռք է բերում 3000-ով և արդյունքում անվճար արտոնյալ պայմաններով դեղորայք ստացողները չեն կարողանում դրանից օգտվել, որովհետև դեղատունը չի կարող կիրառել համավճարի կարգ, և չի ուզում 3000-ով ձեռք բերված դեղը տալ հիվանդին, եթե փոխհատուցվելու է ընդամենը 2000-ը: Հաջորդ հիմնախնդիրը ՀՀ-ում գրանցված դեղերի քիչ քանակն է: Տարբեր տվյալներով մոտ 2800-3500, սակայն իրականում առկա է ավելի քիչ քանակություն, որովհետև շատ դեղեր այլևս չեն ներկրվում: Իսկ միջազգային չափանիշներով մեր երկրի բնակչության համար առձնվազն 7000- 8000 անուն դեղ պետք է գրանցված լինի: Մեկ այլ իրավիճակ. Օնկոլոգիայի ոլորտում մեծ կիրառություն ունեցող հերցեպտինը պետությունը գնում է կոնկրետ կազմակերպությունից 340.000 դրամով, սակայն գնված քանակը չի բավարարում և հիվանդները ձեռք են բերում դեղը Մոսկվայից 160-170000 դրամով: Հարց է առաջանում, ի՞նչ գնային քաղաքականություն է վարում ԱՆ-ն, եթե գների նման տարբերություն կա: Ճիշտ աշխատանքի դեպքում ավելի մեծ քանակ կգնվեր և հետևաբար հիվանդի կողմից դրսից այն առնելու կարիք չէր լինի: Այժմ Կրթության ոլորտ
Երկար չարչրկված ակադեմիական քաղաք Տ-ն նախարար, ձեր խոստումներում դուք գրել եք - Ստեղծված է ակադեմիական քաղաք մինչև 2030թ. Եվ իմ այն հարցին, թե արդյոք 2030թ-ին մենք կունենանք ակադեմիական քաղաք, դուք պատասխանեցիք, թե ստեղծված է բառի ստուգաբանությունը լավ չենք հասկացել և պետք է այն ճշտել: Ես փորձեցի ճշտել, և մասնագետների կողմից ստացա հետևյալ կոնկրետացումը. Այն նշանակում է կատարված, ավարտված գործողություն: Իսկ դուք ի՞նչ ճշտեցիք: Թե՞ նորաձև կրթության համատեքստում այլ ստուգաբանություն կա: Հիմա էլ շրջանառության մեջ եք դրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծ, որով բուհի լիցենզավորման անհրաժեշտ պայման սահմանում եք բուհում ուսանողների սահմանային տեղը, որը չի կարող պակաս լինել 4000-ից, սահմանում եք, որ բուհի ենթակառուցվածքները պետք է համապատասխանեն այդ սահմանային տեղին: Եվ հետո ավելացնում եք. Բուհին տրված լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե՝ 3 տարի անընդմեջ համալրվում է լիցենզիայով տրամադրված ուսանողների սահմանային տեղերի 50 տոկոսից պակասը: Այսինքն, որպեսզի բուհը գործունեություն ծավալելու լիցենզիա ունենա, պետք է ապահովի 4000-ի համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, բայց կարող է ունենալ 2001 ուսանող: Ինչի՞ հաշվին է անելու բուհը այդ ծախսերը, իհարկե ուսանողի վարձավճարի բարձրացման, դասախոսի աշխատավարձի եթե ոչ իջեցման, ապա առնվազն չբարձրացման հաշվին: Ո՞րն է այս պահանջի տրամաբանությունը: Չէ՞ որ սրա արդյունքում շատ բուհեր կփակվեն, իսկ մարզերում՝ բոլորը, ամենաուշը օրենքն ընդունելուց 3 տարի հետո: Իսկ ձեր խոստացած ակադեմիական քաղաքը լավագույն դեպքում կունենանք 30 տարի հետո, ինչպես հավաստել են ձեր իսկ նշած գերմանացի գործընկեր ներկայացուցիչները: Առաջ սարքեք, նոր քանդեք: Դուք անում եք հակառակը և դա անվանում կրթության համակարգի բարեփոխու՞մ: 300 դպրոց, 500 մանկապարտեզ։ Դուք կարդացել ե՞ք այս հարցով ինչ կա 2024թ. կատարողական զեկույցում:
Մեջբերում. – Հաստատվել է 300 դպրոցի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը: 2021- 2024թթ շահագործման է հանձնվել 40 դպրոց: Իմ ուղղակի հարցմանը ստացել եմ պատասխան, որ 2025թ-ին կկառուցվի ևս 65 դպրոց: Այսինքն, եթե նույնիսկ դա ճիշտ լինի, ապա 40+65-ը շատ հեռու է 300-ից: Հերիք է վարչապետով, պատգամավորներով խոսեք 300 դպրոցի մասին, դա ընդամենը ցանկ է փաստորեն:
Նույն իրավիճակն է նաև 500 մանկապարտեզների ծրագրում: Հա, մի բան էլ: Տ-ն Տիգրանյանը, երբ փորձեց ինձ հակադարձել այս հարցում, ասաց, որ իրենց գյուղում մանկապարտեզ են կառուցել, փաստորեն ոչ միայն ցանկով նախատեսված բոլոր գյուղերին չեք անդրադառնում, այլ նաև ընտրված գյուղերն էլ ուղղակիորեն ձեր գյուղերն են: Հրաշալի մոտեցում: Եվ վերջում մեջբերում Սողոման Թեհլերյանից. Երբ վածկոտներն են դառնում հերոսներ, իսկ հերոսնեչը մոռացվում են, այդ ժամանակ աշխարհում տիրում է անբարոյականությունը: Մի հերոսացրեք նրան, ով անգամ չգիտի, թե ինչ է հայրենիքը: