կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-05 19:30
Հասարակություն

ՈՒՂԻՂ. «Հաղթանակի ապրիլ» ֆիլմում ներկայացվում են 2016 թ. Ապրիլյան քառօրյայի իրադարձությունները

«Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմը «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը նկարահանել է 4,5-5 ամսում, ներկայացնելով 2016 թ. Ապրիլյան քառօրյայի իրադարձությունները:

Ֆիլմի ստեղծման դրդապատճառների մասին խոսելիս՝ «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանը պատասխանել է. «Արդեն 4 տարի է՝ շահարկվում է այս թեման, այնքան շահարկվեց, որ հասավ Ազգային ժողով, և ԱԺ պատգամավորներն իրենց կարողացան թույլ տալ կանգնել և ասել` մենք Ապրիլյան պատերազմը պարտվել ենք։ Այս ամենի արդյունքում էր, որ իմ մոտ միտք հղացավ՝ միուգե այս թեմային անդրադառնանք, հասկանանք՝ դա պարտությո՞ւն էր, թե՝ հաղթանակ, ի՞նչ էր, վերջապես։ Նաև հաշվի առնելով, որ մենք մեր եթերում անցած տարվանից ունենք «Ե՞ս, թե՞ հայրենիքս» ֆիլմաշարը, որոնք ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված տղաների մասին վավերագրական ֆիլմեր են, հաշվի առնելով, թե ինչպիսի հետաքրքրությամբ էին մարդիկ նայում և ինչպիսի արձագանքներ ունեինք, մտածեցինք, որ կարելի է ֆիլմ նկարել ապրիլյան պատերազմի մասին»։

Հարություն Հարությունյանը վստահեցրել է նաև, որ ֆիլմում տրված են Ապրիլյան պատերազմի հետ կապված բազմաթիվ հարցերի պատասխանները. «Ապրիլյան պատերազմի մասին ինչեր ասես, որ չհորինեցին, ասում էին՝ պայմանավորված էր, որ ռուսներն էին կազմակերպել, տանկերի մեջ սալյարկա չկար, ջուր էր լցված։ Սուտը հեշտ է մարսվում, բայց ոչ մեկի մտքով չէր անցնում, որ տանկի ողջ համակարգը պետք է փոխվի, եթե սալյարկայի փոխարեն ջուր լինի։ Այս ամբողջի պատասխանը և ավելին կա ֆիլմում»։

«Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի կրկնությունը «5-րդ ալիքի» եթերում այսօր է՝ ապրիլի 5-ին, ժամը 19:30: Նույն ժամին՝ զուգահեռ, Youtube-ում  ֆիլմի համացանցային պրեմիերան է: