Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առյուծի դարպասը իր անունը ստացել է պարսպի մոտ եղած առյուծի խորաքանդակից (Ասում են, որ մի ժամանակ շատրվան է հոսել նրա բերանից)։
Առյուծի դարպասը երևի Անի մտնելու հիմնական մուտքն է եղել։ Այդտեղից քաղաքի կենտրոնի միջով դեպի միջնաբերդ մի փողոց է անցել։ Դարպասը պաշտպանված է եղել զույգ աշտարակներով. աջ կողմի աշտարակը մեծապես վնասված է, բայց ձախ կողմի աշտարակը պահպանվել է գրեթե իր բնօրինակ բաձրությամբ։
Առյուծի դարպասը և աշտարակների ու պարիսպների մի լայն հատված մեծ վնաս են կրել Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից 1996-97 թթ․ կազմակերված զարհուրելի և ոչ պրոֆեսիոնալ վերանորոգման աշխատանքների ժամանակ։
Կարսի դարպասի պարիսպները
Կարսի դարպասի երկու կողմերում եղած աշտարակները պարիսպներից մնացած ամենալայն ու բարձր աշտարակներն են. դրանց մեջ եղած սենյակներն առանձնապես բարդ կառուցվածք են ունեցել, իսկ ամրացված դարպասն էլ գրեթե ամրոց է եղել։
Աշտարակների միջև և մուտքի ճանապարհի վրայով ձգվող կամարը թույլ է տվել քաղաքի պաշտպաններին կրակ բացել ուղիղ ներքև՝ դեպի թշնամին, որը փորձել է ջարդել և բացել քաղաքի դռները։
Կարսի դարպասի շուրջ ձգվել են հզոր ու տպավորիչ պարիսպները։ Այդ կետից քաղաքի վրա հարձակվողներն սկսել են թեքվել դեպի հարավ՝ սարահարթի երկայնքով, իսկ քաղաքի պաշտպանները պետք է որ հաշվի առած լինեն, որ Անին առավել խոցելի է այդ հատվածից։ Այդտեղ արտաքին պարիսպները գրեթե ներքին պարիսպների չափ ամուր են եղել։ Դրանք ունեցել են հսկայական աշտարակ, որը հոյակապ զարդարված է բազմերանգ քանդակներով։ Այս դեկորատիվ հավելումները (ինչպես, օրինակ, նշանավոր խաչը, որը քանդակվել է սև քարից) ցույց են տալիս, որ պարիսպները նախագծված են եղել ինչպես պաշտպանության, այնպես էլ գեղեցիկ տեսքի համար։
Այդ հատվածի շուրջ պարիսպները շատ կտրատված են, մինչև որ հասնում են պալատի ավերակներին (որի պարիսպները կազմել են քաղաքի պարիսպների մի մասը)։
Այդ պալատի պարիսպներից ավելի քիչ բան է մնացել, բայց դրանք բավարար են ցույց տալու համար, որ հավանաբար միացված են եղել միջնաբերդի պարսպին։
Շախմատային դարպասի պարիսպները. այլ անվանմամբ՝ Դվինի դարպասը
Այդ դարպասը ռուս հետզոտողներին հայտնի է եղել որպես «շախմատի տախտակի ձև ունեցող դարպաս»՝ մուտքի մոտ սև և կարմիր քարերի քառակուսիներով ձևավորված արտաքին տեսքի համար։
Արտաքին ձևավորմամբ դարպասը հավանաբար 10-րդ դարին է պատկանում, բայց աշտարակները նորացվել են Շադդադյանների կառավարման ժամանակ ( 1164-99):
Շախմատային դարպասի արևելյան մասում պարիսպն սկսվում է թեքվել դեպի հարավ-արևելք։ Այդ շրջադարձային վայրում եղել են փոքր ուղղանկյուն աշտարակներ՝ ի տարբերություն այլ խանդակներում օգտագործված կիսաշրջանաձև աշտարակների։
Այդտեղից սկսած՝ պարիսպը վերածվում է պաշտպանական կառույցների մի ամբողջ շարքի։ Այն տպավորիչ է իր գեղեցիկ և չափազանց լավ պահպանված աշտարակներով։
Այդ աշտարակներից հետո պարիսպներն անհետանում են՝ բացառությամբ Տիգրան Հոնենց եկեղեցու մոտ և Ախուրյան գետին նայող հատվածի։
Այդ վերջին հատվածից հետո պահպանվել են պարսպի միայն առանձին բեկորներ։ Օրինակ՝ Ծաղկոցաձորի հովտին նայող պարիսպը, որը, հավանաբար, կցված է եղել միջնաբերդի պարիսպներին։
Անգլերենից թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net